Loading

«Ես ու Էմինեն մի ամուսին ունեինք, բայց սիրում էինք իրար քույրերի պես»։ Երեք կանանց պատմություններ Մանոն Բոկուչավա, Քվեմո Քարթլի

Վաղաժամ ամուսնությունները Վրաստանում շարունակում են լուրջ խնդիր մնալ։ 15-ից 19 տարեկան վրացի աղջիկների 14 տոկոսն արդեն ամուսնացած է։ 2018թ-ին 738 անչափահաս ծնող է դարձել ՝ 715 աղջիկ, 23 տղա։Քվեմո Քարթլիի իգական սեռի բնակիչների 32 տոկոսն ամուսնացել է նախքան չափահաս դառնալն, ընդ որում, 5 տոկոսը՝ 13-14 տարեկանում։ 2015թ-ին 13-17 տարեկան 408 դպրոցական ուսումը թողել է ընտանիք ստեղծելու պատճառով, նրանց մեծ մասն աղջիկներ են։Վրաստանում վաղաժամ ամուսնություններով աչքի են ընկնում Քվեմո Քարթլի և Աջարա շրջանները, որտեղ դա ավանդույթ է համարվում։

Ներկայացնում ենք երեք կանանց պատմություններ։ Տարիներ առաջ նրանք երազել են ուսումը շարունակելու մասին, սակայն, ավանդույթի համաձայն, նրանց շատ երիտասարդ տարիքում ամուսնացրել են։ Նրանք պատմում են այն մասին, թե ինչպես է դասավորվել իրենց կյանքը։
Սոնյա Միքելաձե, 68 տարեկան

Ծնվել եմ Շուախևիում՝ Բրիլի գյուղում։ Մենք հինգ երեխա էինք։ Ես երկչոտ երեխա էի։ Հատկապես հորիցս էի վախենում։ Նրա խոսքն ինձ համար օրենք էր։ Դպրոցում շատ լավ էի սովորում։ Ութերորդ դասարանն ավարտելուց հետո ուզում էի ուսումս շարունակել։ Բայց մեր դպրոցն ութնամյա էր, իսկ հարևան գյուղ, որտեղ միջնակարգ դպրոց կար, ինձ արգելեցին գնալ և շուտով ամուսնացրին։

Առաջին անգամ հայրս ինձ ամուսնացրեց 18 տարեկանում։ Պարտադրեց, ու վերջ։ Ամուսնուս չէի սիրում։ Երեք ամիս դիմացա և տուն վերադարձա։ Առաջին անգամ հորս կամքը չկատարեցի։ Դրանից հետո նա հետս ինը ամիս չէր խոսում։

Երբ 20 տարեկան դարձա, նա նորից՝ առանց իմ կարծիքը հարցնելու, ամուսնացրեց ինձ մի 45-ամյա տղամարդու հետ։ Նա արդեն ամուսնացած էր, երկու դուստր ուներ։ Ինձ նրա մոտ ճանապարհելիս, հայրս խրատ տվեց․գոնե երեխա կունենաս։ Իսկ ես այդպես էլ չկարողացա երեխա ունենալ ու, ի վերջո, ամուսնուս թոռանը որդեգրեցի։

Ամուսինս շատ կոպիտ և ճղճղան մարդ էր, սակայն նրա առաջին կինը՝ Էմինեն, զարմանալի կին էր։ Նա ինձ ընդունեց, և 21 տարի նա իմ ամենամոտ ընկերուհիներ էր։ Մենք կարծես քույրեր լինեինք։ Շատ եմ նրան կարոտում, տեղը երևում է։

Էմինեն շատ էր սիրում ամուսնուն։ Նա 25 տարի բանտում էր անցկացրել, իսկ Էմինեն նրան սպասել էր, երկու աղջիկ ունեցել, միայնակ մեծացրել նրանց, երեք անգամ էլ Մոսկվա էր մեկնել՝ ամուսնուն ինչ-որ բանով օգնելու համար։ Եվ, ի վերջո, հասել էր իր ուզածին՝ ամուսնուն հետ էր բերել։ Իսկ նա այդպիսի կնոջը դավաճանել, ինձ որպես երկրորդ կին էր բերել, որպեսզի իր համար որդի ունենամ։ Իսկ ես չկարողացա երեխա ունենալ։

Էմինեի աղջիկներն ինձ շատ են սիրում և գնահատում։ Գիտեն, որ շատ բանի եմ դիմացել հանուն իրենց մոր, և մեծ մասամբ հենց հանուն նրա չեմ հեռացել այդ ընտանիքից։

Շատ տարիներ են անցել։ Սակայն հորս նկատմամբ զայրույթս չի անցել։ Մորիցս նեղացած չեմ։ Մի անգամ հորս ասացի, որ նեղացած եմ իրենից։Նա առաջարկեց ներել իրար և մոռանալ ամեն ինչ։ Բայց ես ասացի, որ երբեք չեմ կարողանա իրեն ներել։

Նույնիսկ այն աշխարհում։ Ախր ես չէի ուզում ամուսնանալ, երազում էի Բաթումում սովորելու, բժշկի ճերմակ խալաթի մասին․․․

