Loading

Զբոսաշրջային արահետ. ադրբեջանցի էնտուզիաստները երազում են երկիրը վեր կացնել բազմոցից Լեռնային ճամփորդություն, որին կարող է մասնակցել յուրաքանչյուրը

«Արահետ փորել» արտահայտությունը սովորական մարդու համար տարօրինակ է հնչում, սակայն եթե արահետը լեռան լանջին է, այն հենց այդպես էլ գոյանում է: Պետք է բահ և բրիչ վերցնել և հողի մեջ աստիճաններ ու հարթակներ փորել, որպեսզի արահետով հեշտ լինի բարձրանալը:

Ալեքսանդր և Եվգենիա Նաջաֆովները 25կմ այդպիսի արահետ են փորել ադրբեջանական Իլիսու գյուղի շրջակայքի լեռների լանջին: Դա երկու տարի է տևել, թեև ամենուր ստիպված չեն եղել փորել. շատ վայրերում արահետը հատվում է անասունների բացած արահետին: Եվ նրանք միշտ չեն դա ինքնուրույն արել. օգնել են «Իլիսու» զբոսաշրջային պանսիոնատի աշխատակիցները, որտեղից էլ հենց արահետը սկսվում է և առաջացել է այդ ամբողջ գաղափարը: Իսկ գաղափարն այն է, որ զբոսաշրջային արահետը վերածվի բոլոր ցանկացողների համար օգտակար զվարճանքի տեսակներից մեկի:

Նաջաֆով ամուսիններն արդեն երկար տարիներ զարգացնում են ակտիվ հանգստի գաղափարը: Նրանք միանգամից մի քանի սպորտաձևերով են զբաղվում՝ լեռնագնացությամբ, ժայռամագլցմամբ, սպորտային կողմնորոշմամբ, լեռնային դահուկասահքով, ձնաքայլքով: Եվ ոչ միայն զբաղվում են հաճույք ստանալու համար, այլ նաև սովորեցնում են երիտասարդներին, հաճախ՝ պարզապես էնտուզիազմով դրդված: Յուրաքանչյուր ամառ նրանք երեխաների համար սկաուտական ճամբարներ են կազմակերպում, իսկ տարվա մնացած մասը Բաքվում մանկական խմբակի հետ պարապում են սկաուտական մեթոդով. եթե եղանակը թույլ չի տալիս արշավ կամ մրցաշար կազմակերպել, երեխաները սովորում են կողմնորոշվել քաղաքային միջավայրում կամ ալպինիստական հանգույց կապել և տարբեր այլ բաներ, որոնք կարող են պետք գալ բնության մեջ:

Ադրբեջանական զբոսաշրջային արահետը գլոբալ նախագիծ է, որն, ինչպես ասում է Ալեքսանդր Նաջաֆովը, պետք է Ադրբեջանում դառնա outdoor-մշակույթի առանցք: «Outdoor-մշակույթը» բնության հետ փոխազդեցությունն է, նրա հանդեպ հոգատար վերաբերմունքի մշակույթ, որը կարելի է սովորել անտառում, սարերում կամ դաշտում: Դա և հանգիստ է, և առողջության մասին հոգածություն և ինքդ քո մասին ինչ-որ նոր բան իմանալու հնարավորություն:

«Outdoor մշակույթն այն է, թե ինչպես ենք մենք մեզ պահում բնության հանդեպ մեր առօրյա ուրբանիստական միջավայրից դուրս: Իմաստն էներգիայի փոխներթափանցումն է, քեզ սարերի և անտառների մի մասը զգալը, որպեսզի մարդու համար կրկին հետաքրքիր լինի, թե ինչ կա հորիզոնից այն կողմ: Որպեսզի մարդիկ սովորեն այդ միջավայրը չքանդել և ձգտեն իրենցից հետո որքան հնարավոր է քիչ հետք թողնել»:

Իսկ ամենագլխավորը, ինչի համար այս ամենը ձեռնարկվում էր, այն է, որ քեզ կենդանի տիեզերքի մի մաս զգալը լինի ոչ թե «էլիտայի համար նախատեսված շքեղություն», այլ հանգստի այնպիսի տեսակ, ինչպես հիմա, օրինակ, Գաբալայի լեռնադահուկային հանգստավայրն է: Այնտեղ գնում են բացարձակապես բոլորը, իսկ ովքեր չեն ուզում դահուկասահքով զբաղվել, նրանք պարզապես սելֆի են անում և մաքուր օդ շնչում: Իլիսուի արահետն էլ բավականին թեթև ուղիներ ունի, օրինակ, ընտանիքով մինչև ճաշը զբոսնելու համար, բայց կան նաև բարդ ուղիներ՝ մի քանի օրով արշավներ, ֆիզիկապես լավ պատրաստված անձանց համար:

Պրոֆեսիոնալների համար այստեղ թրեյլ-րանինգի՝ լեռնային արահետներով վազքի մրցաշարեր են արդեն անցկացվել: Առաջինը Քաշքաչայ գյուղ (այնտեղ է հիմա ավարտվում արահետը) հասավ բրիտանացի մի մարզիկ, որը 25 կիլոմետրն անցավ մի քանի ժամում: Չորրորդը ոչ հեռու գտնվող Գախ գյուղից մի տղա էր, պատմում է Եվգենիա Նաջաֆովան:

«Նա ոչ նորմալ մարզակոշիկ ուներ, ոչ նորմալ հանդերձանք, վազքուղու վերջում ոտքերն արյունլվա էր արել, սակայն այնուամենայնիվ գրեթե մրցանակային տեղ զբաղեցրեց»:
Թրեյլռաննինգի մրցումների հաղթող Գրեհեմ Բրուկ
Ադրբեջանցի թրեյլռաններ Ալիմարդանով Էլչին

Ի դեպ, տեղի բնակիչների մասին. ընդհանուր առմամբ, արահետը պետք է շրջակա գյուղերին մեծ օգուտ բերի: Եթե այն ենթակառուցվածքներով շրջապատվի, ինչպես դա տեղի է ունենում աշխարհի «լուրջ» արահետների հետ, տեղի բնակիչների համար հարյուրավոր աշխատատաեղեր կբացվեն, իսկ բիզնեսի համար՝ հիանալի հեռանկարներ. դա և հուշանվերների վաճառք է, և վարձով տրվող բնակարաններ, և հենց արահետի վրա աշխատանք՝ որպես ուղեկցորդ, օրինակ:

Արահետը նաև «կրթական» գործառույթ ունի. այնտեղ արդեն ցուցատախտակներ կան, որոնց վրա գրված են ծառերի անվանումները: Իսկ ձյան վրա մերթընդմերթ օգտակար տեղեկատվություն է հայտնվում՝ այստեղի սարերում ապրող կենդանիների հետքերը: Հյուրերին սովորեցնելը, թե ինչպես պետք է մարդ իրեն պահի անտառում, որպեսզի չնեղացնի անտառի չորքոտանի տերերին, ուղեկցորդների խնդիրը կլինի:

Նաջաֆովների պլանները բավականին հավակնոտ են. արահետ անցկացնել ողջ Կովկասյան լեռնաշղթայով, հասնել Դաղստան, և արդյունքում նախագիծը միջազգային դարձնել: Սակայն արահետը ֆինանսական և տեղեկատվական աջակցության կարիք ունի: Պետք է անձնակազմ հավաքել և սովորեցնել, անվտանգության համակարգ ապահովել: Ներկայում արահետով զբոսնելու ցանկություն ունեցողներին Նաջաֆովներն իրենց հանդերձանքն են տալիս, իրենք էլ հենց նրանց հետ գնում են որպես ինտրուկտորներ: Այսինքն ամեն ինչ դեռևս «տնական ձևերով» է:

Բացի այդ, ավելի գլոբալ խնդիր կա:

Ադրբեջանում տնից դուրս ակտիվ հանգստի ավանդույթ դեռևս չկա, այն էլ՝ ընտանեկան: Շատ գեղեցիկ բնության և ադրբեջանական սարերի և անտառների հսկայական զբոսաշրջային ներուժի պայմաններում մարդիկ չեն շտապում ավելի անմիջականորեն այդ բնության հետ «շփվելու»: Նոր «Շահդաղ» լեռնադահուկային հանգստավայրը մի փոքր մերձեցրել է ադրբեջանցիներին դահուկների հետ, սակայն անտառածածկ լեռնալանջերը դեռևս շարունակում են համայնապատկերի մի մաս մնալ: Իսկ Բաքվից եկած զբոսաշրջիների համար շրջաններում սպա-հյուրանոցներ և ռեստորաններ են կառուցում, բնությունը մնում է միայն որպես «ֆոն»:

Իլիսու հասնելու համար Բաքվում պետք է Գախ գնացող գնացքի տոմս գնել: Գնացքը ամբողջ գիշեր գնում է, իսկ առավոտյան հասնում է Գախ, բայց դեռևս պետք չէ իջնել: Դրանից հետո մի կանգառ է լինելու, որ կոչվում է «տաղավար»: Այստեղ գնացքը սպասում է ուղիղ հինգ րոպե, այդ պատճառով էլ պետք է արագ իջնել: Ոչ մի կայարան այդտեղ չկա, բայց հերթափոխում են տաքսու վարորդները, որոնք խորհրդանշական գնով ձեզ Իլիսու կհասցնեն:

Լեռան լանջին գտնվող անտառը գեղեցիկ է տարվա ցանկացած եղանակին. աշնանը կարելի է տեսնել դեղինի, կարմիրի բոլոր նրբերանգները, գարնանն ամեն ինչ ծաղկում է, իսկ ամռանը վառ կանաչ է: Սակայն ամենագեղեցիկը վերևից՝ լեռան գագաթից, բացվող տեսարանն է:

Created By
JAMnews Caucasus
Appreciate

Report Abuse

If you feel that this video content violates the Adobe Terms of Use, you may report this content by filling out this quick form.

To report a Copyright Violation, please follow Section 17 in the Terms of Use.