Loading

Անսովոր սովորական. տարբեր ընտանիքների նման պատմություններ Հեղինակներ՝ Անահիտ Հայրապետյան/4plus, Նելլի Շիշմանյան/4Plus, հետազոտող՝ Թամունա Ներգի/Բաթումելեբի

Վարդենիկ, Հայաստան

Որքան սովորական են կանանց՝ իրենց կամքին հակառակ ամուսնության պատմությունները, նույնքան անսովոր են տղամարդկանցը, մինչդեռ քիչ չեն տղամարդիկ, որոնք ամուսնացել են իրենց կամքին հակառակ։

Վարդենիկից դեպի Վերին Գյուղ ընդամենը 7 կմ է։ Սարի ճանապարհն ամեն մեքենա չի հաղթահարում։ Քսան րոպե մեքենայով սարն ի վեր բարձրանալուց հետո հեռվից նշմարում են մի քանի հին քարաշեն տներ, որ մնացել են Վերին գյուղից, ու անիվների վրա դրված մի քանի վագոն տնակ։ Այդ տներում ու վագոն տնակներում են տարվա 4-5 ամիսն անցկացնում սարվոր ընտանիքները։ Տնակներում առաջին անհրաժեշտության, պարզ, հին, կահույք է՝ սեղան, աթոռ, մահճակալ, գազօջախ։

Վարդենիկից դեպի Վերին Գյուղ տանող սարի ճանապարհը

- Ներկայանամ՝ ով եմ ես,- ասում է սրամիտ Վահանը,- ծնվել եմ 1963թ, Վարդենիկ գյուղում, բանվորի ընտանիքում։ Լա՞վ ա։

Վահանը պատմում է, որ բանակից վերադարձել էր, 20 տարեկան էր, սակայն ամուսնանալ չէր ուզում, բայց իր համար հարսնացու էին ընտրել ու ստիպում էին ամուսնանալ։

- Ծեծելով պսակեցին ինձ,- հիշում է նա։

Երբ գնում են այդ աղջկա տուն՝ ձեռքը խնդրելու Վահանի համար, նրա ընտանիքը մերժում է։ Վահանը «թասիբի» է ընկնում ու որոշում փախցնել իր ապագա կնոջը։ Առավոտյան կնոջը՝ Արեգնազին, տեսնում է ոչխարակիթի գնալու ճանապարհին, մեքենան կանգնեցնեւմ ու ասում՝ «նստի՛ մեքենան»։

- Սար ու դաշտի մեջ, ծառ ու ծաղկունքի մեջ, անասունների հետ էլ ապրում ենք,- ասում է Արեգնազը՝ դիմավորելով հյուրերին։

Երգելով, կատակներ անելով ապրում են միասին արդեն երկար տարիներ Վահանն ու Արեգնազը։ Նրանք չորս երեխա ունեն, տասներեք թոռ։ Վահանն ասում է, որ հատկապես ուրախանում էր, երբ աղջիկ թոռ էր ծնվում։

Սարի անարատ մածունը, սերուցքը, մեղրը

Վարդենիկը բնակիչների թվով ամենամեծ գյուղն է Հայաստանում։ Գյուղում մոտ 1500 ընտանիք է ապրում։ Գարնան վերջին չորս-հինգ ամսով գյուղացիների մի մասն իրենց անասունները տանում են սար՝ Վերին Գյուղ (նախկինում՝ Գյոզալդարա)։ Վահան ու Արեգնազ Օհանյանները, աշխատում են իրենց համագյուղացի Միշա Պետրոսյանի մոտ՝ նրանց հետ միասին անասուն են պահում, արածեցնում են կովերին, առավոտյան ու երեկոյան ժամերին կթում, կաթը քամում, տեղավորում։ Արեգնազն ու Գոհարը՝ Միշայի կինը, թե՛ առավոտյան, թե՛ երեկոյան 24 կով են կթում, տղամարդիկ մնացած կովերը կթում են սարքի միջոցով։

Սարից վերադառնալով՝ Վարդենիկի փողոցներից մեկում հանդիպում է 72-ամյա Իշխան Սնդոյանը։

72-ամյա Իշխան Սնդոյանը իր կնոջ՝ Սիրանույշի հետ

- Ինը երեխա կար մեր ընտանիքում, մի տան մեջ տասնութ շունչ էինք,- պատմում է Իշխանը։ Երեք տարի ծառայեցի բանակում, վերադարձա։ Աշխատում էի շախտայում, օրերից մի օր եկա գործից, մերս ասեց՝ գնա օղի բեր, մեկ էլ հորեղբայրս եկավ, ասեց՝ էսօր գնում ենք քեզ նշանդրեք։ Պապս ա հավանել Սիրանույշին, ես չէի տեսել, իսկ մերս չէր էլ ասել, որ նշանվելու եմ։ Գնացինք, նշանվեցինք, երկու ամիս անցավ, ամուսնացանք։

Արդեն տանը՝ կինը՝ Սիրանույշը, շարունակում է պատմությունը․

- Ամուսնացանք իրար հետ։ Իմ հերն ըսավ՝ ոնց կուզեք, էնպես։ Սկեսրայրս ըսավ՝ տանենք մեր տուն, մե քանի օրից մե խնջույք կանենք, պրծավ, գնաց։ Իմ սկեսրայրն էլ չսիրեր, էլի, հարսնիք։ Էն ժամանակ իրավունք չկար աղջիկներին, որ հարցնեն ուզում ենք, չենք ուզում, ծնողի կամքով պիտի էղնիր։ Ես տասնութը տարեկան էի, ամուսնացա, առաջին հարսն էի, եկա ամբողջ ծանրությունն իմ վրեն մնաց։ Բոլորին կսպասարկեի։ Ունեցել եմ չորս երեխա, երկու աղջիկ, երկու տղա։ Աղջիկներս դպրոցն ավարտեցին, ամուսնացան, տասնյոթ տարեկան հասակում ամուսնացան, չհասցրին սովորել։

- Հիմա ավելի լավ ա, քան էն ժամանակ,- անընդհատ կրկնում է Սիրանույշը։ - Բայց էն ժամանակ էդքան ամուսնալուծություն չկար։ Հիմա իրար ուզելով ամուսնանում են, բայց շարունակվում են ամուսնալուծությունները։

Ելենա Թորոյանը երկու երեխաների մայր է։ Վերջին լուսանկարում այն սենյակն է, որտեղ տոնել են Ելենայի հարսանիքը։

Պատմությունները հաջորդում են իրար, անցյալից ու ներկայից՝ այնքան նման, բայց այնքան տարբեր պատմությունները։

Ելենա Թորոյանը ամուսնացել է 21 տարեկանում։

Ելենայի սկեսուրը՝ Շահինյան Հասմիկը, 69 տարեկան, ծնողների համաձայնությամբ ամուսնացել է տասնվեց տարեկանում, ամուսինը իրենից 10 տարով մեծ է, ամուսնանալիս 26 տարեկան էր։ «Ինձ մատղաշ էրեխու նման պահել են»։ 3 երեխա ունի, ապրում է Վարդենիկում որդու, հարսի ու երկու թոռների հետ։ Զբաղվում է է հողագործությամբ։

- Եկել են տուն, տանն ենք ծանոթացել ամուսնուս հետ։ Ավարտելուց հետո չեմ աշխատել ցավոք սրտի, ունեմ երկու տղա։ Արսենը երրորդ դասարանում է, Րաֆֆին հինգ տարեկան է։ Մանկությունս անցել է Ուկրաինայում ու Վարդենիկում։

Ելենան երեխաների հետ վերադարձել է Վարդենիկ, որոշել էլի վերաբնակվել Վարդենիկում։

- Ամուսինս մեծ է ինձնից 13 տարի, ինքն էլ որոշում է հիմնականում, եթե որոշեց, որ պիտի Պերմում ապրի, ուրեմն պիտի Պերմում ապրենք, որոշեց՝ հետ ա գալիս Հայաստան, հետ ենք գալիս։ Թեթեւ հարցերում կարող եմ ինչ-որ բան ասել, ասի լավ։ Բայց հիմնականում հայ ավանդապաշտ տղամարդ է։

Սահակյան Անին, 28 տարեկան, ամուսնացել է 21 տարեկանում։ Անին երկու տղաների մայր է, բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում։ Անին ավարտել է Երեւանի Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը։ «Կինը եւ տղամարդը պետք է լինեն հավասար։ Հատկապես գյուղերում այդպես չէ։ Միգուցե ինչ-որ բան է փոխվել, ես երկար ժամանակ է գյուղում չեմ եղել»,- ասում է Անին։

Թագո, Վրաստան

Կանայք պնդում են՝ վաղաժամ ամուսնություններն ու բռնությունները ընտանիքներում՝ անցյալի խնդիրներ են, բայց 15, 17 տարեկանում ամուսնացող աղջիկները բացառություն չեն։

Բաթումիից Խուլո մեքենայի երկու ժամվա ճանապարհ է։ Խուլոն փոքրիկ ավան է։ Խուլոյից Թագո կարելի է հասնել ճոպանուղով։ Ճոպանուղին կառուցվել է Խորհրդային Միության ժամանակ, այն 1719 մետր երկարություն ունի։ Թագո գյուղում բնակվում է 64 ընտանիք։ Գյուղացիներն ասում են՝ եթե ճոպանուղին չլիներ, գյուղում քսան ընտանիք էլ չէր բնակվի։ Եթե ամենագնաց մեքենայով գյուղ հասնելը տեւում է 20-25 րոպե, ճոպանուղին ժամանակաը կրճատում է մմինչեւ 8 րոպե։ Ճոպանուղին կենսական նշանակություն ունի գյուղի համար․թե մանկապարտեզի, թե արտադպրոցական խմբակների համար երեխաները երեխաները պետք է Թագոյից հասնեն Խուլո։