Սակայն ամեն ինչ այնպես դասավորվեց, որ չհասկացա անգամ, թե սերն ինչ է։ Չէ, մարդկանց սիրում եմ, իհարկե, բայց այդպես էլ չիմացա, թե ինչ է կնոջ և ամուսնու միջև սերը։ Իսկ այնպիսի ամուսնություններ, ինչպիսին իմն է, հիմա էլ հազվադեպ չեն գյուղերում։

Մաքվալա Ռեսուլիձե, 44 տարեկան

Ես ծնվել եմ Խուլոյի շրջանի Վաշլովանի գյուղում։ Մենք ինը երեխա էինք ընտանիքում։ Փոքր ժմանակ շատ շարժուն էի։

Երևի այդ պատճառով էլ ինձ սպորտը շատ էր գրավում։ Երկու դպրոցների ռեկորդակիր եմ դարձել։ Բոլոր մրցույթներում առաջին տեղն եմ զբաղեցրել։ Միաժամանակ փոքր տարիքից ամեն բան կարողանում էի անել․ դաշտում էլ էի աշխատում, ծխախոտի պլանտացիաներում էլ։ Այն ժամանակ ծխախոտը մեր կողմերում էին աճեցնում։ Խնձորի և տանձի բերքահավաքին էի մասնակցում, թղթի թափոն էի հավաքում ու հանձնում։

Իսկ 14 տարեկանում կանքս փոխվեց։ Սկզբից եղբայրս մահացավ։ Մայրս ծանր հիվանդացավ, չկարողացավն այդ կորուստը վերապրել և երեք տարուց ինքն էլ մահացավ։

Մեր ընտանիքը ծանր ժամանակներ էր ապրում, ու ելք չկար։ Իսկ 19 տարեկանում ինձ ամուսնացրին։ Մինչև հարսանիքն ամուսնուս մի անգամ էի տեսել։ Չէի ասի, որ չհավանեցի, ընդհակառակը։ Բայց չէ՞ որ այլ բան էի երազում։ Մտածում էի բուժակ դառնալ։ Բայց․․․

Սկզբից նոր ընտանիքում ամեն ինչից վախենում էի, վախենում էի ապրել։ Մի կտոր հաց չէի համարձակվում ճաշին վերցնել։ Սակայն սկեսուրիս հարցում բախտս բերել էր, նա լավն էր, ինձ իր հարազատ աղջկա պես էր վերաբերվում։ Քիչ-քիչ ամեն ինչ սովորեցի, շատ էի աշխատում։

Դե, այսօր էլ եմ շատ աշխատում․ անասուններին եմ պահում, դաշտում ու տանն աշխատում։ Ամուսինս հովիվ է։ Ստիպված եմ լուսադեմին արթնանալ՝ մինչև ժամը վեցը, նրա համար ուտելիք պատրաստել, ճանապարհել։ Հետո ամբողջ օրն անհանգստանում եմ, սպասում, որ ողջ ու առողջ տուն վերադառնա։ Հովվի կնոջ կյանքը ծանր է։

Իմ կյանքի փորձից կարող եմ ասել, որ կանայք պետք է գնահատեն իրենք իրենց, ավելորդ բեռ չվերցնեն իրենց վրա, ինչպես ես եմ անում՝ վերցնում ինձ վրա ավելին, քան կարող եմ։ Երեխաներիս էլ եմ ասում․ պետք չէ չափից դուրս ծանրաբեռնվել, ի վերջո, դա առողջությանը կվնասի։ Ես ինքս դա սկսել եմ զգալ։ Բայց չեմ բողոքում, թեև սիրտս ցավում է․ այլ կերպ էի ես ուզում ապրել։ Էն էլ ամեն ինչ այլ կերպ դասավորվեց։ Հիմա արդեն ավելի շատ այն մասին եմ մտահոգվում, որ երեխաներիս չկարողացա կրթության տալ։

Դարիկո Արտմելաձե, 43 տարեկան

14 տարեկանում ինձ հարսի զգեստ հագցրին ու անկյունում կանգնեցրին։ Չեմ էլ կարող նկարագրել, թե որքան վախեցած էի։ Ոչինչ չէի հասկանում, ոչինչ չգիտեի ամուսնության մասին։ Երազում էի սովորել, բայց միայն 6-րդ դասարանը հասցրի ավարտել։

Միշտ ասում եմ․ վաղաժամ ամուսնությունը վատ բան է։ Առաջին տեղում պետք է կրթությունը լինի։ Մարդը պետք է որպես անձ ձևավորվի և ինքնուրույն որոշի, թե ինչպես է ապրելու։

Ես երկու անգամ եմ ամուսնացել։ Այդպես է ստացվել։ Երկրորդ անգամ արդեն՝ սեփական կամքով։ Յոթ երեխա ունեմ, ութերորդ թոռանս եմ սպասում։ Ինչ էլ պատահի, հենց նայում եմ երեխաներիս՝ բոլոր անախորժությունների մասին մոռանում եմ։ Իմ երջանկությունը միայն երեխաներս են։