Loading

ՄԵԾ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ՝ ՓՈՔՐ ՍԵՆՅԱԿՈՒՄ

Սպիտակի Իտալական թաղամասում Վահագնին բոլորը գիտեն․ Բարձրահասակ, թուխ մաշկով ու խիտ մազերով երիտասարդը, որ խոսում է 4 լեզվով ու զարմանալի ամուլետներ կրում։ Թաղամասում ում համակարգիչը խնդիր ունեցավ, միանգամից Վահագնին են կանչում։ Գիտեն՝ չկա խնդիր, որ չկարողանա լուծել։ Ընթացքում էլ կպատմի զարմանահրաշ պատմություններ՝ Հնդկաստանից, Աֆրիկայից ու աշխարհի մյուս ծայրերից, որտեղ եղել է։
Վահագնին գտնելը հեշտ է։ Նա միշտ նույն տեղում է՝ Սպիտակի խնամքի տանը, որտեղ ապրում է արդեն 5 տարի․ Այսօր Վահագնի տեսած մեծ աշխարհը սահմանափակվում է խնամքի տան փոքր բակով։
«Ես ծնվել եմ Երևանում։ Ծնողներիս ապահարզանից հետո, 2 տարեկանում, մայրիկս մեզ Ախլցխա տարավ։ Արդեն 14 տարեկանում տեղափոխվեցինք Մոսկվա՝ մայրիկիս, քրոջս, տատիկիս և քեռուս հետ։ Առաջին մասնագիտությամբ ֆելդշեր–լաբորանտ եմ, բժշկական միջին մասնագիտական կրթություն ունեմ։ Այնուհետև ընդունվեցի Կոմսոմոլի բարձրագույն դպրոց՝ հոգեբանության ֆակուլտետ, բայց կրթությունս, ցավոք, կիսատ մնաց․ 1990–ականների վերջին մայրս լուրջ ֆինանսական խնդիրների առջև կանգնեց, իսկ կրթությունը վճարով էր»,– հիշում է Վահագնը։

Չնայած դրան, Վահագն Պետրոսյանն աշխատանքի ընդունվեց Մոսկվայի Հելսինկյան խմբում, որպես տնօրենի օգնական։ Շփվող, զարգացած, ինտելեկտուալ հումորով երիտասարդը վստահ էր՝ աշխարհը մեծ ու սիրուն է, ինչպես իր կարդացած գրքերում, և այն տեսնել է պետք։ Պատահական ծանոթությունը Վահագնին Հնդկաստան տարավ, որտեղ ապրեց շուրջ 1.5 տարի և հասցրեց ուսանել մեդիտացիոն կենտրոններում։

Մոսկվա վերադարձից հետո Վահագնն առաջին անգամ հայտնվեց հոգեբուժարանում՝ հանրային վայրում մերկանալու համար։

«Դրանից առաջ 1.5 ամիս ապրել էի «վայրի լողափում», որտեղ բոլորը մերկ էին շրջում։ Սովորություն էր»,– ասում է նա։

Մոսկվայից Սևան, հետո՝ Վարդենիս․ Շուրջ 5 տարի Վահագնն ապրեց հոգեբուժարաններում, ինչից հետո տեղափոխվեց Սպիտակի խնամքի տուն։ Այստեղ իր սենյակն ու հեռախոսն ունի, շատ է կարդում։ Վերջին շրջանում հետաքրքրությամբ Աստվածաշունչ է ուսումնասիրում։ Մահճակալի կողքին փոքրիկ պահարանի վրա իր հերթին սպասում է Ջեկ Լոնդոնի հաստափոր ընտրանին։

Աշխարհի տարբեր անկյուններում ապրած Վահագնի համար, սակայն, աշխարհի կենտրոնը հայրական գյուղն է՝ Հովքը, Տավուշի մարզում։

