Loading

Պատճառաբանություններ չեմ փնտրում, այլ՝ լուծման ուղիներ.Սրբուհի Հարությունյան Լոռու մարզի միակ կին համայնքապետն արդեն 11 տարի ղեկավարում է մոտ 1900 բնակիչ ունեցող Բազում համայնքը:

Սրբուհի Հարությունյանը Լոռու մարզի միակ կին համայնքապետն է, արդեն 11 տարի ղեկավարում է մոտ 1900 բնակիչ ունեցող Բազում համայնքը: 1970 թ. Գուգարքից եկել, հարսնացել է Բազում գյուղում: Երկար տարիներ գյուղում աշխատել է որպես հաշվապահ, հետո, երբ 2008 թ.-ին գյուղապետն առողջության պատճառով այլևս չառաջադրեց իր թեկնածությունը համայնքապետի պաշտոնի համար, Սրբուհին որոշեց առաջադրվել:

Ընտանիքը ոգևորեց, աջակցեց, գյուղացիներն էլ ընտրեցին: Սկսեց աշխատել, հաջորդ ընտրական փուլում նորից ընտրվեց, արդեն 3-րդ անգամն է վերընտրվել և այժմ, ինչպես ինքն է նշում, աշխատում է ավելի համարձակ:
«Առաջին անգամ, երբ ընտրվեցի, վախենում էի ամեն դուրս գրած կոպեկի համար, ինքս անձամբ էի գնում, հետևում, մասնակից լինում: 2-րդ անգամ ընտրվելուց հետո աշխատելն ավելի հեշտ էր, վերահսկողական մեխանիզմներին ավելի լավ էի տիրապետում, աշխատանքիս մեջ էլ՝ ավելի հմուտ էի: Հիմա արդեն թվում է ոչ մի դժվարություն էլ չկա, սովորել ենք ամեն ինչ հաղթահարելու մեխանիզմներ գտնել»,- պատմում է նա:
«Նայում էի շուրջս, տեսնում էի ուրիշ գյուղեր մեզնից մի բան ավելի ունեին, որոշում էի, որ անպայման մենք էլ ունենանք, ստեղծենք: Իմ առաջին օգնականն իմ տեղակալն է, ավագանին, գյուղացիները: Կարողանում ենք միասնական աշխատել և հաջողության հասնել:
Ընդհանրապես, ինձ համար չկա կին-տղամարդ տարբերակված աշխատանք: Կարելի է նախաձեռնել և համատեղ իրականացնել ցանկացած գործ՝ ձեռք ձեռքի տված: Կան պահեր, գործեր, որտեղ տղամարդու ուժն է պետք, մենք միասին կարողանում ենք ցանկացած գործ ճիշտ կազմակերպել և կյանքի կոչել:
Մարզխորհրդի նիստերին սկզբում կաշկանդվում էի, ամաչում էի ներկայանալ, 100-ից ավելի տղամարդ գյուղապետեր էին ներկա լինում և ես` միակ կինը: Հետո զգացի, որ դա առանձնապես չի էլ նկատվում նրանց կողմից և այդպես սովորական դարձավ: Ընդհանրապես, շատ կարևոր է, որ կանայք լինեն բոլոր ոլորտներում, լսելի լինի կնոջ ձայնը, նպատակային բարձրացված խնդիրները լուծում ստանան»,-ասում է Սրբուհին:

Իր կառավարման օրոք համայնքում իրականացված ծրագրերից առանձնացնում է գյուղի լուսավորության, ճանապարհների մասնակի բարեկարգման, խճապատման, գերեզմանատան ցանկապատման աշխատանքները:

Գյուղի կենդանիներն ամբողջ օրը գերեզմանոցում էին, սրբապղծության նման բան էր: Խնդիրն ինձ ու գյուղացիներին հանգիստ չէր տալիս, շատ կարևոր էր գերեզմանատան ցանկապատումը:

Աղբարկղերն էլ շուտով հատուկ ցանկապատի մեջ կտեղադրվեն, արդեն գրեթե պատրաստ է: Համայնքային կենտրոն ենք կառուցել, խաղահրապարակով և մանկապարտեզով: Այսօր 20 երեխա մանկապարտեզ է հաճախում:

Իր պաշտոնավարման հասցրել է շատ կարևոր գործ անել. գյուղի մի թաղամասն ամբողջությամբ ապահովվել է խմելու և ոռոգան ջրով: Բայց, երբ խոսք է գնում առաջիկայում հրատապ լուծում պահանջող խնդրի մասին, դարձյալ նշում է ջուրը. «Գյուղի մյուս թաղամասերն էլ պետք է անպայման ջուր ունենան»,- որոշել է նա:
«Ուժեղ կին է մեր Սուսաննան /գյուղում Սրբուհուն բոլորն այպես են դիմում/, առաջին հերթին՝ լավ անձնավորություն: Բոլորին լսում է, օգնում է, մեր գյուղացիների կողքին միշտ կանգնած է: Եվ բոլորովին էլ նշանակություն չունի, որ մեր գյուղապետը կին է: Ես տարբերություն չեմ գտնում` կին է, թե տղամարդ, բոլոր ոլորտներում էլ հայ կինը կարող է հաջողություններ գրանցել: Սրբուհին եկավ նաև դա ապացուցելու»,-գյուղապետի մասին այսպես է արտահայտվում համագյուղացիներից Մարուս Ծատուրյանը:
«Մեր թաղի համար կարևորը ջուրն էր, բերեց, հասցրեց: Մենք ջուր չէինք տեսել: Որ ցույց տամ` որտեղից էինք ջուրը կրում է՜,-Սրբուհու աշխատանքն է ներկայացնում Լուարա Սահակյանը և հպարտորեն եզրափակում,-կին կա՝ հարյուր տղամարդ արժե»:
«Կինը տնտեսող է, կազմակերպված և եթե նպատակ է դրել, անպայման հասնում է իր նպատակին և գիտեք ինչո՞ւ, որովհետև երբեք պատճառաբանություններ չի փնտրում, այլ՝ լուծման ուղիներ: Ես այդպես եմ աշխատում և հասցնում եմ տուն, ընտանիք, աշխատանք: Այն ամենն, ինչ անհրաժեշտ է հասցնել»,-այս կարգախոսով է ապրում և աշխատում Սրբուհի Հարությունյանը:

Նարինե Մաթևոսյան

Created By
WomenNet am
Appreciate

Report Abuse

If you feel that this video content violates the Adobe Terms of Use, you may report this content by filling out this quick form.

To report a copyright violation, please follow the DMCA section in the Terms of Use.