Loading

Բուզավեթ գյուղը հարուստ է եկեղեցիներով, մատուռներով...

Բուզավեթից 700 մետր հյուսիս-արևելք՝ բլրի վրա, պահպանվել են Սուրբ Խաչ մատուռի ավերակները։

Գյուղի բնակիչներից շատերը հստակ չգիտեն, թե երբ է այն կառուցվել: Բուզավեթի տարեցներից Կառլեն Մարուքյանի խոսքով այն թվագրվում է 18-19-րդ դարերին. «Մատուռը հոգևոր ու պատմական արժեք է ունեցել ու մինչև օրս էլ ունի: Սակայն գյուղի բնակիչները վախենում են ուխտագնացության գնալ, մոմ վառել, քանի որ կառույցը վթարային է»:

Գյուղի բնակիչ Էդգար Թոսունյանն էլ պատմում է, որ գյուղի բարերաներից մեկը ցանկություն է հայտնել վերանորոգել մատուռը, սակայն այդպես էլ պետության թույլտվությունը չի ստացել. «Գյուղի բնակիչներից մեկը երազ էր տեսել ու տանիքը վերանորոգել: Թեև տանիքը որոշ չափով դանդաղեցնում է մատուռի պատերի քայքայումը, սակայն չի կարող կանխել այն»:

Այնուամենայնիվ բուզավեթցիները շարունակում են մատուռի տարածքում մատաղ անել, մոմ վառել:
Գյուղամեջ գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին ևս նույն ճակատագրին է արժանացել:
Եկեղեցու գավիթն ամբողջությամբ բացակայում է, պատերն էլ տարոց տարի էլ ավելի են քանդվում:

Բուզավեթի բնակիչ Էդգար Թոսունյանի խոսքով` վեց տարի առաջ գյուղի բարերարներից մեկը փորձ է արել կառուցել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, սակայն չի կարողացել ստանալ թույլտվություն:

Եկեղեցու հարակից տարածքում լցված ավազը մինչև օրս այդպես էլ մնացել է` սպասելով վերանորոգման աշխատանքներին: