Կարոտի ճանապարհ Երևան-Մարտունի

Կարո՜տ, կարո՜տ ու էլի կարո՜տ...Կարոտը հեռավորության զգացումն է։ Կարոտում են ընտանիքը,ընկերոջը,տունը,այգին,դպրոցը,սենյակը, այն ճանապարհը,որը տանում է տուն,նույնիսկ այն մթությունն ու լույսը, որոնք ձևավորում են թանկ և հարազատ ստվերներ։ Կարոտում եմ, կարոտում եմ շա՜տ... և այժմ այդ կարոտի ճանապարհը մոտավորապես 130 կմ է (խոսքս Երևան-Մարտունի ճանապարհի մասին է)։Հիմա մտածում եք, թե դա այդքան էլ շատ չէ կարոտի համար,բայց ու՞մ կարծիքն է հաշվի առնում այդ զգացմունքը։ Ահա՛, իջնում է գեղեցիկ երեկոն, և կարոտի ճանապարհը մեզ տանում է տուն։ Ճանապարհի ձախ եզրին՝ բարձունքում, կանգնած է հզոր արծիվը,որը պատրաստվում է թռիչքի,որքա՜ն ուժ և պայքար կա նրա մեջ։Ահա այստեղ վերջացավ Երևանը։

Ճանապարհը անցնում է Կոտայքի մարզով.երևում են լեռների տակ ծվարած Չարենցավանը,Ծաղկաձորի գեղեցիկ լեռները՝ մշուշոտ ու խիտ անտառներով և Հրազդանը։

Շուտով մտքերս, ամուր բռնելով իմ ձեռքերից, ինձ տանում են իմ հարազատ գյուղ՝ Ներքին Գետաշեն, այն վայրը, որի տեղում միջին դարերում եղել է Սյունի նախարարական տոհմի Հայկազուն ճյուղի իշխանանիստ Կոթ քաղաքը(9-րդ դար)։ Այն գյուղը, որը 9-10-րդ դարերում կարևոր առևտրային հանգույց է եղել Դվին-Պարտավ քարավանային ճանապարհի վրա, ինչպես նաև Բագրատունիների արքունական ձկնորսարանը (որքա՜ն հեռու են գնացել իմ մտքերը)։ Այժմ այն հին քաղաքից պահպանվել են Կոթի Սբ․ Աստվածածին եկեղեցին, կամ, ինչպես տարածաշրջանում է հայտնի Կոթավանքը, և բազմաթիվ խաչքարեր։ Կոթավանքը՝այդ լուռ հսկան, իր բարձունքից հսկում և պաշտպանում է գյուղը։
Կոթավանքը վերանորոգումից առաջ և հետո

Ժամանակակից գյուղը հիմնադրվել 1828-1829 թվականներին Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի Թոփրախկալա գյուղից, ինչպես նաև Մուշից գաղթած հայերի կողմից։Գյուղի կենտրոնում գտնվում են Սբ. Գրիգոր Լուսավորիչ (19 դ.) և Սբ. Վարդան (9-10 դդ.) եկեղեցիները, Սբ. Ամենափրկիչ մատուռը (12-13 դդ.)։Գյուղի մոտ կան նաև դամբարանադաշտ, միջնադարյան գյուղատեղի և 11-13-րդ դարերի «Իշխանհատիկ» եկեղեցին։Գյուղի միջով հոսում է Արգիճի գետը(Այիջա,Իշխանագետ,Կոթի գետ),որը սկիզբ է առնում Գնդասարից և թափվում է Սևանա լիճը։Գետի ափին կա մի փոքրիկ ջաղաց,որից հիանալի տեսարան է բացվում ,այն դրախտի մի անկյունն է կազմում։Այս գետի,մեր անտառի հետ կապված որքա՜ն հիշողություններ կան...Լա՛վ, մի կողմ թողնենք այդ հիշողությունները։

