Loading

Պատերազմի հետեվանքները սահմանամերձ դարձած գյուղերում ապրելը կրկնակի բարդացել է

Գորիս-Կապան ավտոճանապարհի երկու հատվածներ ադրբեջանական զինուժի կողմից փակելու եւ մի քանի օր Հայաստանից Սյունիքը կտրելու հերթական սթափեցնող հարվածը կրկին հանրությանը հիշեցրեց, որ պատերազմի հետեւանքները շարունակվում են, եւ սողացող պատերազմը ոչ միայն խարխլել է անվտանգային ողջ համակարգը, այլ նաեւ բացառել գյուղական համայնքներում զարգացման հնարավորություններն ու կենսական անհրաժեշտության ծրագրերը։

Սյունիքի մարզ ուղևորվելը պահանջում է նյարդերի լարում և ներքին կամք, որպեսզի հանդուրժես նոր սահմանային իրողությունը։ Գորիս-Կապան ճանապարհահատվածն անցնում է ուղիղ ադրբեջանցիների դիտակետերի տակով։Ադրբեջանական զինուժի դիտակետերի ներքո է նաև Կապան-Շիկահող-Ծավ ճանապարհահատվածը։ Բավականին լավ վերանորոգված ճանապարհին սակավաթիվ մեքենաներ են, երեք գյուղացիներ արդեն մի ժամ էր վառող արևի տակ սպասում էին որևէ տրանսպորտային միջոցի։ Մեզ նկատելուն պես, կանգնեցրեցին մեքենան, ճանապարհին նախազգուշացրեցին, որ ադրբեջանական դիրքերի ուղիղ դիտակետի տակով ենք անցնելու ու հերթով ցույց տվեցին, թե ինչ դիրքեր են զբաղեցնում նրանք։ Պատմեցին միջադեպերի մասին, որ երբեմն քարեր են նետում բարձր դիրքերից Ծավ-Կապան ճանապարհի տրանսպորտային միջոցների ուղղությամբ։

Սրաշեն գյուղի արոտավայրերը

Գյուղացիների խոսակցությունից զգացվում էր, որ այս սահմանային նոր իրողության հետ չեն հաշտվել, գրեթե ամեն օր բախվում են ադրբեջանցիների սադրանքներին․ մի օր կով են գողանում, մի օր ձի, մի օր կրակում են, մի օր էլ տեղացիները հավաքած խոտը չեն կարողանում դաշտից տուն բերել։ «Էս տարի 1 տուկ խոտը ոսկու գին ունի, արժի 2000 դրամ»,- դաշտերի սակավ խոտածածկույթին նայելով պատմում է շիկահողցի երիտասարդը։ Գյուղացիներին իջեցրեցինք Շիկահող գյուղ, մենք շարունակեցինք ճանապարհը դեպի Սրաշեն բնակավայր։

Գյուղ Սրաշեն

44- օրյա պատերազմից հետո Սրաշեն գյուղը դարձել է սահմանամերձ։ Անահիտ Բաղդասարյանը ընդամենը 1 տարի է, ինչ Սրաշենի (բնակչության թիվը 100, Կապան խոշորացված համայնք) վարչական ղեկավարն է, բայց արդեն հասցրել է բախվել խնդիրների, որոնք պատերազմից հետո էլ տասնապատկվել են։ Անահիտ Բաղդասարյանը ցույց է տալիս իրենց գյուղի արտերը, որոնք մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ասում է՝ գյուղի հիմնական զբաղմունքը՝ անասնապահությունն, անհնար է դարձել, այլևս չեն կարողանում անասուններին ազատ բաց թողնել հանդը, եթե մի օր չեկան, ուրեմն՝ էլ չեն գա, նշանակում է ադրբեջանցիները տարել են։ «Կուզենայինք, որ սահմանազատում լիներ, ինչ-որ նշաններ լիներ, որ թուրք-հայ սահմանը գծված լինի, որպեսզի կարողանայինք հանգիստ խղճով մեր խոտը բերեինք»,- ասում է Ստեփանյանը։

«Ծրագրեր ունեինք գյուղում անասունի գլխաքանակն ավելացնելու, բայց գյուղացիներն արդեն իսկ կրճատել են՝ արոտների կորստի պատճառով, արոտներն անցել են վտանգավոր գոտի,- ասում է Անահիտի ամուսինը՝ Արամայիս Ստեփանյանը։ «Էս գյուղը խմելու ջրի խնդիր ունի, տեխնիկայի խնդիր ունի, եթե պետությունը գյուղացուն սատար կանգնի, միգուցե գյուղացիները զգան իրենց մեջքին աջակցություն, ավելի լավ ապրեն ու զարգացնեն իրենց տնտեսությունը»։ Սրաշեն գյուղը մինչեւ պատերազմը՝ ըստ Սյունիքի մարզպետարանի կայքում տեղադրված տվյալների, ունեցել է 2122 հա հողատարածք, որի մեջ մտել են գյուղատնտեսական նշանակության հողերը` 408 հա, որից` վարելահող` 172 հա, խոտհարք` 16 հա, արոտ` 187 հա, այլ հողատեսք`33 հա եւ բնակավայրերի հողեր` 28 հա։ Պատերազմից հետո տարածքները ոչ միայն կրճատվել են, այլ նաեւ խիստ վտանգավոր դարձել գյուղատնտեսական որեւէ գործունեության համար։

Սրաշեն գյուղի բնակիչները հորդորեցին անպայման այցելել Ներքին Հանդ գյուղ, որը Սրաշենից մի քանի կիլոմետր էր հեռու։ Գյուղն ամբողջությամբ թաղված է կանաչի մեջ, դիմացը Սոսիների պուրակն է, որտեղի ծառերն առնվազն 1500 տարեկան են։ Ներքին Հանդ գյուղը ևս դարձել է սահմանամերձ,գյուղի տները ադրբեջանական դիրքերից ընդամենը 250-300 մ հեռավորության վրա են։ «Վարելահող ու այգի ունենք, որ մնացել է էնտեղ (նկատի ունի ադրբեջանցիների վերահսկողության տակ անցած տարածքները), աճեցնում էինք կառալյոկ, չոռնասլիվա (սև սալոր)։ Արոտավայրերի կրճատումից հետո խնդրել ենք սեփական հողեր ունեցող գյուղացիներին, որ իրենց հողը տան մշակեն կարիքի մեջ գտնվողները։ Մարդիկ կան, որ խոտ չեն հավաքել, որոշել ենք բնակիչներով օգնենք էտ մարդկանց։ Գյուղացիները որոշել են, եթե անասունները հանդ գնան ու չգան, այլեւս չեն պահի անասուն»,- ասում է Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը։ Բաղդասարյանը հիշեցնում է, որ հակառակորդի նշանառության տակ ապրող համայնքները կրկնակի ուշադրության կարիք ունեն, առաջնահերթը՝ անվտանգության պահպանման։ «Մեզ պետք է պոստերի ամրապնդում, որ ավելի ապահով զգանք, էսօր տեղեր կա, որ բաց ա, պոստից պոստ՝ 5-6 կմ։ Տեղեր ունենք, կարելի է ցանկապատել, որ անասունները չանցնեն, երևի մի կիլոմետր տարածքի մասին է խոսքը»։

Սյունիքի մարզպետարան արված լրագրողական հարցման պատասխանում գրված է, որ 44-օրյա պատերազմի ավարտից հետո, Կապան խոշորացված համայնքի, ՀՀ պետական սահմանի հետ համընկնող հատվածներում իրականացվել են պաշտպանական դիրքավորման աշխատանքներ։ «ՀՀ պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման աշխատանքները ներկայումս չեն իրականացվում, քանի որ դեռևս կնքված չէ համապատասխան միջպետական պայմանագիր։ Կապան համայնքի վարչական տարածքում գտնվող խոտհարքները և արոտավայրերը ներկայումս ամբողջությամբ հասանելի են գյուղացիական տնտեսությունների կողմից օգտագործման համար»։ Մինչդեռ, Կապան խոշորացված համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի պատասխան նամակում էլ համայնքի ղեկավարը նշում է, որ կրճատվել են 55 հա վարելահողեր, մասնավորապես, Դավիթ բեկ, Սյունիք եվ Կաղնոտ բնակավայրերում։

Ծավ և Շիշկերտ գյուղեր
Խոտհարք Սյունիքի համայնքներում

Ներքին Հանդից ուղևորվեցինք Ծավ եւ Շիշկերտ գյուղեր, որը նույնպես կրել է տարածքային կորուստներ, ճանապարհի ձախ կողմում խիտ անտառածածկ գոտի էր, ադրբեջանական դիտակետերը գտնվում են հենց անտառների մեջ, գրեթե տեսանելի չեն։ Շիշկերտ գյուղն (բնակչությունը 50 մարդ) ունի 6000 հա արոտավայր, սակայն չունի հասանելի ճանապարհներ, որով տեխնիկա կբարձրանա և խոտ կքաղի։ Ծավ գյուղում էլ (բնակչությունը 319 մարդ) հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և մեղվապահությամբ, մթերքը վաճառում են մարզկենտրոն Կապանում կամ հանձնում Սյունիք Ֆուդ ընկերությանը։

