Loading

ՀՀԿ-ի շենքի «մութ» պատմությունն ու իշխանությունը կորցնելուց ուղիղ մեկ օր առաջ ստացած «վերջին» սեփականության վկայականը

«Յուրի Պոպովն ինձ փոխանցեց մի թուղթ, որի վրա գրված է «КГБ»-ի հեռախոսահամար։ Երբ 2001-ին Պոպովին առաջարկում էին իր շենքը վաճառել ՀՀԿ-ին, նրան պարբերաբար կանչում էին Ազգային անվտանգության ծառայություն ու այլ պետական մարմիններ, նրա խոսքով՝ իրեն ասում էին, որ շենքի համար կտան այնքան գումար, որքան ցանկանում են»,- այսպես, ըստ Պոպովի ներկայացուցիչ Սոֆյա Տոնոյանի, 2001-ին սկսվեց Երևանի Թումանյան փողոցի 23/1 հասցեում գտնվող Համբարձում Սողոմոնյանի անվան կոնյակի նախկին գործարանի շենքի օտարման վիճահարույց գործընթացը։

Փաստաբանը համոզված է՝ Յուրի Պոպովի կողմից Սողոմոնյանի ժառանգ ճանաչվելուց հետո ՀՀԿ-ի ու իրավապահների ճնշման արդյունքում նա ստիպված է լինում իր սեփականությունը «կոպեկներով» (1քմ շուրջ 21 դոլարով) «վաճառել» այդ ժամանակ իշխող կուսակցությանը։ Հետագայում այդ շենքը, որը գտնվում էր այժմյան Հյուսիսային պողոտայի մուտքի հատվածում, տեղափոխվում է Մելիք-Ադամյանի 2 հասցե՝ դառնալով ՀՀԿ-ի կենտրոնական գրասենյակը, իսկ օտարվող շենքի դիմաց ՀՀԿ-ն պետությունից ստանում է 193 154 դոլար, այսինքն կուսակցությունը Պոպովներից շուրջ 10 000 դոլարով գնված շենքը կառավարությանը վաճառում է 15 անգամ թանկ գնով։

Ինչպե՞ս ամեն ինչ սկսվեց

2001-ին Հյուսիսային պողոտայի կառուցման վիճահարույց ծրագրին զուգընթաց մեկնարկում է Համբարձում Սողոմոնյանի անվան կոնյակի գործարանի օտարման գործընթացը։ Սողոմոնյանի ժառանգներից Յուրի Պոպովի հետ կապի է դուրս գալիս ՀՀԿ ներկայացուցիչ Արմեն Ազատյանը։ Օտարման գործընթացը կայծակնային արագությամբ է տեղի ունենում։ Յուրի Պոպովը փաստաբանին պատմել է, որ իրեն սկսել են զանգել ու կանչել ԱԱԾ, այնուհետև այլ պետական մարմիններ։ Ասել են, որ պետք է համաձայնի ՀՀԿ-ի առաջադրած պայմաններին՝ ժառանգություն ստանալ գույքն ու այն օտարել ՀՀԿ-ին։

«Պապովը փորձել է գործընթացը ձգձգել, նա ասել է, որ Սողոմոնյանն ունի նաև այլ ժառանգներր, խնդրել է ժամանակ տալ նրանց հետ բանակցություններ վարելու համար, սակայն ՀՀԿ-ն դեմ է եղել»,- ասում է Սոֆյա Տոնոյանը։ Պոպովը նախ դիմել է դատարան, որպեսզի դառնա այդ շենքի սեփականատեր։ Նիստին մասնակցել է նաև Հանրապետական կուսակցությունն ու չի առարկել։ Հայցը բավարարվել է։ Հետագա զարգացումներն ընդամենն օրեր են տևել։

«Երբ վճիռն օրինական ուժ է ստացել, հաջորդ օրն իսկ դիմել են Կադաստր, որ ստանան սեփականության վկայական, նույն օրը տվել են դիմում այն մասին, որ Յուրի Պոպովը ցանկանում է վաճառել գույքը։ Այս ամենը տևել է 4 օր»,- նշում է փաստաբանը՝ մեջբերելով Պոպովի կնոջ հայտարարությունը, թե իրենք ժամերի ընթացքում են իրենց պապական ժառանգությունը կորցրել. «Նա ինձ ասաց, որ իրենց մեքենայով տարել են տարբեր մարմիններ, տվել են փաստաթուղթ, ըստ որի՝ գույքն արդեն իսկ օտարվել է ՀՀԿ-ին»։

Ի՞նչ են վկայում փաստաթղթերը

2001-ին կառավարությունը ընդունում է Երևանի Հյուսիային պողոտայի կառուցապատման ծրագրի իրականացման միջոցառումների մասին N 645 որոշումը։ Այս փաստաթուղթն ընդունելուն զուգընթաց սկսվում է Պոպովի շենքի օտարման գործընթացը։ Ընդամենը օրեր անց ՝ 2001-ի հուլիսի 19-ին Յուրի Պոպովն ու Հայաստանի հանրապետական կուսակցությունը կնքում են անշարժ գույքի վաճառքի պայմանագիր, որի համաձայն՝ Երևան քաղաքի Թումանյան փողոցի 23/1 հասցեի 460 քմ շենքը վաճառվում է 5,5 մլն դրամով, այսինքն՝ 1 քմ շուրջ 12 հազար դրամով, այդ տարիների փոխարժեքով՝ շուրջ 21 դոլարով։

2001-ի նույն այդ հատվածում իրականացվել են բազմաթիվ օտարումներ և որոշ գործարքների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Յուրի Պոպովի գույքը վաճառվել է նվազագույն գնով։ Օրինակ՝ Լալայանց 34-ում գտնվող մեկ այլ անշարժ գույքի միայն հողատարածքի մեկ քառակուսի մետրը գնահատվել է 46.2 դոլար, իսկ շինության դեպքում՝ 120 դոլար։ Սակայն, նաև պետք է ընդգծենք, որ այդ տարիներին Երևանի կենտրոնում բնակարանների մեկ քմ արժեր առնվազն 500 դոլար։

Յուրի Պոպովի և Հայաստանի հանրապետական կուսակցության միջև կնքված անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը

2001-ի նույն այդ հատվածում իրականացվել են բազմաթիվ օտարումներ և որոշ գործարքների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Յուրի Պոպովի գույքը վաճառվել է նվազագույն գնով։ Օրինակ՝ Լալայանց 34-ում գտնվող մեկ այլ անշարժ գույքի միայն հողատարածքի մեկ քառակուսի մետրը գնահատվել է 46.2 դոլար, իսկ շինության դեպքում՝ 120 դոլար։ Սակայն, նաև պետք է ընդգծենք, որ այդ տարիներին Երևանի կենտրոնում բնակարանների մեկ քմ արժեր առնվազն 500 դոլար։

2001-ի հոկտեմբերին մեկնարկում է շենքի տեղափոխման ու փոխհատուցման գործընթացը։ Կենտրոնի թաղապետը և ԾԻԳ տնօրենը դիմում են ՀՀԿ-ի խորհրդի նախագահ, 2000-2007-ին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին՝ հիշեցնելով, որ կառավարության 2001-ի N 645 որոշման համաձայն՝ Հյուսիսային պողոտայի կառուցապատման կապացությամբ Թումանյան 23/1 հասցեում գտնվող ու կուսակցությանը պատկանող անշարժ գույքը գտնվում է օտարման գոտու սահմաններում։

Համբարձում Սողոմոնյանի անվան կոնյակի գործարանի շենքը

«Համապատասխան հատուցում տրամադրելու նպատակով լիցենզավորված կազմակերպության միջոցով գնահատվել է կուսակցությանը պատկանող անշարժ գույքը, որի շուկայական արժեքը կազմում է 193.154 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ»,- նշված է անշարժ գույքը պետական կարիքների համար վերցնելու կապակցությամբ պայմանագիր կնքելու մասին առաջարկում։ Նշվում է նաև, որ կառավարության և քաղաքապետարանի որոշումներով ՀՀԿ-ին հատկացվել է 500 քմ հողամաս Թումանյանի շենքը տեղափոխելու համար՝ հողի վարձակալության պայմաններին համապատասխան։ Անշարժ գույքը պետական կարիքների համար վերցնելու կապակցությամբ պայմանագիր կնքելու մասին առաջարկից տեղեկանում ենք, որ պետությունն իր հաշվին վերանորոգել էր նաև ՀՀԿ-ի մեկ այլ անշարժ գույք.

«Բյուզանդի 1/3 հասցեում գտնվող վարչական շենքի 2-րդ բլոկի 2-րդ հարկը վերանորոգվել է և տրամադրվում է՝ որպես մանևրային տարածք, կուսակցության գործունեությունը շարունակելու, մինչև Մելիք-Ադամյանի անվան փողոցի հիմնական շենքի շինարարության ավարտը»,- նշվում է առաջարկում։

ՀՀԿ խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանին ուղարկված պայմանագրի առաջարկը
Առաջարկը ՀՀԿ-ի կողմից ընդունվում է և 2002-ի հունվարի 13-ին Երևանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը և Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանը կնքում են առք ու վաճառքի պայմանագիր։

Պայմանագրում կարդում ենք. «Երևանի Հյուսիսային պողոտայի կառուցապատման և բարեկարգման ծրագրով նախատեսված աշխատանքներն իրականացնելու նպատակով, ՀՀ կառավարության որոշումներով սահմանված կարգին համապատասխան, կողմերը համաձայնություն են ձեռք բերել, ըստ որի՝ վաճառողը պարտավորվում է գնորդին որպես սեփականություն հանձնել Թումանյան 23/1 հասեցում գտնվող 460 քմ ընդհանուր մակերեսով շենքը»։

Շենքը ՀՀԿ-ն կառավարությանը վաճառում է 15 անգամ թանկ, քան այն ձեռք էր բերել սեփականատիրոջից՝ 193․154 դոլարին համարժեք ՀՀ դրամով:

Ի՞նչ է ստացվում. Պոպովի վկայությամբ՝ ուժային մարմինների, այդ թվում՝ Ազգային անվտանգության ծառայության կողմից ճնշումների միջոցով նա Թումանյան փողոցի 23/1 հասցեի 460 քմ տարածքով իր պապերից ստացած ժառանգության համար օրերի ընթացքում ստանում է սեփականության վկայական և նույն պահին էլ վաճառում այն ՀՀԿ-ին՝ ընդամենը 5,5 մլն դրամով։ Այս գործընթացը տեղի է ունենում Հյուսիսային պողոտայի կառուցապատման ծրագրի մեկնարկից օրեր առաջ։

Այնուհետև պետությունը դիմում է ՀՀԿ-ին՝ հայտնելով, որ այդ շենքը ծրագրի իրականացման նպատակներից ելնելով պետք է տեղափոխվի ու առաջարկում է փոխհատուցում շենքի գնից ավելի քան 15 անգամ բարձր գումարի չափով և քաղաքի կենտրոնական հատվածում՝ Մելիք Ադամյան փողոցում կրկին տարածք տրամադրում, որպեսզի կուսակցությունն իր շենքը կառուցի։ Միաժամանակ, որպեսզի չտուժի ՀՀԿ-ի գործունեությունը, պետությունն իր հաշվին վերանորոգում է Բուզանդի 1/3 հասցեում գտնվող շենքի մի հարկն ու տրամադրվում է որոշ ժամանակով՝ կուսակցությանը։

Մեկ այլ ուշագրավ փաստ՝ 2018-ի Թավշյա հեղափոխության ընթացքում՝ Ազգային ժողովի կողմից Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետ ընտրելուց ընդամենը մեկ օր առաջ՝ մայիսի 7-ին, ՀՀԿ-ին տրամադրվում է Մելիք-Ադամյանի 2 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը։

Այդ վկայականի տրամադրման հաջորդ օրը ՀՀԿ-ն այլևս իշխանություն չուներ Հայաստանում։

Սողոմոնյանի ժառանգները փորձում են վերականգնել իրենց իրավունքներն ու արդարությունը

2018-ի Թավշյա հեղափոխությունից հետո Երևանի Թումանյան փողոցի 23/1 հասեում գտնվող շենքի նախկին սեփականատեր Համբարձում Սողոմոնյանի ժառանգները՝ Նունե Սողոմոնյանը և Յուրի Պոպովը, որոշում են վերականգնել իրենց իրավունքները։ Նրանք 2018-ի հուլիսին հայց են ներկայացնում դատարան՝ ընդդեմ Հայաստանի հանրապետական կուսակցության և պետական մարմինների՝ վիճարկելով շենքի օտարման գործընթացը։ Դատաքննությունն առ այսօր ընթանում է։ Յուրի Պոպովը մահանում է 2020-ին։ Նրա որդին՝ Գեորգի Պոպովը, շարունակում է պայքարել հոր իրավունքների վերականգման համար։

«1990-ականներին հայրս փորձեց շենքի վրա մի ցուցանակ փակցնել՝ իրազեկելով, որ այն Համբարձում Սողոմոնյանի անվան կոնյակի գործարանի շենքն է։ Այժմ այդ ցուցանակը մեր տանն է, ՀՀԿ-ն շենքը տեղափոխելուց հետո գործարանի պատմության մասին վկայող ցուցանակը փոխարինեց կուսակցության ցուցանակով»,- ասում է Գեորգի Պոպովը։ Նա հույս ունի, որ մի օր տնից կհանի այդ ցուցանակն ու կփակցնի շենքին։

Յուրի Պոպովի որդին՝ Գեորգի Պոպովը

Բացի այդ, Գեորգի Պոպովի խոսքով՝ Մելիք-Ադամյան տեղափոխելուց հետո շենքին ավելացվել է երրորդ հարկ, ինչպես նաև փոխվել է պատմամշակութային հուշարձան համարվող կառույցի տեսքը։

Ավելացված 3-րդ հարկը փոխում է պատմամշակութային հուշարձան շենքի տեսքը

Փաստաբան Սոֆյա Տոնոյանը վստահ է, որ շենքի օտարման ողջ գործընթացն իրականացվել է անօրինական ընթացակարգերով, ճնշումներով, որը դատարանում փորձում են վիճարկել, չնայած սա ոչ միայն պետք է լիներ անհատական հայցով, այլ պետք է դառնար խոստացված անցումային արդարադատության հիմնարար գործերից մեկը։ Հայցվոր կողմը պահանջում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը անվավեր ճանաչել և անվավերության հետևանքներ կիրառել։ Մինչդեռ դատական նիստերն ընթանում են երկարաժամկետ ընդմիջումներով։ Վերջինը սեպտեմբերի 27-ին էր։ Այդ նիստի տեսագրման ու լուսանկարահանման մեր փորձերն ապարդյուն եղան. պատասխանող կողմը կտրուկ առարկեց։

Ուշագրավ է, որ բացի ՀՀԿ-ի փաստաբանից, նիստը տեսագրելու և լուսանկարահանելու մեր միջնորդությանն առարկեց նաեւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչը, որը ևս հանդես է գալիս պատասխանողի կարգավիճակում։ Պետք է արձանագրել, որ ԿԳՄՍ-ի ներկայացուցիչը առարկում էր հայցվորի բոլոր միջնորդություններին՝ «համերաշխություն» հայտնելով ՀՀԿ-ի փաստաբանին։

Սեպտեմբերի 27-ի նիստից հետո փորձեցինք պարզաբանում ստանալ ՀՀԿ-ի ներկայացուցչից, սակայն, նա մերժեց հարցազրույց տալ։ Փաստաբանը միայն նշեց, թե այս 3 տարիների ընթացքում այդպես էլ չի կարողացել հասկանալ, թե ինչ են իրենցից ուզում հայցվորները։ Նույնը կրկնեց նաև ԿԳՄՍ-ի ներկայացուցիչը։

Այս գործով հաջորդ նիստը նշանակված է 2021-ի դեկտեմբերի 1-ին։

Հեղինակ՝ Գևորգ Թոսունյան
«Հանուն ժողովրդավարության Եվրոպական» հիմնադրամ / «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ / Հոդված 3 ակումբ