Մեր գյուղը ծվարած է Արմաղան լեռան փեշերին,որը այնքան քնքշությամբ է գրկել այն։Արմաղան լեռը Գեղամա լեռնաշղթայի մոտ 3000 մետր բարձրության գագաթ է։ Արմաղան անունը շատ հնուց է եկել։Արմաղանը Սասունցի Դավթի կնոջ անունն է։ Լեռը իր գեղեցկության, բարձր լինելու և անհասանելիության պատճառով կոչել են Արմաղան ։ Գագաթային մասում ունի հրաբխային խառնարան՝ մոտ 150մ տրամագծով, որը լցված է ջրով:Գոգավորության մեջ պահվում է մի գեղեցիկ լճակ, որը հատկապես մայիս-հունիս ամիսներին շատ ջրառատ է լինում։ Լճակում հայտնվում են բազմապիսի ջրային թռչուններ։ Լճակի ափերը ծածկվում են ծաղկի գորգերով։Արմաղանի գագաթը երբեմն- երբեմն պատվում է մառախուղով:Ըստ ավանդապատումի մառախուղը իջնում է, որ փերիները գան ջուր խմելու ու մնան մարդկանց անտեսանելի:

Արմաղան լեռան գագաթը
Արարատը Արմաղանից

Բարձր երաժշտություն,մերթընդմերթ արգելակում...Սթափվում եմ...Ներսի ջերմության և դրսի ցրտի բախումից պատուհանս պատվել է գոլորշիով՝մշուշվել է դրսի գեղեցիկ տեսարանը։Ահա՜, մեկ ժամ և ես արդեն տանը կլինեմ։ Սևանում ենք...Արևը իր տաք ձեռքերով վերջին անգամ շոյում է լճի ամոթխած դեմքը,ուզում է վերջապես հանել այդ սառցե սպիտակ քողը։

Րոպեներ անց երկինքը այնպիսի գեղեցիկ գույներ ստացավ՝վառ կարմիր,վառ դեղին,արևը ոսկևորել է ողջ աշխարհը։Լուրթ երկինքը օծվել է բազմահազար երանգներով,իսկ լեռները հրե աստղիկներ են արձակում։

Մայրամուտ է... Հեռվում երևում է Սևանի թերակղզին, որը գրկել է արևի ճառագայթներից վառված գմբեթով վանքը(Սևանավանք)։Մի փոքր ճանապարհ անցնելուց հետո երևում է ևս մեկ վանք՝Հայրավանքը,որի հետ է կապված մի ավանդազրույց,ըստ որի, 1381-ին՝ Լենկթեմուրի արշավանքի ժամանակ, Հայրավանքի վանահայր Հովհանը Քրիստոսի Խաչափայտի մասունքով խաչի զորությամբ բռնակալի գերեվարած հազարավոր հայերի փոխակերպել է աղավնու և ազատ արձակել,որտեղից էլ առաջացել է վանքի մյուս անունը՝Մարդաղավնյաց։

Հայրավանք

Սևա՜նը ,այս չքնաղ Սևանը, իսկ ի՞ն չ գիտեք դուք նրա մասին։

Սևանա լիճը աշխարհի՝ քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է` Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։ Հնում հայտնի է եղել Գեղամա ծով, Գեղարքունյաց ծով կամ Լիխնիտիս անուններով։Հայկական բարձրավանդակի՝ մեծությամբ երրորդ լիճն է՝ Վանա լճից և Ուրմիոյից հետո։ Ի տարբերություն այդ երկուսի՝ բաց լիճ է և ունի քաղցրահամ ջուր։ Լիճ են թափվում 28 մեծ ու փոքր գետակներ՝ Արգիճի, Մասրիկ, Գավառագետ, Կարճաղբյուր, Վարդենիս, Ձկնագետ, սակայն սկիզբ է առնում միայն մեկը՝ Հրազդանը։

Լճի ծագումնաբանական վարկածներից մեկի համաձայն՝ այն առաջացել է չորրորդական ժամանակաշրջանում։ Այն գոյացել է հրաբխային գործունեության հետևանքով՝ միջլեռնային տեկտոնական իջվածքում սառցադաշտային և ձնհալոցքային ջրեր լցվելու արդյունքում։ Չորս կողմում առանձնակի շրջապատում են Արեգունու, Սևանի, Վարդենիսի, Գեղամա լեռները։

Սևանավանք

Երկար ժամանակ լճի անունը բացատրվում էր հայերեն սև և վանք բառերից, որոնք բնութագրում էին Սևանավանքը։ Վերջինս կառուցել էր Սյունիքի իշխանուհի Մարիամ Բագրատունին՝ սև տուֆից (9-րդ դար)։

Գոյություն ունի լճի անվանման ծագման երկու ավանդություն.

Սևանա լճի տեղում առաջ ցամաք է եղել՝ անտառապատ բլուրներով, ծաղկավետ դաշտերով ու բերրի վարելահողերով։ Գյուղին մոտիկ բլրի տակ եղել է մի ջրառատ աղբյուր, որից ջուր վերցնելիս գյուղացիները հանում էին ակունքի մեծ փակիչը և ապա զգուշությամբ հարմարեցնում տեղում։Մի երեկո գյուղի հարսներից մեկը ջրի է գնում աղբյուր, հանում է փակիչը, կուժը լցնում ու գալիս տուն՝ մոռանալով փակել ակունքը։ Ջուրը դուրս է հորդում, ծավալվում չորս կողմ, երբ հասնում է տնակներին, բնակիչները փախչում են, ասելով «Քար դառնա ով բաց է թողել ակունքը»։ Եվ մոռացկոտ հարսը քար է դառնում, իսկ ջուրը անընդհատ հոսելով գոյացնում է Սևանա լիճը, որի երեսից հազիվ վեր է բարձրանում քարացած հարսի գլուխը՝ Հարսնաքարը։

Վանեցիները գաղթում և վերաբնակվում են Սևանի ափերին՝ որոշելով, որ դա էլ մի Վան է։ Բայց հետո տեղի ցուրտ ու դաժան կլիման դուր չի գալիս նրանց։ Նրանք հիշում են իրենց երկրի մեղմ ու տաք բնությունը, իրենց բարեկեցիկ կյանքը և դառնորեն կանչում՝ «Սև Վան եկավ մեր գլխին, սև Վան»։ Ու այդպես էլ լճի անունը մնում է Սևան։

Ահա մենք անցանք Գավառը,Երանոսը,Լիճքը և այժմ գյուղամիջյան ճանապարհով կհասնենք տուն,որքան հարազատ է միջավայրը,մարդկանց մշուշված դեմքերը,շինությունները,փողոցները (նույնիսկ խավարում)։Գեղեցիկ է իմ ծննդավայրը,գեղեցիկ է տարվա բոլոր եղանակներին։Ահա և այն բակը,այգին, որոնց այդքան կարոտել էի։

Մեր այգում աշնանը հասունանուն են տարբեր մրգեր և հատապտուղներ,դրանց համի և գեղեցկության մասին բառերով պատմելը ավելորդ է, դրանք տեսնել և համտեսել է պետք։

Սպասե՛ք,սպասե՛ք,դուք ուզո՞ւմ եք հեռանալ կայքից,առանց իմանալու,որ ես 2 օր հետո կարոտեցի իմ համակուրսեցիներին, ընկերներին,համալսարանը,դասախոսներին... Եվ ճանապարհը նույնն էր՝Մարտունի-Երևան՝ կարոտի ճանապարհ։

Նյութին վերաբերող նկարներ.

Created By
Lilit Hovhannisyan
Appreciate

Made with Adobe Slate

Make your words and images move.

Get Slate

Report Abuse

If you feel that this video content violates the Adobe Terms of Use, you may report this content by filling out this quick form.

To report a Copyright Violation, please follow Section 17 in the Terms of Use.