Դժվարությունները գյուղում բազմաթիվ են, սակայն կրկին ամենամեծ հարցը անվտանգության պահպանումն է, որը եւս դեռ ապահովված չէ այս համայնքի սահմանային հատվածում։ Գյուղացիների պահանջը կառավարությունից առաջին հերթին անվտանգությունն ապահովելն է, նաեւ ոռոգման ջրի խնդիր լուծելը․ հողեր ունեն, սակայն անջրդի են, որը հնարավոր էր օգտագործել գյուղատնտեսական գործունեության համար։ Վայոց ձորի գյուղերում եւս արոտավայրերի խնդիրը սրվել է պատերազմից հետո։

Վայոց ձորի մարզի Ջերմուկ խոշորացված համայնքի մեջ մտնող Գնդեվազ գյուղում (բնակչության թիվը 864) նույնպես կա խոտի խնդիր, մինչ պատերազմը Քարվաճառի հատվածից՝ Ջերմուկի սարերից, գյուղացիները կարողանում էին խոտ բերել, բայց հիմա այդ տարածքներում ադրբեջանական բանակն է դիրքավորվել։

Վայոց Ձորի մարզի Ջերմուկ խոշորացված համայնքը չնայած որ սահմանամերձ գոտու կարգավիճակ չունի, սակայն նույնպես կորցրել է արոտավայրեր։ Գնդեվազ (Ջերմուկ խոշորացված համայնք) գյուղի բնակիչ Սևակ Մկրտչյանն ասում է․«Ժամանակին գնում էինք սար, հիմա թուրքերը եկել են, նստել են ընդեղ, էլ չենք կարողանում գնանք, միակ հույսը էս գյուղի տարածքն ա»։ Նա տարեկան 1000-1100 տուկ խոտ էր հավաքում որպես ձմռան պաշար, էս տարի հասցրել է հավաքել ընդամենը 500 տուկ խոտ։ «Էս տարի սարսափելի ա, խոտ չկա, անցած տարի 1 հա տարածքից քաղում էինք 100-ից 80 տուկ, էս տարի քաղում ենք՝ 40-30 տուկ։ Ամեն տարի մենք էս ծղոտին չէինք նայում, էս տարի սա էլ ենք հավաքում։ Մինչև օգոստոսի սկիզբ ինչ հնարավոր կլինի, կհավաքել կհավաքենք էս սարեր, ձորերից, ձմեռը ինչքան կարողանանք, շատ կարածացնենք անասունին, որ կարողանանք մինչև գարուն յոլա գնանք»,- ասում է Մկրտչյանն ու պնդում, որ անասունների ջարդ չեն անելու։

Նույն խնդրին բախվել են նաեւ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչները։ Օգոստոսի 31-ին Ադրբեջանցի զինծառայողները հրդեհել էին նաև Կութ և Սոթք գյուղերի մոտակայքում գտնվող արոտավայրերը։ Հրդեհները ոչ միայն գյուղացիներին վախեցնելու նպատակ ունեին, այլ նաեւ տնտեսական վնաս հասցնելու։ Համայնքապետ Հակոբ Ավետյանի խոսքով՝ առանց այն էլ բնակիչները դժվարությամբ էին անասուններին պահում, հրդեհի հետևանքով էլ շատ ավելի բարդացավ:

«Խոտհարքները, արոտավայրերն են վառվել, մարդիկ պետք է դեռ խոտ իջացնեին ու այլեւս չենք կարողանալու, առանց էն էլ շատերը անասուն են կորցրել, վտանգավոր է արոտավայր ուղարկելը, հիմա էլ դե արդեն խոտ չկա, արոտավայր չկա»,- ասում է համայնքապետը։

Հայաստանում, հատկապես սահմանամերձ համայնքներում այս տարի խոտի սակավության հարցը սրվել է հատկապես արոտավայրերի տարածքների կրճատման պատճառով։ Սակայն, խնդիրը կրկնապատկվում է նաեւ ոռոգման ցանցերի բացակայության հետեւանքով։ Արոտավայրերի կրճատման և սակավ խոտի պատճառով սպասվում է անասնագլխաքանակի կրճատում, ինչը հանգեցնելու է կաթնամթերքի, մսի ծավալի կրճատման, մթերքների գնաճի եւ դրանից բխող սոցիալական բազմաթիվ խնդիրների։

Հեղինակ՝ Թեհմինե Ենոքյան
«Հանուն ժողովրդավարության Եվրոպական» հիմնադրամ / «Հանուն հավասար իրավուքների» ՀԿ / Հոդված 3 ակումբ