Loading

Քսան տարվա ուսուցչությունից մինչև ավագանի. Նարինե Գրիգորյան Խոշորացված Եղեգնաձորում երեք կին թեկնածուներից ընտրվեցին երկուսը. մեկը Նարինեն էր

Նարինե Գրիգորյանն իր հայրենի Եղեգնաձորի թիվ 1 միջնակարգ դպրոցում հայտնվեց մանկավարժական համալսարանն ավարտելուց հետո: Ընկեր Գրիգորյանը մինչ օրս դպրոցում պատմություն և հասարակագիտություն է դասավանդում:

Ուսուցչությանը զուգահեռ` 2003 թ.-ին Նարինեն ստեղծեց բնապահպանական «Ջինջ Արփա» ՀԿ –ն, դարձավ իր աշակերտների համախոհն ու ընկերը, դպրոցականներին ներառելով համայնքային, բնապահպանական խնդիրների լուծման գործում:
«Հասարակագիտություն առարկայի դասերին աշակերտների հետ հաճախ էինք քննարկում, բանավիճում քաղաքացու կոչման, քաղաքացիության հարցերի շուրջ: Թեմաներ, որոնք սկզբնական շրջանում նրանց կողմից դժվար էր ընկալվում, ուստի որոշեցի իմ օրինակով ցույց տալ նրանց, թե, իրականում, ինչպիսին է ակտիվ քաղաքացին: Համայնքապետարանի հետ համագործակցելով` մաքրեցինք երկու մեծ աղբավայր, դպրոցի կողքով անցնող գետը, որ վերածվել էր աղբանոցի: Փոքր քայլերով փորձում էինք համայնքում ձևավորել մաքուր կենցաղավարության մշակույթը»,- պատմում է Նարինեն:
«Այնուհետև դպրոցում հիմնեցինք թղթի վերամշակման արտադրամաս, որտեղ վերամշակվում էին աշակերտների տետրերը, պաստառների համար թուղթ էինք արտադրում: Այդպես սկսվեց իմ հասարակական աշխատանքը»:
«Այս ընթացքում համակարգում և ղեկավարում էի կրթական մի շարք ծրագրեր: Բնակչության պասիվությունը համայնքային աշխատանքներին մտահոգիչ էր, ուստի որոշեցինք «Բարի գործեր» նախաձեռնության միջոցով համախմբել նրանց: Արդյունքում կարողացանք 1,5 միլիոն դրամի չափով ներդրում անել համայնքում, հիմնեցինք մանկական նոր խաղահրապարակ: Այսօր մեր նպատակը բնակիչներին համայնքային ծրագրերի իրագործման ակտիվ մասնակից դարձնելն է»,- պատմում է Նարինեն:

Նրա ակտիվությունն առաջինը նկատեց ու գնահատեց մեկ այլ ակտիվ կին՝ «Եղեգնաձորի կանանց ռեսուրս կենտրոնի» գործադի տնօրեն Կարինե Մովսիսյանը: Զարմանալի չէր, որ նրանց ուղիները մի օր խաչվելու էին:

Ոգևորված «Գորիսի Կանանց ռեսուրս կենտրոնի» ակտիվ գործունեությամբ` Նարինեն և Կարինեն «Վիննեթ-Հայաստան» կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի շրջանակներում համատեղ հիմնեցին «Եղեգնաձորի կանանց ռեսուրս կենտրոնը», որի նպատակը կրթության և օժանդակության միջոցով կանանց կարողությունների զորացումն ու աջակցությունն է:

Կարինե Մովսիսյանը, Մելինե Մարգարյանը և Նարինե Գրիգորյանը շնորհալի դպրոցականների ձեռքերով պատրաստված խաղալիքներ էին նվիրել քաղաքի մանկապարտեզներին: Ամանորյա այս գեղեցիկ նախաձեռնությունն ավագանու և քաղաքացիական հասարակության միջև գործընկերային հարաբերությունների կայացման օրինակներից մեկն է միայն:

Հասարակական գործունեության ընդյալնումը Նարինեի համար քաղաքական-հասարակական գործունեությամբ լրջորեն զբաղվելու, քաղաքի զարգացման, խնդիրների լուծման, որոշումների կայացման գործում իր մասնակցությունն ունենալու և հմտությունների ներդրման հիանալի հարթակ էր:

Կանանց դերի ու որոշումների կայացման գործընթացում նրանց մասնակցության կարևորության մասին Կարինե Մովսիսյանի հորդորներն ու խորհուրդներն անտեղի չանցան. Նարինեն որոշեց 2016 թվականի ՏԻՄ ընտրություններում առաջադրվել ավագանու անդամի թեկնածու:

Նարինե Գրիգորյանի համար 23 տարվա մանկավարժական փորձը դարձավ յուրօրինակ նախընտրական շրջան, հանրության հետ մշտական շփումն ու բազմաբնույթ ծրագրերի իրագործումը, նախկին ավանագու կին անդամների գործունեությունն ու քաղաքականության մեջ կնոջ մասնակցության հանդեպ կարծրատիպերի վերացումը վստահություն էին ներշնչել նրան: Նախընտրական շրջանում բակային հանդիպումների փոխարեն Նարինեն գերադասեց իր ընտրողների հետ սոցցանցերի միջոցով շփվել: Մինչ այդ նա արդեն լայն ճանաչում ուներ Եղեգնաձորում. երեք կին թեկնածուներից ընտրվեցին երկուսը. մեկը Նարինեն էր:

«Համայնքում ավագանու կին անդամի ներկայությունն անհրաժեշտություն է, քանի որ կանայք այլընտրանքային մտածողություն ունեն»:

Համայնքների խոշորացման արդյունքում Եղեգնաձոր քաղաքը համարվեց առանձին միավոր: Ընկեր Գրիգորյանի շնորհիվ համայնքապետարանի և երիտասարդների կապն ավելի սերտացավ, նրանք արդեն ավելի հաճախ են ներգրավվում կամավոր աշխատանքներում, ակտիվ մասնակցում քաղաքային միջոցառումներին, երբեմն` անգամ Եղեգնաձորի ավագանու նիստերին: «Բյուջե բոլորի համար» ծրագրի շրջանակներում խոշորացված համայնքերում «Եղեգնաձորի կանանց ռեսուրս կենտրոնի» իրականացրած հարցումները նպաստեցին համայնքների առաջընթացն ու զարգացումը խթանող նախաձեռնությունների ծրագրմանն ու կենսագործմանը:

Նարինե Գրիգորյանի համոզմամբ` համայնքների խոշորացման գործընթացից հետո փոքր համայնքերի զարգացումը կախված է արդյունավետ կառավարումից.
«Կարևորն այն է, թե համայնքապետը որքանով է շահագրգռված փոքր համայնքի զարգացմամբ: Եթե նա կենտրոնացավ միայն խոշոր բնակավայրերի վրա, բնականաբար, փոքրերը կտուժեն, գյուղերը կդատարկվեն: Հարկավոր է կանխել այս ընթացքը, Եղեգնաձորից հեռացած երիտասարդներին շահագրգռել վերադառնալ հայերնի օջախ: Վերջերս ինձ մի աղջիկ էր զանգել, ծնունդով Վայոց ձորից էր, ցանկություն հայտնեց վերադառնալ Եղեգնաձոր և համագործակցել մեզ հետ, առաջարկում էր ստեղծել աղբի վերամշակման մի փոքրիկ կենտրոն: Բավական երիտասարդներ արդեն մտածում են Եղեգնաձոր վերադառնալու մասին»,- ասում է Նարինեն:
Որպես ավագանու անդամ` Նարինե Գրիգորյանը Եղեգնաձորի զարգացման վերաբերյալ բազմաթիվ առաջարկություններ ունի:
Համայնքապետի հետ քննարկում են քաղաքի արտաքին ձևավորման, զբոսայգիների կանաչապատման, աղբահանության կանոնավոր իրականացման և բազմաթիվ այլ հարցեր:
Այս առաջարկներն իրականություն են դառնում նաև դպրոցականների մասնակցությամբ, քանի որ Նարինե Գրիգորյանը նաև «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության մարզային համակարգող է:
Նարինեին, այնուհանդերձ, մտահոգում է հասարակական-քաղաքական գործունեության մեջ կանանց քիչ ներգրավվածությունը: Կցանկանար, որ նրանց թիվն ավելանար` շատ պարզ պատճառով.
«Կանանց ներգարվավծությունը հանրային կյանքում շատ կարևոր է: Այն, ինչ նկատում են կանայք, տղամարդիկ կարող են չնկատել: Ի տարբերություն տղամարդկանց, կանայք աշխատանքի են գնում ոտքով, ուստի ճանապարհին կարող են շատ բան նկատել: Նրանք կարողանում են խորքային լուծումներ առաջարկել, բացի դա` կանայք զերծ են կոռուպցիոն ռիսկերից: Ցավոք, կանանց թիվն ավանգանու շարքերում փոքր է. խոշորացված համայնքերում նրանք գրեթե չընտրվեցին, քանի որ ճանաչման խնդիր կար, մինչդեռ այդ խնդիրը կարելի է լուծել, նրանց մասին կարելի է տեղեկացնել իրենց ակտիվության, կոոպերատիվներում արդյունավետ գործունեության մասին բարձրաձայնելով, օգնելով, որպեսզի նրանք դառնան ճանաչելի»,- համոզված է Նարինե Գրիգորյանը:

Անուշ Ներսիսյան

Created By
WomenNet am
Appreciate

Report Abuse

If you feel that this video content violates the Adobe Terms of Use, you may report this content by filling out this quick form.

To report a copyright violation, please follow the DMCA section in the Terms of Use.