Loading

Մրցապայքարի մեջ մտա ոչ թե որպես կին, այլ թեկնածու. Արմինե Մանուկյան 12 տարի՝ Շրվենանց համայնքի ղեկավարի պաշտոնում:

Արմինե Մանուկյանը 4 անգամ վերընտրվել է Կապանի տարածաշրջանի Շրվենանց գյուղական համայնքի ղեկավար: 12 տարի զբաղեցրել է այդ պաշտոնը: Համայնքների խոշորացումից հետո Կապան համայնքի նույնանուն բնակավայրի վարչական ղեկավարն է: Սկզբունքային է, եռանդուն ու նպատակասլաց:

Համայնքին օգտակար լինելու ցանկությամբ, համագյուղացիների վստահությամբ ու ընտանիքի աջակցությամբ՝ տարիներ առաջ ՏԻՄ ոլորտ մուտք գործեց Արմինե Մանուկյանը: Խոստովանում է` համակարգում այդ տարիներին հատուկենտ էին կանայք: Սյունիքի 102 գյուղական համայնքներից 4-ն ունեին կին համայնքապետ, նրանցից մեկը` տիկին Արմինեն էր:
«Ամենաթեժ մրցապայքարը եղել է հենց 2005 թվականին, երբ առաջին անգամ առաջադրվեցի, բայց, ասեմ ձեզ, սեռային տարբերակում չկար: Համայնքի բնակիչներն իմ թեկնածությանն են նախապատվություն տվել՝ հաշվի առնելով ներուժս, այլ ոչ թե կին լինելը: Ընտրություններում հաղթանակ տարա 4 ձայնի առավելությամբ,- վերհիշում է նա և շարունակում,- ընտրվելու առաջին տարում հաջողվեց լուծել գյուղի կարևոր հիմնախնդիներից մի քանիսը, դրանցից էր ջրամբարի կառուցում, դաշտամիջյան ճանապարհների՝ քիչ թե շատ բարեկարգումը»:
Որոշումների կայացման գործընթացում կանանց ներգրավվածությունը պետք է խրախուսել, համոզված է Արմինե Մանուկյանը: Պատմում է, որ իր՝ համայնքապետ ընտրվելուց հետո Շրվենանցում կանայք աստիճանաբար սկսել են ակտիվ գործունեություն ծավալել: Օրինակ՝ առաջադրվում էին որպես ավագանի, տիկին Արմինեի աշխատելու տարիներին աշխատակազմի ղեկավարը ևս կին էր: Այդ կանայք բավականին փոփոխություններեն բերել համայնքի կյանքում:

ՏԻՄ համակարգում աշխատանքի լավագույն գնահատականը Արմինե Մանուկյանը համագյուղացիների վստահությունն ու անմիջական աջակցությունն է համարում, չնայած՝ աշխատանքը գնահատվել է նաև տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների կողմից: Այս տարիների ընթացում մի շարք պատվոգրերի և շնորհակալագրերի է արժանացել:

1997 թ.-ից մինչև 2005 թվականը գյուղի գրադարանում է աշխատել: Այլ գյուղից հարս գալ Շրվենանց ու դառնալ համայնքի ղեկավար՝ տիկին Արմինեի մտքով չէր էլ անցնում.

«37 տարեկանում դարձա գյուղապետ, չնայած` ես այդ բառը չեմ սիրում, այլ նախընտրում եմ համայնքի ղեկավար»,-ասում է նա:

Այսօր այն համոզմանն է, որ ոչինչ պատահական չի լինում: Համայնքի բնակիչների հետ տարբեր նախաձեռնություններով են հանդես եկել` շաբաթօրյակներ, բարեկարգման աշխատանքներ, իսկ հիշատակի օրերին էլ համախմբվում են, միասին հուշարձան այցելում, հարգանքի տուրք մատուցում:

Շրվենանցի 73-ամյա Ռուբեն պապը գոհ է Արմինե Մանուկյանի աշխատանքից: Ասում է՝ ինչ հարցով դիմել ենք, անուշադրության չի մատնել, իր հնարավորությունների սահմաններում լուծում է տվել: Կինը առավել հետևողական է: Շատ պայքարեց, որ գյուղի կրթօջախը չփակվի, բայց ավաղ չհաջողվեց:

Գյուղը կենդանի պահողը դպրոցն է ու մանկապարտեզը: 10 տարի առաջ աշակերտ չլինելու պատճառով Շրվենանցի 100-ամյա պատմություն ունեցող դպրոցը փակվեց, շենքն էլ աստիճանաբար խարխլվեց: Գյուղը դասվեց ծերացող համայնքների շարքին: Այս մասին տիկին Արմինեն սրտնեղած ու մտահոգված է խոսում: Առհասարակ կարծում է, որ ներկայիս իշխանությունը պետք է գյուղերի պահպանման ու զարգացման համար յուրաքանչյուր համայնքի առանձնահատկությունը հաշվի առնելով ծրագիր մշակի:

Խոշորացմանն անդրադառնալով՝ տիկին Արմինեն անկեղծանում է՝ իրավունքների կրճատում, պարտականությունների ավելացում է: Առավելությունը էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունն է: Իսկ, խոշորացված համայնքի երիտասարդ ղեկավար Գևորգ Փարսյանի հետ համագործակցության մասին խոսելիս՝ շեշտում է.

«Բոլորս էլ պետք է մեր աշխատանքով աջակցենք, որ բազմաբնակավայր համայնքը կայանա: Լինենք ամենքս մեր տեղում ու մեր ղեկավարի կողքին»:
Արմինե Մանուկյանը ղեկավար կնոջ կերպարը տուն չի բերում: Քննարկումներ, կարծիքների փոխանակում լինում է, բայց ասում է` տանը որոշիչ է ամուսու խոսքը: Երեք զավակաների մայր ու դեռ 3 թոռների (ակնկալում է, որ թիվը առաջիկա տարիներին կավելանա) երջանիկ տատիկը սկսել է Ամանորի նախապատրաստությունները:
Հայկական ավանդական բաստուրման է առաջին հերթին իր իսկ ձեռքով պատրաստում: Սրանից բաժին կհանի բոլոր երեխաներին, առաջին հերթին կրտսեր որդուն՝ Գարեգինին կուղարկի, նա իր պարտադիր զիվորական ծառայությունն է անցնում ՀՀ զինված ուժերում:

ՆԵԼԼԻ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ

Created By
WomenNet am
Appreciate