Թագո գնացող ճոպանուղին
Փայտե տնակ Խուլոյում

Խուլոն բարձր սարերի ու անտառների մեջ թաղված գյուղ է՝ միանման, փայտե՝ իրարից հեռու շարված տներով։ Օրվա բոլոր ժամերին գյուղամիջում մարդ գրեթե չկա։ Բոլորը տնային գործերով են զբաղված, տղամարդիկ դաշտ ու արոտավայրում են, կամ էլ՝ մեկնել են արտագնա աշխատանքի։ Ընտանեկան հոգսը հիմնականում կանանց ուսերին է, նրանք խնամում են երեխաներին, մշակում են այգիները, պատասխանատու են տան կենցաղի համար։

Նիհար, շարժուն ու ժպտերես աղջիկ է տասնվեցամյա Մարիկա Դավլադձեն։ Ամռան ամիսներին գյուղ ժամանած բարեկամների թոռների հետ կարտոֆիլ էին ուտում բակում։ Նա նշանվել է 14 տարեկանում, ամուսնացել՝ 15-ում։ Այժմ հղի է առաջնեկով։ Չի բողոքում գյուղի կյանքից։

Տասնվեցամյա Մարիկա Դավլադձեն սպասում է իր առաջնեկին

- Ես ուզում էի սովորել, բայց հիմա հղի եմ ու չեմ կարող։ Հուսամ՝ հետո կսովորեմ խոհարարություն կամ մի այլ բան։ Մենք իրար սիրում ենք երեք տարի։ Հիմա արդեն տասնինը ամիս է, ինչ ամուսնացած ենք, - պատմում է Մարիկան։ Ամուսինս տասնվեց քույր-եղբայր ունի, մենք հիմա ապրում ենք նրանցից չորսի հետ։

Մարիկան իր բարեկամների հետ։

Մզիսադար Ցեցխծադձեն սուրճ է պատրաստում հարեւանների համար։ Առավոտյան սուրճ խմելն ու տարբեր հարցեր քննարկելը նրանց առօրյայի կարեւոր մաս է կազմում։ Կանայք հավաքվում են ու սկսում խոսել իրենց ընտանիքներից, գյուղի նորություններից, գործերից ու այլ բաներից։ Մզիսադար Ցեցխծադձեն երեք երեխա ունի՝ երկու աղջիկ ու մի տղա։ Աղջիկները օգնում են մորը կենցաղում։

Մզիսադարն իր հարեւանուհիների հետ սրճելիս։ 35-ամյա Մզիսարան ամուսնացել է 17 տարեկան հասակում։

Սուրճից հետո ամեն մեկն անցնում է իր գործերին։ Հիմնականում շատ երիտասարդ ամուսնացած կանայք միաձայն պնդում էին, որ նույնը չեն ցանկանա իրենց աղջիկներին։ Նրանցից շատերի աղջիկները գյուղում չեն, մեկնել են սովորելու։

Սուրճից հետո ամեն մեկն անցնում է իր գործերին։ Լուսանկարում Բուլբուլի Ցեցխլաձեն է։

Սուրճի մասնակից երիտասարդ կանանցից մեկը Թամիլա Կարցիլադձեն է։ Թամիլայի ամուսինը սովորաբար արտագնա աշխատանքի է մեկնում Թուրքիա։ Թամիլան երեխաների հետ մնում է Թագոյում։ Նա ամուսնացել է տասնյոթ տարեկանում, այժմ երկու երեխաների մայր է։

- Ձմեռը շատ ծանր է Թագոյում, եթե եղանակը լավը չէ ու ճոպանուղին չի աշխատում, մեքենայով չես հասնի Խուլո,- ասում է Թամիլան։ Մինչեւ իմ տղան մեծանա, Թագոյում դպրոց էլ չի լինի։ Կարծում եմ այն փակվելու է։

Խուլոյի ամենատարեց բնակչուհին՝ 100-ամյա Շադիե Ցեխլադձեն։

Նախագիծն իրականացրել են 4Plus-ը եւ Բաթումալեբեն

Նախագիծն իրականացվել է Մուլտիմեդիա Կրթական Կենտրոնի ֆինանսական աջակցությամբ։ Նախագիծը չի արտահայտում դոնոր կազմակերպության տեսակետը։