«Հայրս գյուղում փոքրիկ տուն ունի, հողամասով։ Եթե ստացվի այնպես, որ հայրս այն չվաճառի, խոստացել է ինձ թողնել։ Այստեղ ինձ սովորեցրել են հողի հետ աշխատել։ Ամենամեծ երազանքս Հովքի այդ տանն ապրելն է, առավոտյան իմ ուզած ժամին արթնանալը, հող մշակելը, ուղղակի ապրելը։ Իսկ եթե հայտնվի մեկը, ով կսիրի ինձ, նաև ընտանիք ունենալը։ Ուզում եմ Իռլանդիա գնալ՝ ճամփորդելու, ու բուսակեր դառնալ։ Մոսկվայում ընկեր ունեմ, որ քաղցկեղ ունի, ուզում եմ հասցնել նրան տեսնել՝ վերջին անգամ։ Շատ բան չեմ ուզում, չէ՞»,– հարցնում է Վահագնը։
Վահագնի այս պարզ երազանքները, սակայն, չեն իրականանա մի պատճառով․ նա անգործունակ է ճանաչված։ Սա նշանակում է, որ Վահագնի կյանքը կանխորոշված է․ նրա փոխարեն ուրիշներն են որոշում իր ապրելու վայրը, օրվա ուտելիքը, քնելու և արթնանալու ժամը, մազերի երկարությունը, սիրելու ու կարոտելու կարելիությունը։

Վահագնին անգործունակ ճանաչել են հոր դիմումի հիման վրա։ Ասում է՝ ըստ հոր՝ դա միակ տարբերակն էր իրեն հաստատությունում տեղավորելու ու անհրաժեշտ խնամք ապահովելու համար, չնայած ինքը այդ որոշման հետ երբեք համաձայն չի եղել։ Հորից մինչև հիմա էլ մի քիչ նեղացած է, բայց փորձում է հասկանալ նրան։

Հայաստանի Հանրապետությունում հոգեբուժական և խնամքի հաստատություններում այսօր բուժվում կամ խնամք է ստանում 1454 չափահաս քաղաքացի, նրանցից 397–ն անգործունակ են ճանաչված։ Նրանցից շուրջ 1/3–ը մինչև 25 տարեկան անձինք են։

ՀՀ օրենսդրությունը ճանաչում է բոլոր անձանց իրավունքներ, ազատություններ և պարտականություններ ունենալու և օրենքի առջև հավասարության իրավունքը՝ առանց որևէ խտրականության: Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ անձանց քաղաքացիական իրավունքներ ունենալու և պարտականություններ կրելու ունակությունը բոլոր քաղաքացիների համար ճանաչվում է հավասարապես, որը ծագում է նրանց ծննդյան պահից և դադարում է մահվամբ: Սակայն, ՀՀ գործող օրենսդրությունը հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող անձանց՝ կյանքի բոլոր ոլորտներում օրենքի առջև հավասարության իրավունքը հավասարապես ճանաչված և պաշտպանված չէ: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 31-րդ հոդվածով նախատեսվում է, որ քաղաքացին, որը հոգեկան խանգարման հետևանքով չի կարող հասկանալ իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել դրանք, կարող է դատարանով անգործունակ ճանաչվել։ Նրա նկատմամբ սահմանվում է խնամակալություն: Օրենսդրական նման կարգավորման պայմաններում, հոգեկան առողջության կամ մտավոր խնդիրներ ունեցող անձը դատարանի կողմից կարող է զրկվել իր գործունակության իրավունքից առանց որևէ այլընտրանքի: Մասնավորապես, ՀՀ օրենսդրությամբ հոգեկան առողջության կամ մտավոր խնդիրներ ունեցող անձանց համար նախատեսված չէ ինչպես գործունակության իրավունքի մասնակի սահմանափակման հնարավորությունը, այնպես էլ գործունակության իրավունքի սահմանափակում չենթադրող աջակցման մեխանիզմներ:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը նախատեսում է հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող անձանց անգործունակ ճանաչելու հնարավորությունը՝ զրկելով նրանց՝ իրենց վերաբերող հարցերում որոշում կայացնելու իրավունքից: Գործունակությունից անձին զրկելը բացասական հետևանքներ է ունենում նրա մի շարք իրավունքների վրա, այդ թվում՝ ամուսնաընտանեկան հարաբերությունների, առողջության իրավունքի, ինչպես նաև ազատության և անձնական անձեռնմխելիության, քաղաքական և հասարակական կյանքին մասնակցելու, սեփականության և ֆինանսական միջոցների տիրապետման և տնօրինման և այլ իրավունքների վրա: Ավելին, անգործունակությունը զրկում է անձին դատարանի հասանելիության իրավունքից՝ զրկելով նրանց առանց միջնորդի դատարան դիմելու հնարավորությունից՝ վտանգելով նաև այլ իրավունքների պաշտպանությունը:

Հոգեկան առողջության իրավունքի մասնագետ Անահիտ Չիլինգարյանն ասում է, որ ըստ էության, հայաստանյան օրենսդրությունը թույլ է տալիս հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց ճանաչել անգործունակ, ինչը զրկում է մարդուն իր բազմաթիվ իրավունքներն ինքնուրույն իրացնելու հնարավորությունից։ Դրանք, հիմնականում, այն իրավունքներն են, որոնք անմիջականորեն կապված են մեր ամենօրյա գործողությունների, առօրյա կյանքի հետ, ինչպես օրինակ՝ գույքային իրավունքները, գումար տնօրինելը, ամուսնաընտանեկան հարաբերությունների հետ կապված այնպիսի իրավունքներ, ինչպիսիք են ամուսնությունը, ապահարզանը կամ երեխայի որդեգրումը։ Ավելի պարզ ասած՝ անգործունակ ճանաչված անձը չի կարող ամուսնություն գրանցել, իսկ ամուսիններից մեկի անգործունակությունը կարող է ապահարզանի հանգեցնել՝ առանց նրա կամքը հաշվի առնելու։ Բայց մարդուն իր մի շարք հիմնարար իրավուքններից զրկելը միայն հարցի մի կողմն է։ Երկրորդ, ոչ պակաս կարևոր խնդիրն այն է, որ մենք չունենք համակարգ, որը կօգներ այս անձանց իրացնելու իրենց իրավունքները։ Եթե մարդն ունի հոգեկան առողջության խնդիր, օբյեկտիվորեն, հնարավոր է ունենա աջակցության կարիք, այդ թվում՝ իր որոշումների կայացման գործընթացում։ Սա ոչ թե մարդկանց փոխարեն որոշումներ կայացնելու, այլ՝ մարդկանց իրենց որոշումների կայացման ընթացքում օգնելու մեխանիզմ է, որը Հայաստանում չկա։

«Անգործունակության կամ անձի փոխարեն որոշումների կայացման մեխանիզմներ կան շատ երկրներում։ Մինչև վերջին տարիները այս մեխանիզմը շատ տարածված էր, սակայն, երբ ընդունվեց Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան, որը հստակ ամրագրում է, որ բոլոր մարդիկ օրենքի առաջ հավասար են, իսկ պետությունները պետք է ստեղծեն գործիքներ, որոնք կօգնեն մարդկանց իրացնելու իրենց գործունակությունը, մի շարք երկրներում մշակվեցին և ներդրվեցին մեխանիզմներ, որոնք մենք կոչում ենք որոշումների կայացման աջակցության մեխանիզմներ։ Սրանք թույլ են տալիս անձին ընտրել իր համար վստահելի անձանց, ովքեր կօգնեն իրենց որոշումներ կայացնել։ Ընդ որում՝ կախված այդ որոշումից, աջակցողները կարող են տարբեր լինել։ Ցանկացած պահի անձը կարող է հրաժարվել այդ աջակցությունից կամ փոխել իր համար վստահելի մարդուն։ Եվս մեկ համակարգ՝ նախապես տրված կարգադրությունների մեխանիզմն է, երբ անձը, ավելի կայուն հոգեկան վիճակում գտնվելիս, գրավոր կարգադրություններ է տալիս իր հետագա կյանքի վերաբերյալ, օրինակ՝ երբ առողջական վիճակի սրացման հետևանքով, հնարավոր է, իր կայացրած որոշումները չբխեն իր շահերից»,– ասում է Չիլինգարյանը։

