Ֆեոդոր Միխայլովիչ Դոստոևսկի (ռուս.՝ Фёдор Михайлович Достоевский, հոկտեմբերի 30 (նոյեմբերի 11), 1821, Մոսկվա, Ռուսական կայսրություն - հունվարի 28 (փետրվարի 9), 1881, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուս մեծ գրող, գրականագետ, փիլիսոփա։ Դոստոևսկին ռուս գրականության դասականներից է և համաշխարհային նշանակության լավագույն վիպագիրներից մեկը[13]:

Դոստոևսկու ստեղծագործություններն իրենց արժանի տեղն են զբաղեցնում համաշխարհային գրականության գանձարանում։ «Կարամազով եղբայրները» համարվում է բոլոր ժամանակների 100 լավագույն վեպերից մեկը[14]: 1877 թվականից Պետերբուրգի ԳԱ թղթակից-անդամ է: Հոր գծով Ֆեոդոր Միխայլովիչը ծագում է Դոստոևսկիների ազնվական տոհմից, որը սկզբնավորվել է 1506 թվականից։ Գրողի կենսագիր Լյուդմիլա Սարասկինը նշում է, որ Դոստոևսկին չգիտեր իր տոհմի՝ այդքան հին լինելու մասին։ Դոստոևսկիների տոհմաբանությամբ նրա մահից հետո միայն սկսեց զբաղվել գրողի այրին[15]:

Հայրը՝ Միխայիլ Անդրեևիչը (1787-1839), սովորել է Կայսերական բժշկա-վիրաբուժական ակադեմիայի Մոսկվայի բաժանմունքում, ծառայել է որպես բժիշկ՝ Բորոդինոյի հետևակային գնդում, որպես օրդինատոր՝ Մոսկվայի զինվորական հոսպիտալում, որպես բժիշկ՝ Մոսկվայի դաստիարակչական տան Մարիինյան հիվանդանոցում (աղքատների հիվանդանոց, որ հայտնի էր Բոժեդոմկի անունով)։ Գրողի մայրը՝ Մարիա Ֆեոդորովնա Նեչաևան (1800-1837), Կալուգայի նահանգի Բորովսկ քաղաքից սերող, մոսկովյան 3-րդ գիլդիայի վաճառական[16] Ֆեոդոր Տիմոֆեևիչ Նեչաևի (1769-1832) դուստրն էր։

Ֆեոդոր Միխայլովիչ Դոստոևսկին ծնվել է 1821 թվականի հոկտեմբերի 30-ին (նոյեմբերի 11-ին) Մոսկվայում[16]: Նա ընտանիքի ութ զավակներից երկրորդն էր։ Կրտսեր քույրը՝ Լյուբովը, մահացավ 1829 թվականին՝ ծնվելուց շատ չանցած, երբ ապագա գրողը 7 տարեկան էր։

Ֆ. Դոստոևսկին հիշում էր, որ իր «մայրն ու հայրը աղքատ աշխատավորներ էին»: Չնայած հոր չքավորությանը՝ Դոստոևսկին հիանալի կրթություն և դաստիարակություն է ստացել, ինչի համար ողջ կյանքում երախտապարտ է եղել ծնողներին։ Կարդալ նրան սովորեցրել է մայրը՝ «Հին և Նոր կտակարանների հարյուր չորս սուրբ պատմություն» գրքով։ «Կարամազով եղբայրներ» վեպում ծերունի Զոսիման պատմում է, որ մանկության տարիներին այդ գրքով է կարդալ սովորել[20]: Երեխայի վրա մեծ ազդեցություն է թողել նաև բիբլիական Եհովայի գիրքը։ Արդյունքում այդ գրքի մասին մտորումներն օգտագործվել են «Դեռահասը» վեպի վրա աշխատելիս։

Մանուկ հասակից, իսկ հետո հատկապես աքսորավայրում, որտեղ Դոստոևսկին կարող էր կարդալ դեկաբրիստների կանանց նվիրած՝ 1823 թվականի հրատարակության Նոր կտակարանը, Աստվածաշունչը դարձավ գրողի կյանքի գլխավոր գիրքը։

1831 թվականից ընտանիքն սկսեց ամառներն անցկացնել Մոսկվայից դուրս՝ իր համեստ կալվածքում, որտեղ Դոստոևսկին ծանոթացավ գյուղացիների հետ և ճանաչեց ռուսական գյուղը։ Հենց այդ ժամանակ՝ առաջին ուղևորության ընթացքում, վախեցած տղային հանգստացրեց ճերմակած հողագործը։ Այդ դեպքի մասին իր հիշողությունը Դոստոևսկին նկարագրել է «Գրողի օրագրում», «Մուժիկ Մարեյը» պատմվածքում[21]:

Գրողի խոսքերով, մանկությունը նրա կյանքի լավագույն շրջանն է եղել։ Հայրն ավագ որդիներին լատիներեն էր սովորեցնում։ Տնային ուսուցումն ավարտելուց հետո Ֆեոդորն ավագ եղբոր՝ Միխայիլի հետ մոտ մեկ տարի ֆրանսերեն էր ուսումնասիրում Եկատերինյան և Ալեքսանդրովյան ուսումնարանների ուսուցիչ Ն. Դրաշուսովի կիսապանսիոնում. վերջինիս որդին՝ Ալեքսանդր Դրաշուսովը, տղաներին մաթեմատիկա էր ուսուցանում, իսկ մյուս որդին՝ Վ. Դրաշուսովը՝ գրականություն։

1834-1837 թվականներին Միխայիլ և Ֆեոդոր Դոստոևսկիներն ուսանում էին Լ. Չերմակի մոսկովյան հեղինակավոր պանսիոնում։

Երբ լրացավ Դոստոևսկու 16 տարին, թոքախտից մահացավ մայրը, և հայրն ավագ որդիներին՝ Ֆեոդորին ու Միխայիլին (ով արդյունքում նույնպես գրող դարձավ) ուղարկեց Պետերբուրգ՝ Կ. Կոստոմարովի պանսիոն՝ ինժեներական ուսումնարան ընդունվելուն նախապատրաստվելու։

1837 թվականը Դոստոևսկու համար խիստ կարևոր դարձավ. մահացավ մայրը, մահացավ Պուշկինը, ում ստեղծագործություններով մեծացել էին ինքն ու եղբայրը, տեղափոխվեց Պետերբուրգ և ընդունվեց Գլխավոր ինժեներական ուսումնարան։

Միխայիլ և Ֆեոդոր Դոստոևսկիները ցանկանում էին զբաղվել գրականությամբ, սակայն հայրը գտնում էր, որ գրողի աշխատանքը չի կարող ապահովել եղբայրների ապագան, և ստիպեց, որպեսզի տղաներն ընդունվեն ինժեներական ուսումնարան, որն ավարտելուց հետո ստանձնած ծառայությունը նյութական բարեկեցություն էր երաշխավորում։ «Գրողի օրագրում» Դոստոևսկին հիշում էր, թե ինչպես էին եղբայրներով Պետերբուրգի ճանապարհին «երազում միայն պոեզիայի և բանաստեղծների մասին», իսկ ինքը «մտքում անդադար վեպ էր հորինում վենետիկյան կյանքի վերաբերյալ»:

Միխայիլ Անդրեևիչ Դոստոևսկու հանելուկային մահը 1839 թվականից առայսօր քննարկման առարկա է գրողի կենսագիրների շրջանում։ Գոյություն ունի նրա մահվան երկու վարկած։ Ըստ պաշտոնական վարկածի՝ գրողի հայրը մահացել է դաշտում՝ կաթվածից։ Մյուս վարկածը հիմնված է ասեկոսեների վրա, թե իբր Դոստոևսկուն սպանել են սեփական գյուղացիները։ Երկու վարկածներն էլ մանրամասնորեն նկարագրել է Դոստոևսկու կենսագիր Լ. Սարասկինան[15] (մաս 2, գլուխ 2, «Հոր մահը և ճակատագրի ընտրությունը»)։

Դեռևս ուսումնարանում սովորելու տարիներին՝ 1840-1842 թվականներին, Դոստոևսկին աշխատում էր «Մարիա Ստյուարտ» և «Բորիս Գոդունով» դրամաների վրա։ 1844 թվականի հունվարին նա գրել է եղբորը, որ ավարտել է «Ժիդ Յանկել» դրաման։ Այդ առաջին պատանեկան ստեղծագործությունները չեն պահպանվել։ 1843 թվականի վերջին և 1844 թվականի սկզբին Դոստոևսկին թարգմանում էր Էժեն Սյուի «Մաթիլդա» վեպը, իսկ ավելի ուշ՝ Ժորժ Սանդի «Վերջին Ալդինին» վեպը՝ միաժամանակ սկսելով աշխատել սեփական՝ «Խեղճ մարդիկ» վեպի վրա։ Երկու թարգմանություններն էլ մնացել են անավարտ։

Զինվորական ծառայությունից ազատվելուց մոտ մեկ տարի առաջ՝ 1844 թվականի հունվարին, Դոստոևսկին ավարտեց Բալզակի «Եվգենի Գրանդե» վեպի առաջին ռուսերեն թարգմանությունը։ Թարգմանությունը կարելի է համարել ազատ վերապատում, քանի որ պարունակում է որոշ անճշտություններ, բացթողումներ, ինչպես նաև՝ որոշ հավելումներ հենց Դոստոևսկուց։ «Եվգենի Գրանդեի» թարգմանությունն արված է ամենավաղ՝ 1834 թվականի հրատարակությունից, այդ պատճառով էլ որոշ չափով հեռացած է բնագրի վերջնական տարբերակից։ Առաջին անգամ Դոստոևսկու թարգմանությունը տպագրվել է 1844 թվականին՝ «Խաղացանկ և պանթեոն» ամսագրում, առանց թարգմանչի անունը հիշատակելու[33]:

1845 թվականի մայիսի վերջին սկսնակ գրողն ավարտեց իր առաջին վեպը՝ «Խեղճ մարդիկ»: Դ. Գրիգորովիչի միջնորդությամբ ձեռագրին ծանոթացան Նիկոլայ Նեկրասովը և Վիսարիոն Բելինսկին։ «Անզուսպ Վիսարիոնը» սկզբում բարձր գնահատեց այդ ստեղծագործությունը։ Դոստոևսկին գրկաբաց ընդունվեց Բելինսկու խմբակում[34] և հայտնի դարձավ նախքան Նեկրասովի կողմից 1846 թվականի հունվարին վեպը հրատարակելը։ Բոլորն սկսեցին խոսել «նոր Գոգոլի» մասին։

Շատ տարիներ անց «Գրողի օրագրում» Դոստոևսկին հիշում էր Բելինսկու խոսքերը.

«Ճշմարտությունը բացված և ավետված է Ձեզ՝ որպես արվեստագետի, տրված է Ձեզ՝ որպես պարգև. գնահատե՛ք Ձեր այդ պարգևը, հավատարի՛մ մնացեք նրան և կդառնաք մեծ գրող...» ․․․Դա իմ կյանքի ամենահիասքանչ պահն էր։ Աքսորավայրում, այդ պահը վերհիշելով, ես գոտեպնդվում էի:

- Ֆ․ Դոստոևսկի, «Գրողի օրագրերը», հունվար, 1877, գլուխ 4:

1859 թվականի հունիսի 30-ին Դոստոևսկուն տվեցին № 2030 տոմսը, որով նա կարող էր մուտք գործել Տվեր, և հուլիսի 2-ին նա լքեց Սեմիպալատինսկը։ 1860 թվականին Դոստոևսկին կնոջ և հոգեզավակի՝ Պավելի հետ, վերադարձավ Պետերբուրգ, սակայն նրա նկատմամբ գաղտնի հսկողությունը շարունակվեց մինչև 1870-ական թվականները։ 1861 թվականի սկզբից Ֆեոդոր Միխայլովիչն օգնում էր եղբորը հրատարակել սեփական «Վրեմյա» ամսագիրը, որը փակվելուց հետո, 1863 թվականին եղբայրներն սկսեցին լույս ընծայել «Էպոխա» ամսագիրը։ Այդ ամսագրերի էջերին հայտնվեցին Դոստոևսկու այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք են «Ստորացվածներն ու վիրավորվածները», «Նոթեր մեռյալ տնից», «Ձմեռային օրագիր ամառային տպավորությունների մասին» և «Ընդհատակյա գրառումները»:

Դոստոևսկին արտասահմանյան ուղևորություն նախաձեռնեց երիտասարդ, կախյալ վիճակից ազատագրված մի օրիորդի՝ Ապոլինարիա Սուսլովայի հետ, Բադեն-Բադենում տարվեց սնանկացնող ռուլետկա խաղով, որի պատճառով սկսեց մշտապես նյութական կարիք զգալ և նույն այդ ժամանակ (1864 թվականին) կորցրեց կնոջն ու եղբորը։ Այդ ժամանակաշրջանում սկսեցին կործանվել նրա պատանեկան սոցիալիստական պատրանքները (որոնց հիմքում ընկած էին եվրոպական սոցիալիստական տեսությունները) և ձևավորվել գրողի կողմից լիբերալ-բուրժուական արժեքների քննադատական ընկալումը[45]: Հետագայում այդ առթիվ Դոստոևսկու մտքերն իրենց արտացոլումը գտան «Գրողի օրագրում»:

ականագետները գրողի ամենանշանակալից ստեղծագործությունների շարքին են դասում, այսպես կոչված, «մեծ հնգամատյանը», որի մեջ մտնում են հասուն վեպերը՝ «Ոճիր և պատիժ», «Ապուշը», «Դևեր», «Դեռահասը» և «Կարամազով եղբայրներ»: Չնայած նրան, որ «Գրողի օրագրում» հրապարակվում էին գրական ստեղծագործություններ, այն համարվում է հրապարակախոսական և քննադատական շարք։

Եղբոր մահից կես տարի անց «Էպոխայի» հրատարակությունը կասեցվեց (1865 թվականի փետրվար)։ Իր վրա վերցնելով «Էպոխայի» պարտքերի հանձնառությունը և ֆինանսական դժվարություններ կրելով՝ Դոստոևսկին ստիպված համաձայնեց իր երկերի ժողովածուն ստրկական պայմաններով հրատարակելու Ֆեոդոր Ստելովսկու առաջարկին և սկսեց աշխատել «Ոճիր և պատիժ» վեպի վրա։ Առաջին գլուխները, որպես լրակազմ, անմիջապես ուղարկվում էին Միխայիլ Կատկովին՝ պահպանողական «Ռուսկի վեստնիկ» ամսագրին, որտեղ էլ լույս տեսան 1866 թվականի փետրվարին և սկսեցին տպագրվել հերթական համարներում։ Մինչև տարեվերջ Դոստոևսկին կարողացավ ավարտել վեպը։

Սակայն, ըստ Ստելովսկու հետ կնքած «հրեշային պայմանագրի» խիստ պայմանների[21], գտնվելով հրատարակչի օգտին 9 տարով հեղինակային իրավունքները և իր հրատարակությունների հոնորարները կորցնելու վտանգի տակ, գրողը ստիպված էր նոր, չհրատարակված վեպ ներկայացնել մինչև 1866 թվականի նոյեմբերի 1-ը։ Դոստոևսկին գտնվում էր մի այնպիսի ծայրահեղ իրավիճակում, երբ այդպիսի կարճ ժամանակահատվածում նոր վեպ գրելը նույնիսկ ֆիզիկապես անհնար էր։ Բոլորովին պատահաբար օգնության հասավ գրողի ընկերը՝ Ա. Միլյուկովը, որը «Խաղամոլը» վեպի ստեղծման գործընթացն արագացնելու համար գտավ լավագույն սղագրուհի Աննա Գրիգորևնա Սնիտկինային։

Աննա Գրիգորևնա Դոստոևսկայա (ծննդյամբ՝ Սնիտկինա)

Վեպի սևագրական աշխատանքը, որ տեղի էր ունենում Պետերբուրգում, Մալայա Մեշչանսկայա փողոցի և Ստոլյարնի նրբանցքի խաչմերուկում[21], այլ ոչ թե Բադեն-Բադենում, ինչի մասին «վկայում է» Դոստոևսկու հարթաքանդակի վրայի գրությունը՝ «Այստեղ գրվել է «Խաղամոլը» վեպը», տևեց 26 օր՝ հոկտեմբերի 4-29-ը։ Հնարավոր է՝ գրողը պատահական չէր ընտրել այդ վայրը, որտեղ տեղի էին ունեցել Միխայիլ Լերմոնտովի «Շտոս» վիպակում նկարագրված դեպքերը և «ապրել էր» Ռասկոլնիկովը։

«Խաղամոլը» վեպի ձեռագիրը հրատարակչին հանձնելուց շատ չանցած Դոստոևսկին ամուսնության առաջարկություն արեց Աննա Գրիգորևնային։ 1867 թ. փետրվարի 15-ին Տրոյիցկի տաճարում տեղի ունեցավ Դոստոևսկու և Ա. Սնիտկինայի պսակադրության արարողությունը։

«Ոճիր և պատիժ» վեպի համար Կատկովը շատ լավ վճարեց, բայց որպեսզի այդ գումարը պարտատերերը չզավթեին, գրողն իր նոր կնոջ հետ մեկնեց արտասահման։ Ուղևորությունն արտացոլվել է այն օրագրում, որ Աննա Գրիգորևնա Դոստոևսկայան սկսել էր վարել 1867 թվականից։ Գերմանիայի ճանապարհին ամուսինները մի քանի օրով կանգ առան Վիլնյուսում։[46]

Երկրորդ կինը՝ Աննա Գրիգորևնան, կազմակերպեց գրողի կյանքը՝ իր վրա վերցնելով ընտանիքի ֆինանսական ղեկավարությունը, իսկ 1871 թվականից Դոստոևսկին ընդմիշտ թողեց պտուտախաղը (ռուլետկան)։

1881 թվականի հունվարի 26-ին (փետրվարի 7-ին) Դոստոևսկու քույրը՝ Վերա Միխայլովնան, եկավ եղբոր մոտ, որպեսզի խնդրի նրան հրաժարվել իրենց մորաքույր Ա․ Կումանինայից ժառանգություն ստացած ռյազանյան կալվածքի իր բաժնից՝ հօգուտ քույրերի։ Լյուբով Ֆեոդորովնա Դոստոևսկայայի պատմելով, բուռն վիճաբանություն տեղի ունեցավ՝ բացատրություններով և արցունքներով, որից հետո Դոստոևսկու կոկորդից արյուն եկավ։ Հնարավոր է՝ այդ տհաճ խոսակցությունը նրա հիվանդության (էմֆիզեմայի) սրացման խթան հանդիսացավ. երկու օր անց գրողը վախճանվեց։

Դոստոևսկու մահվան լուրը տարածվելուց հետո բնակարանը լցվեց մարդկանց խմբերով, որոնք գալիս էին հրաժեշտ տալու մեծ գրողին։ Հրաժեշտ տվողների մեջ շատ էին երիտասարդները։ Նկարիչ Իվան Կրամսկոյը մատիտով և ստվերաներկով նկարեց գրողի հետմահու դիմանկարը։ Նա կարողացավ փոխանցել Ա. Դոստոևսկայայի հիշողության մեջ դրոշմված զգացողությունը. «Հանգուցյալի դեմքը հանգիստ էր, և թվում էր՝ նա չի մահացել, այլ քնած է և երազում ժպտում է իր կողմից նոր բացահայտված մի ինչ-որ «մեծ ճշմարտության»:[47]

Գրողի այրու այս խոսքերը հիշեցնում են Պուշկինի մահվան կապակցությամբ Դոստոևսկու արտասանած ճառի տողերը. «Պուշկինը մահացավ ուժերի բուռն ծաղկման շրջանում և, անկասկած, իր հետ այն աշխարհ տարավ մի մեծ գաղտնիք։ Եվ ահա մենք այժմ առանց նրա բացահայտում ենք այդ գաղտնիքը»:[48]

Պատգամավորությունների թիվը գերազանցում էր հայտարարված թիվը։ Թաղման թափորը ձգվում էր վերստերով։ Դագաղը տանում էին ձեռքերի վրա։ Դոստոևսկու գերեզմանի վրա ելույթ ունեցան Ալեքսանդր Պալմը, Գրողի առաջին կենսագիր Օրեստ Միլլերը, Պավել Գայդեբուրովը, Կոնստանտին Բեստուժև-Ռյումինը, Վլադիմիր Սոլովյովը, ուսանող Պավլովսկին, Պյոտր Բիկովը։

Դոստոևսկին թաղվեց Սանկտ-Պետերբուրգի Ալեքսանդր Նևսկու մայր տաճարի Տիխվինյան գերեզմանատանը։

Չնայած կյանքի վերջում ձեռք բերած ճանաչմանը, իրական, անանցողիկ համաշխարհային փառքը վրա հասավ միայն գրողի մահից հետո։ Մասնավորապես, Ֆրիդրիխ Նիցշեն խոստովանում էր, որ Դոստոևսկին միակ հոգեբանն էր, ումից նա կարող էր ինչ-որ բան սովորել («Կուռքերի անկումը»)։

Report Abuse

If you feel that this video content violates the Adobe Terms of Use, you may report this content by filling out this quick form.

To report a Copyright Violation, please follow Section 17 in the Terms of Use.