Loading

Ձուար, կոշիկներ, որոնք կորում են, և այլ հարսանեկան ավանդույթներ Հարավային Օսիայում Լուսանկարներն ու պատմությունը՝ Գանա Յանովսկայայի, Ցխինվալ

Գարունը Հարավային Օսիայում հարսանիքների սեզոն է: Ասում են, թե գարնանային 2-3 ամսում այստեղ ավելի շատ հարսանիք է տեղի ունենում, քան ամբողջ տարվա ընթացքում: Ցույց ենք տալիս և պատմում, թե ինչպես է դա տեղի ունենում:

Սկիզբը

Երբ հարսին փեսայի տուն են բերում, ավանդական կենացներից հետո սկսվում են ժողովրդական տոնախմբություններն ու պարերը: Ամենասկզբում փեսայի մայրը դուրս է գալիս պարելու՝ ծածկած գլխով: Եվ ինչ-որ մեկը պետք է գողանա նրա գլխաշորը: Հետո այդ գլխաշորը մանր կտորների են կտրատում և բաժանում չամուսնացած աղջիկներին:

Եթե աղջիկն այդ կտորը կապի ձեռքին և քնի, ասում են, երազում կտեսնի իր ապագա ամուսնուն:

Իսկ նոր գլխաշորը սկեսուրի գլխին է կապում նրանց տուն եկած հարսը:

«Ես չէի հավատում այդ լեգենդին, բայց այնուամենայնիվ գիշերը մատիս փաթաթեցի այդ գլխաշորի կտորը, որն ինձ մոտ էր հայտնվել ինչ-որ մեկի հարսանիքին: Եվ ահա երազ եմ տեսնում, թե իբր զարթնել եմ ինչ-որ գյուղում, վեր եմ կենում և անմիջապես սկսում ավել փնտրել: Չգիտեմ՝ ինչու, մեծ ցախավել եմ գտնում, ինչպես հավաքարարներինն է, որոնք փողոցներն են ավլում: Բայց դրա մասերը՝ գլխի և պոչի հատվածներն առանձին-առանձին են դրված: Սկսում եմ փնտրել, թե ինչով միացնել այդ մասերը: Եվ այդ ժամանակ մի տղա է մոտենում, մատիցս հանում գլխաշորի կտորն ու դրանով կապում ցախավելը: Մի քանի ամիս անց ես հանդիպեցի իմ երազի այդ տղային, որի հետ հետո ամուսնացա: Սակայն մինչև հիմա ես դա համընկնում եմ համարում: Երևի հարսանիքին պարզապես մեր հայացքները հանդիպել էին: Եվ դա իմ պրոյեկցիան էր երազում»:

Փրկագին և նշաններ

Երբ հարսին դուրս են բերում հյուրերի մոտ. նրա տեղը զբաղեցնում են հարևանի տղաները: Նրանք հյուրերին թույլ չեն տալիս նստել: Մակարապետը պետք է «փրկագին» վճարի տեղերի համար և երեխաներին փող տա:

Ալանն ու Սոսլանն այս աթոռները զբաղեցրել են դեռևս հարսանեկան սեղանը գցելուց առաջ: Այստեղ են նստելու հարսն ու փեսան: Այս երկու տղաների համար սա առաջին անգամը չէ: Այս անգամ նրանք հույս ունեն գումար վաստակել կոտրած ապակու վերանորոգման համար: «Նրանց թույլ չենք տա այստեղ նստել, քանի դեռ չեն վճարել: Անցյալ անգամ հարսանիքին 2 հազար ռուբլի [մոտ 30$] ենք աշխատել: Ֆուտբոլի գնդակ ենք գնել և մի-մի հատ շաուրմա կերել»:

Փեսայի տանը հարսի գիրկը փոքր տղա երեխա են նստեցնում: Ասում են, որ այդ դեպքում զույգի առաջնեկը տղա կլինի: Հարավային Օսիան բնավ Կովկասում միակ վայրը չէ, որտեղ պահպանվում է աղջիկների նկատմամբ խտրականությունը:

«Առևտուրը» հարսանեկան ավանդույթների զգալի մաս է կազմում: Հարսնաքույրները նույնպես հարսի համար «փրկագին» են պահաջում, այլապես նրանք շրջապատում են հարսին և թույլ չեն տալիս նրան տանել:

Փեսայի հարազատները հարսին մատանիներ և ասկյա զարդեր են նվիրում: Իսկ հարսի մայրը փեսային է մատանի նվիրում: Այդ գործընթացին շատ ուշադիր հետևում են բոլոր հյուրերը. որքան շատ են հարսի ձեռքին մատանիները, այդքան հարգանքն ընտանիքի հանդեպ ավելի մեծ է:

Փրկագնի հետ կապված ևս մեկ ավանդույթ կա՝ հարսի կոշիկը գողանալն է: Զարինան, որը հարսնաքույր է եղել մեկ այլ հարսանիքին, այսպիսի պատմություն պատմեց: «Ես նստած էի հարսի կողքին, և հանկարծ մեկը կոշիկս գողացավ: Երեխաները սեղանի տակ էին մտել և ինձ շփոթել հարսի հետ: Ինչ-որ մեկը հետո ասաց, որ դա հարսի կոշիկը չէ, և ոչ ոք չի պատրաստվում նրանց վճարել դրա համար: Նրանք էլ հավանաբար վախենում էին, որ ես կզայրանամ և կոշիկն ընդհանրապես հետ չբերեցին: Ստիպված էի ողջ հարսանիքն ուրիշի կոշիկներով անցկացնել: Երբ ես կրկին հարսնաքույր էի, ոտքիցս դժվարությամբ դուրս եկող կոշիկներ էի հագել»:

Հարսի ընտանիքը Ձուար է սարքում: Դա մի ծառ է, որն առատություն է խորհրդանշում: Դրա վրա պետք է լինի հավ, քաղցրավենիք և ալկոհոլ: Ձուարի համար նույնպես պետք է «փրկագին» վճարել. դա անում է մակարապետը, որը հետո հանդիսավոր կերպով Ձուարը պետք է փեսայի տուն տանի:

«2014 թ-ին ամուսնանում էր իմ ամենամոտ ընկերուհին: Մենք երեկոյան սկսեցինք Ձուար սարքել: Չորս ընկերուհիներով հավաքվեցինք: Հավ եփեցինք, քաղցրավենիք գնեցինք: Ծառը հավաքեցինք և այն պատուհանագոգին թաքցրինք, իսկ հավը սառնարան մտցրինք: Առավոտյան որոշեցինք հավը վերջին պահին հանել, որպեսզի սառը լինի: Եվ ամենապատասխանատու պահին պարզվեց, որ մեր հավի մի թևը չկա. ինչ-որ մեկն այն գիշերը կերել էր: Մենք որոշեցինք ուրիշ հավի թև կպցնել, որն արդեն կտրատել էին: Սակայն հարսի տատն ասաց, որ չի կարելի, ավելի լավ է՝ այդպես մնա: Այդ Ձուարի համար 5 հազար ռուբլի [մոտ 80$] ստացանք և նորապսակներին արձանիկ նվիրեցինք: Այդպես էլ ոչ ոք չնկատեց, որ հավի մի թևը չկա: Եվ հարսին՝ մեր ընկերուհի Կրիստինային, մենք նույնպես չասացինք այդ մասին»:

Ուտեստները

«Մի անգամ մորս հետ օգնում էինք մեր ազգականների հարսանիքի համար օսական կարկանդակ թխել: Երկու վառարանում էինք թխում 500 հոգու համար, պետք է 70-ից ոչ պակաս կարկանդակ լիներ: Երբեք չեմ մոռանա այդ օրը: Բոլորն ասում էին, որ կարկանդակները համեղ են, բայց ես ուզում էի փախնել խոհանոցից և մորս ու մորաքրոջս մենակ թողնել: Երևի միայն տեսքս էր, որ ունեի մեկ ժամ անց, ինձ հետ պահեց: Օդի ջերմաստիճանը՝ 30-ի էր հասնում, իսկ վառարանի մոտ՝ 40 և ավելի: Սարսափելի էր: Բայց հենց այդ ժամանակ ես մտածեցի, որ սա կարող է իմ բիզնեսը լինել՝ խոհանոց, որտեղ կարելի է կարկանդակ պատվիրել: Իմ վառարաններն էլ են ուրիշ, ժամանակակից, պայմաններն էլ: Իսկ հարսանիքներին ես միայն պարելու և ուրախանալու եմ գնում», – պատմում է Էմմա Ցխովրեբան, որը 15 տարի առաջ Ցխինվալում առաջիններից էր, որը պատվերով կարկանդակների խոհանոց էր բացել:

Credits:

JAMnews

Report Abuse

If you feel that this video content violates the Adobe Terms of Use, you may report this content by filling out this quick form.

To report a Copyright Violation, please follow Section 17 in the Terms of Use.