Loading

Մերի Ջանոյան. Իր խղճի գերին և իր ժամանակի տիրակալը Ինձ հետ առաջադրվել էին երկու այլ կանայք, ովքեր, ավաղ չընտրվեցին: Միասին ավելի շատ գործ կարվեր

Վայոց ձորի Վայք համայնքի ավագանու անդամ Մերի Ջանոյանի համոզմամբ` կինը հետաքրքիր, ճկուն ու զարմանալի էակ է: Նրան կարելի է վստահել ամենաբարդ գործը և նա կարդարացնի համայնքի` անգամ ամենապահանջկոտ բնակչի հույսերը:

Հենց այսպիսին է նա` մեղմ ու բարի, սրտացավ ու հասնող, երազող ու ստեղծագործ: Այն, որ երազող ու ստեղծագործ է, համոզվեցինք, երբ հանդիպեցինք Վայոց ձորի Գոմք բնակավայրի իրենց ընտանեկան «Բենսոն» հյուղանոցային համալիրում:
Մարդ պետք է լինի իր խղճի գերին ու իր ժամանակի տիրակալը. սա Մերի Ջանոյանի կյանքի տեսլականն է:

Ծնվել է Վայք քաղաքում, դպրոցն ավարտելուց հետո սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմության և իրավունքի ֆակուլտետում: Ներկայումս աշխատում է Վայքի դպրոցում` որպես պատմության ուսուցչուհի: Վայքի տարածքի կրթության բնագավառի աշխատողների արհմիության նախագահն է, Հայ Առաքելական եկեղեցու Ջերմուկի և Վայքի քրիստոնեական դաստիարակության պատասխանատուն, նաև Վայքում ստեղծված Համայնքային խորհրդի ակտիվ անդամ է:

Աշխատանքային, կենցաղային ու երեք երեխաների մոր հոգսաշատ առօրյան խլում էր Մերիի ողջ ժամանակը, ու թեև նրա անսպառ էներգիան բավարար էր նաև հասարակական գործունեության համար, սակայն ամուսինը կտրականապես դեմ էր դրան ու չէր կիսում կնոջ ոգևորությունը:

«Վայոց ձորում, 2016 թ –ի համայնքերի խոշորացմանը զուգընթաց, պետք է տեղի ունենային նաև ՏԻՄ ընտրություններ: Շատ զարմացա, երբ ամուսինս ինքնակամ առաջարկեց մասնակցել դրանց ու առաջադրել թեկնածությունս: Չգիտեմ` ինչ էր անցել մտքով: Անկեղծ ասած` ես այնքան էլ վստահ չէի, որ կհաղթեմ, քանի որ ինձ ճանաչում էին միայն Վայքում և Ազատեքում, որտեղ հաճախ էի լինում: Ի զարմանս ինձ, բազմաթիվ ընտրողներ իրենց քվեն տվել էին ինձ, հաղթեցի ավագանու անդամի ընտրություններում, ինչը որքան անսպասելի, նույնքան ուրախալի էր: Ինձ հետ առաջադրվել էին երկու այլ կանայք, ովքեր, ավաղ չընտրվեցին, միասին ավելի շատ գործ կարվեր»,-պատմում է Մերի Ջանոյանը:

Ավագանիում աշխատանքը կրկնապատկեց Մերիի պատասխանատվությունը, բայց նա դրանից չի տրտնջում: Սկզբնական շրջանում նրան չէր գոհացնում ավագանու նիստերի ընթացքը, դրանք ավելի շատ ձևական բնույթ էին կրում, սակայն 2018 թ.-ին տեղի ունեցած քաղաքական իրադարձություններից հետո նիստերն ընթանում են ավելի բովանդակալից, որոշումներն՝ ավելի հասցեկան ու արդյունավետ են։

Վերջին շրջանում ավագանու նիստերից մեկի ժամանակ Մերիին հաջողվեց կանխել Վայքի մանկապարտեզի աշխատակիցների աշխատավարձի կրճատման որոշումը, մի շարք դրամաշնորհային ծրագրեր է ներկայացրել մանկապարտեզի և մշակույթի տան դահլիճի վերանորոգման համար, հետևողական է Վայքի և համայնքերի աղբահանության ժամանակին և պատշած իրականացման հարցում:

Էներգախնայողության ծրագրի շրջանակներում Վայքում հիմնադրվել է ֆոնդ, ձևավորվել հանձաժողով, որի կազմում ընդգրկվել է նաև Մերին։ Ծրագրված է արևային վահանակների միջոցով լուծել ոչ միայն Վայքի, այլև Արին համայնքի լուսավորության հարցը։

Մերի Ջանոյանը, լինելով Վայքի տարածքի կրթության բնագավառի աշխատողների արհմիության նախագահ, քաջատեղյակ է ուսուցիչների սոցիալական և տնտեսական խնդիրներին, բազմիցս առիթ է եղել պաշտպանելու դպրոցի ուսուցիչների և մանկապարտեզի աշխատողների խախտված աշխատանքային իրավունքները։

Ավագանու անդամը կարևորում է նաև համայնքների խոշորացման գործընթացը։

«Գյուղապետերը տարիներ շարունակ ղեկավարել են համայնքները, սակայն խոշոր ու աչքի ընկնող գործեր չեն արել։ Այսօր ծրագրերն ու պարտավորությունները կոնկրետ ժամանակահատվածում իրականացվում են։ Փոքր համայնքերում խնդիրները դժվարությամբ կամ մեծամասամբ չեն լուծվել, իսկ խոշորացումից հետո, օրինակ, մեր համայնքի համար կես միլիոն դոլար արժողության ծրագիր ենք իրականացրել, ձեռք ենք բերել շինարարական և աղբատար մեքենաներ»,-պատմում է Մերին։
Մերի Ջանոյանի կարծիքով, թեև ավագանու կազմում կանանց ներգրավվածությունն անհրաժեշտ է, սակայն դա միաժամանակ նաև ծանր պարտավորություն է կնոջ ուսերին, հատկապես, եթե ընտանիքը մեծ է.
«Համայնքի, բնակչության խնդիրների մասին մտահոգ կինն անպայման կփորձի առաջադրվել ու ընտրվել ավագանու անդամ, սակայն դա բավականին ծանր պատասխանատվություն է, ոչ բոլորն են ի զորու համատեղել աշխատանքն ընտանեկան հոգսերի հետ: Հեշտ չէ այդ կարծրատիպերը կոտրել: Կան խնդիրներ, որոնց մասին չես կարող չբարձրաձայնել: Բարձրաձայնում ես, մեկին դա դուր է գալիս, մյուսին՝ ոչ: Բայց, ի վերջո, ինչ-որ մեկը պե՞ տք է բարձրաձայնի, թե՞ ոչ: Ինքս ավագանու անդամ եմ ու պետք է ասեմ, որ ոչ մի պահ հանգիստ չունեմ, տարաբնույթ բողոքներ եմ ստանում բնակիչներից, բռնության ենթարկված կնոջից, մեկի երեխան առողջական խնդիրներ ունի, մյուսի երեխայի մանկապարտեզի հարցը պետք է լուծել, քո անձնական կյանքի համար ժամանակ չի մնում: Ամուսինս միշտ ասում է, որ անընդհատ մտահոգ եմ, որ ֆիզիկապես տանն եմ, բայց մտովի` ուրիշների հոգսերով զբաղված: Եթե ավագանու անդամ չլինեի, չէի իմանա, որ համայնքում այսչափ խնդիրներ կան»,-ասում է Մերին:
Մերի Ջանոյանի ամուսնու՝ նախկին զինվորական Կարեն Ասլանյանի մտահղացումը` Վայոց ձորի մարզի Գոմք համայնքի հիանալի բնության գրկում տուն ու ձիարշավարան ստեղծելու գաղափար, փոխեց ընտանիքի առօրյան:

Աստիճանաբար ձիարշավարանն ընդլայնվեց՝ պտղատու այգիներով տներ, հանգստի ու զվարճանքի մի ողջ համալիր, Կարեն Ասլանյանի սիրած զբաղմունքը վերածվեց էկոտուրիզմի կենտրոնի, որը կոչվեց «Բենսոն»: Զզբոսաշրջային այս կենտրոնը համայնք այցելած զբոսաշրջիկներին առաջարկում է ոչ միայն բնակվելու, սննդի, այլև ձիարշավներ կազմակերպելու, ձուկ որսալու, գյուղական բարիքներից օգտվելու հնարավորություն:

«Ընտանիքով զբաղվում ենք գյուղական տուրիզմի զարգացմամբ: Այս համայնքում գնել ենք մի քանի տներ, վերանորոգել, պատրաստել զբոսաշրջիկների համար: Թեև ապրում ենք Վայքում, սակայն Գոմքը համարում ենք մեր երկրորդ տունը: Սկզբում գնեցինք ամառանոց, հետագայում այն ընդլայնեցինք՝ գնելով 4 տուն, որն էլ հետո բազմապատկվեց: Առայժմ ներդրումներ ենք կատարում, մեր աշխատավարձով վարկ ենք փակում: Սակայն չենք տրտնջում. մի բանից, որ ժամանակավոր է, չարժե դժգոհել»,- ասում է Մերի Ջանոյանը:

Ասլանյան ընտանիքին պատկանող ձիարշավարանը ճանաչելի է դարձել զբոսաշրջիկների շրջանում: Ընտանիքի համար անակնկալ էր, երբ պարզվեց, որ Գերմանիայում 190 զբոսաշրջային կազմակերպությունների թվում իրենց ձիարշավարանն արժանացել է մրցանակի: Կենտրոնը գործում է 2013 թվականից, ներկայումս այն կարող է հյուրընկալել շուրջ 40 զբոսաշրջիկի: Աշխատանքը եկամտաբեր է նաև կենտրոնում աշխատող խոհարարի համար, նա այսուհետ եկամուտ կունենա նաև խոհանոցում օգտագործած սեփական բնամթերքից:

«Անհամբեր սպասում եմ, թե երբ ենք բոլոր տները նորոգելու ու կահավորելու, մենք մեր փոքրիկ ընտանիքով աշխատում ենք ստեղծել այնպիսի միջավայր, որ բոլորն էլ ցանկանան ընդօրինակել մեզ, որ գյուղը դառնա սիրով ապրելու վայր, որ բնակիչները ոչ միայն գոյատևեն, այլև ապրեն սիրով, կապվեն հայրենի գյուղին ու չմտածեն այն լքելու մասին: Ի դեպ, մեր գնած տներն անուններ ունեն՝ Սիրո տուն, Սպիտակ տուն, Երեխաների տուն: Վերանորոգման ընթացքում փորձում ենք այնպես անել, որ հինը պահպանվի և միաժամանակ գեղեցիկ ոճ ունենա: Շատ իրեր իմ ձեռքով եմ պատրաստել»,-պատմում է Մերին:
Գոմք համայնքը բարենպաստ է ագրոտուրիզմի, էկոտուրիզմի, արկածային տուրիզմի սիրահարների համար: Մեր զրույցի ընթացքում Մերին նշեց, որ կառավարության սուբսիդավորմամբ ընտանիքը գյուղվարկ է ստացել: Նպատակը ձիերի նոր ցեղատեսակների բուծումն է:

Անուշ Ներսիսյան

Created By
WomenNet am
Appreciate

Report Abuse

If you feel that this video content violates the Adobe Terms of Use, you may report this content by filling out this quick form.

To report a copyright violation, please follow the DMCA section in the Terms of Use.