Ըստ մասնագետի՝ անձին անգործունակ ճանաչելու մեխանիզմը պետության կողմից դիտարկվում է որպես հոգածության միջոց, մինչդեռ դա չափազանց մեծ միջամտություն է, որի հետևանքով մարդը զրկվում է իր իրավունքներից։

Սակայն այս դեպքում ևս իրավիճակը պետք է երկու կողմից դիտարկել․ անձինք, ովքեր դատարանի կողմից չեն ճանաչվում անգործունակ, սակայն ունեն աջակցության կարիք, ևս մնում են լուսանցքում։ Նրանց մասին ընդհանրապես մոռացվում է, քանի որ աջակցության որևէ մեխանիզմ այս պահին Հայաստանում գոյություն չունի։ Այս անձանց իրավունքները ևս կարող են ոտնահարվել՝ նրանց գույքի տնօրինման, նրանց շահագործման և այլ տեսակի չարաշահումների տեսքով։

«Անգործունակության ճանաչումը այլևս չի կարող հոգածության միջոց լինել։ Այս փուլը պետք է անցյալում թողնել»,– ասում է Անահիտ Չիլինգարյանը։
Այսօր Վահագնը փորձում է վերականգնել գործունակությունը։ Դեռ գործընթացի սկզբնական փուլում է՝ փաստաթղթերի փնտրտուքի։ Ասում է՝ գիտի, որ երկար կտևի, բայց ինքը պատրաստ է համբերել։ Գործունակության վերականգնումից հետո Վահագնը նախատեսում է որոշ ժամանակ մնալ Սպիտակի խնամքի տանը, աշխատել հոգեբանների հետ։ Ասում է՝ դեռ մի խնդիր ունի, շատ արագ է ծախսում ձեռքն ընկած գումարը։ Այս գործընթացում, սակայն, Վահագնը դեռ մենակ է․ հույս ունի՝ որևէ փաստաբան կօգնի իրեն վերականգնել գործունակությունն ու ապրել իր միակ կյանքը՝ իր ուզած ձևով։
«Գործունակության վերականգնման գործընթացը անձի արժանապատվության ապահովման, օրենքի առաջ նրա լիարժեքության ճանաչման մեխանիզմ է, որը, դատական համակարգի լուրջ ձեռքբերում է, սակայն, միևնույն ժամանակ, սա ևս կարող է խնդրահարույց լինել․ մարդիկ, ում գործունակության իրավունքը վերականգնվում է, միևնույն է, կարող են աջակցության կարիք ունենալ, մինչդեռ որոշումների կայացմանն աջակցող մեխանիզմների բացակայությունը նրանց դուրս է թողնում սոցիալական և այլ աջակցության համակարգերից։ Պետք է հիշել, որ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձինք, ինչպես յուրաքանչյուրս կարող են սխալ որոշումներ կայացնել։ Չպետք է զրկել անձին սխալ որոշումներ կայացնելու իրավունքից և նրանց սխալականությունը դիտարկել միայն որպես հոգեկան առողջության վիճակի հետևանք։ Միևնույն ժամանակ համակարգի խնդիրը պետք է լինի ձևավորել այնպիսի կառուցակարգեր, որոնք կօգնեն անձանց չկայացնել այնպիսի որոշումներ, որոնք կհանգեցնեն նրանց կամ նրանցից կախված անձանց համար առավել անբարենաստ հետևանքների»,– ասում է հոգեկան առողջության իրավունքի մասնագետը։

Տեքստը՝ Սոնա Մարտիրոսյանի

Լուսանկարները՝ Փիրուզա Խալափյանի

Սույն հրապարակումը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան կազմակերպության օժանդակության շնորհիվ: Հրապարակման մեջ տեղ գտած տեսակետները և վերլուծությունները արտահայտում են հեղինակների կարծիքը և կարող են չհամընկնել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան կազմակերպության տեսակետների և դիրքորոշումների հետ: