Loading

Այսօր ջերմուկցի կնոջ հոգսը շատ ավելին է, քան նախկինում. Հասմիկ Սարգսյան Ջերմուկ համայնքի ավագանու կազմում ընդամենը մեկ կին կա:

Ջերմուկ քաղաքն իր առողջարաններով, չքնաղ բնությամբ ու հյուրընկալ բնակչությամբ գրավում է աշխարհի տարբեր վայրերից ժամանող մարդկանց: Այստեղ, թերևս, ամենահին «Արմենիա» առողջարանում կարելի է տեսնել բժիշկ-օրդինատորի կաբինետի մոտ հավաքված մարդկանց` հայ, ռուս, ղազախ: Նրանք բոլորը սպասում են մեկին` բժշկուհի Հասմիկ Սարգսյանին:

Մարդկանց օգնելու պատրաստակամ ու ժպտերես բժշկուհին հարգանք ու հեղինակություն է վայելում առողջարանում: 2009-2013 թվականներին առողջարանի գլխավոր բժիշկ, այսօր` ֆիզիոթերապևտ, Հասմիկ Սարգսյանի համոզմամբ` մասնագիտություն ընտրելիս պետք է առաջնորդվել նաև մարդկային որակներով. արդյոք այն համապատասխանո՞ւմ է քո խառնվածքին, էությանը, մտածելակերպին: Բժշկուհին վաղուց է հասկացել` պետք է հոգատար լինի ոչ միայն մարդկանց աոողջական, այլև սոցիալ-տնտեսական վիճակի նկատմամբ, քանի որ դրանք շաղկապված են միմյանց:

Հավանաբար այդ մտահոգությունն էլ նրան ուղղորդեց քաղաքականություն: Հասմիկ Սարգսյանը ծնվել և մեծացել է Ջերմուկ քաղաքում, ուստի տեղյակ է քաղաքի խնդիրներին: Աչք, ականջ ու հիշողություն ունեցող մարդու համար, որ զգում է կյանքի փոփոխությունը, զարգացումը կամ հետընթացը, քաղաքի ավագանու կազմում անելիք շատ կա: Նա գիտի, թե որ խնդիրներն են առաջնահերթ, հրատապ լուծում պահանջող, բայց նաև հասկանում է, որ երկրորդական խնդիրներ չկան, որ պարտավորվել է մարդկանց կյանքը դարձնել հնարավորինս բարեկեցիկ:

Ահա, այս սկզբունքով առաջնորդվող Հասմիկ Սարգսյանը Ջերմուկ քաղաքի բազմամյա ղեկավար Վարդան Հովհաննիսյանի և քաղաքի Երիտասարդական կազմակերպության անդամների հորդորով մասնակցեց 2016 թ. ՏԻՄ ընտրություններին՝ որպես ավագանու անդամի թեկնածու և հաղթեց՝ ստանալով ամենամեծ թվով ձայները: Նրա բոլոր մրցակիցները տղամարդիկ էին: Այսօր նա Ջերմուկի ավագանու միակ կին անդամն է, ինչն առավել պարտավորեցնող է համարում: Բժշկի և ավագանու անդամի աշխատանքների ծանրաբեռնվածությունն ու դրանց համատեղումը Հասմիկ Սարգսյանին չի մտահոգում.
«Չեմ զղջում, որ միաժամանակ նաև ավագանու անդամ եմ: Բժիշկ լինելով` քաջատեղյակ եմ ոչ միայն բնակիչների առողջական, այլև սոցիալական խնդիրներին: Բնակիչներին հանդիպում եմ ոչ միայն առողջարանում, այլև փողոցում, քաղաքապետարանում: Ինքս լինելով ջերմուկցի, քաջածանոթ եմ համայնքի գրեթե բոլոր խնդիրներին, որոնց մասին ոչ միայն բարձրաձայնում եմ ավագանու նիստերի ժամանակ, այլև հետևողական եմ դրանց լուծմանը»- ասում է Հասմիկ Սարգսյանը:

Ավագանու անդամի խնդիրը, սակայն, Ջերմուկ քաղաքով չի սահմանափակվում: Համայնքների խոշորացման արդյունքում Ջերմուկ քաղաքը դարձավ կենտրոն Հերհեր, Կարմրաշեն, Կեչուտ և Գնդևազ գյուղերով հանդերձ, որտեղ ճանապարհների, ոռոգման ջրի, գյուղմթերքի իրացման խնդիրները նույնն են, ինչ Հայաստանի մյուս բոլոր գյուղերում:

Նախկինում միջհամայնքային անբարեկարգ ճանապարհներն այսօր նորոգվում են, համայնքերի բնակիչների, մասնավորապես կանանց համար հաճախ կազմակերպվում են «բաց դռների օր» միջոցառումները, ավագանու նիստում առաջարկվել է հարակից գյուղերում ստեղծել սառնարանային տնտեսություն, սպանդանոց:

Ի դեպ, «բաց դռների օր» միջոցառումների ավանդույթը Հասմիկ Սարգսյանը ներդրել է դեռևս Ջերմուկի «Գլաձոր» առողջարանում աշխատած տարիներին, երբ համակուրսեցիների հետ քաղաքի կանանց համար կազմակերպում էր անվճար հետազոտություններ, կատարում փոքրիկ վիրահատություններ, անհրաժեշտության դեպքում` ուղղորդում այլ մասնագետների մոտ:

Համայնքների խոշորացման արդյունավետության մասին խոսելիս` Հասմիկ Սարգսյանը նշում է, որ գնահատականներ տալու համար դեռևս վաղ է, քանի որ շատերը համայնքում դեռևս հստակ չեն պատկերացնում ողջ գործընթացը:

Հասմիկ Սարգսյանը քաղաքային կյանքի աղմուկն ու աշխատանքի հոգնությունը երբեն թոթափում է հարազատ Գնդևազ գյուղում՝ հայրական օջախում: Նա սիրում է մասնակցել լավաշի թխման գործընթացին, գրտնակում խմորն ու փոխանցում տատին, օգնում գյուղատնտեսական բոլոր աշխատանքերում: Նրա համոզմամբ` հողի հետ աշխատանքը կրկնապատկում է ուժը, նոր լիցք հաղորդում, որոնք լիուլի բավարար են լարված աշխատանքային շաբաթվա համար:
Հասմիկն իր եռանդն ու հոգատարությունը նվիրում է նաև իր ընտանիքին` ամուսնուն, զավակներին ու նաև թոռնիկին, սակայն փորձում է աշխատանքային և քաղաքական գործունեության մանրամասներով չծանրաբեռնել ընտանեկան առօրյան:

Ավագանու անդամը համոզված է, որ հանրապետության այլ մարզերի բնակչության համեմատ ջերմուկցիների վիճակն անհամեմատ բարվոք է, քանի որ 1990-ական թվականներից ի վեր վերագործարկվել են քաղաքի բնակչությանը աշխատատեղերով ապահովող առողջարանները, «Ջերմուկ» հանքային ջրերի գործարանը, քաղաքում իրականացվել է գազաֆիկացում, սակայն այսօր զբաղվածությունն ու արտագաղթը քաղաքի առաջնային խնդիրներից են:

Հասմիկ Սարգսյանը համայնքային խնդիրների լուծման գործում կանանց մասնակցության վերաբերյալ միանշանակ վերաբերմունք ունի.

«Բոլոր ժամանակներում կանայք միշտ էլ հավասար քայլել են տղամարդկանց հետ, եթե հիմնարկի ղեկավարը տղամարդ էր, տեղակալն անպայման պետք է կին լիներ: Եկեք չմոռանանք, որ կանայք տիեզերք էին թռչում, Ջերմուկ քաղաքի հատակագծի հեղինակը եղել է վաստակավոր շինարար Պերճուհի Մսրյանը: Սակայն հետխորհրդային տարիներին կանայք, ապրելակերպով պայմանավորված, դարձան պասիվ: Այսօր նրանք այնքան էլ ակտիվ չեն, դժվար է փոխել նրանց մտածելակերպը, հավատացնել, որ իրենք հավասար են տղամարդկանց: Կարծում եմ, որ կանայք ավելի ակտիվ պետք է լինեն, չէ ՞ որ կինը ընտանիքի մայր է, օջախի տիրուհի, նրա մասնակցությունն ու հարցերի լուծման իր ունակությունը բոլոր խնդիրներում էական են: Նրանք ավելի պատասխանատու են, նկատում են ցանկացած մանրուք: Այսօր ջերմուկցի կնոջ հոգսը շատ ավելին է, քան նախկինում»,- ասում է Հասմիկը:

Հասմիկ Սարգսյանի համար երիտասարդների խնդիրը մշտապես եղել է առաջնահերթ: Նախքան ավագանու անդամ ընտրվելը` երիտասարդների հետ շփումը, նրանց հոգսերին ականջալուր բժշկուհուն մտահոգել է, մասնավորապես, երիտասարդ ընտանիքների հարցը: Խորհրդային տարիների բնակարանաշինության դադարեցումը անկախացած Հայաստանում երիտասարդ ընտանիքների քանակը նկատելիորեն կրճատեց: Այս օրերին արտագաղթը Ջերմուկի ամենացավոտ խնդիրներից է, իսկ այն կանխելու համար աշխատատեղերի ստեղծումը հրատապ է:

Բժիշկ ավագանու մտահոգությունը նաև բնակչության առողջությունն է, որը վատթարացել է հանքավայրի շահագործումից ի վեր և որի հետևանքով ավելացել է օնկոլոգիական հիվանդությունների թիվը:

Ջերմուկ քաղաքի ավագանին նամակով դիմել է ՀՀ կառավարությանը` հանքավայրի շահագործումը դադարեցնելու պահանջով, գտնելով, որ «հանքավայրի շահագործումը վնասում է համաշխարհային համբավ ունեցող եզակի հանքային ջրերով հարուստ առողջարանային քաղաքի վարկանիշը»:

Անուշ Ներսիսյան

Created By
WomenNet am
Appreciate

Report Abuse

If you feel that this video content violates the Adobe Terms of Use, you may report this content by filling out this quick form.

To report a copyright violation, please follow the DMCA section in the Terms of Use.