Loading

Ադրբեջանը 2020 թվականին․ ի՞նչ է այն վերապրել ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԲՈՂՈՔՆԵՐ, ՊԱՆԴԵՄԻԱ, ՊԱՏԵՐԱԶՄ

2020 թ-ն Ադրբեջանի համար լի էր իրադարձություններով և, ընդհանուր առմամբ, ոչ միանշանակ էր։

Տարին Ադրբեջանում սկսվեց նախընտրական արշավով։

Փետրվարի 9-ին կայացան խորհրդարանական ընտրություններ։ Միլլի Մեջլիսի կազմի՝ իշխանությունների խոստացած մեծ թարմացումը տեղի չունեցավ։

Խորհրդարան ընտրվեց իրական ընդդիմության մեկ ներկայացուցիչ՝ Էրքին Հադիրլին «Հանրապետական ալյընտրանք» կուսակցությունից։

Ընտրություններից անմիջապես հետո երիտասարդ ակտիվիստներն ու ընդդիմադիրները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց բողոքի ակցիաներ անցկացնելու մի քանի փորձ ձեռնարկեցին։ Բոլոր ակցիաները ցրեցին ոստիկանները, որոշ ակտիվիստներ կալանավորվեցին։

Փետրվարի 28-ին Ադրբեջանի իշխանությունները հաղորդեցին երկրում կորոնավիրուսով վարակված առաջին քաաքացու մասին, հաջորդ օրն Իրանի հետ սահմանի փակման մասին որոշում կայացվեց։

Մարտի 2-ից փակվեցին բոլոր ուսումնական հաստատությունները։ Դրանք փակ են առ այսօր։

Մարտի 12-ին Ադրբեջանում հայտարարեցին կորոնավիրուսից մահացած առաջին քաղաքացու մասին։

Այդ ընթացքում մարտի 8-ին ֆեմինիստներն անցկացրին ի աջակցություն կանանց իրավունքների և ընտանեկան բռնության դեմ իրենց ավանդական երթը։ Կայացած երթի ընթացքում մասնակիցներ ձերբակալվեցին, սակայն նրանց շուտով ազատ արձակեցին։

Մարտի 17-ին Ադրբեջանի իշխանություններն ազատ արձակեցին քաղբանտարկյալ Աֆղան Մուխտարլիին, և նա միանգամից Գերմանիա մեկնեց, որտեղ էլ ապրում է մինչ օրս։ Մուխտարլին առևանգվել էր Վրաստանում 2017 թ-ին և մեղադրվում էր պետական սահմանի ապօրինի հատման համար։

Մարտի 23-ին Ադրբեջանում կորոնավիրուսի պատճառով առաջին լոքդաունը սահմանվեց․ մարդկանց արգելվեց տնից դուրս գալ։ Մեկ տարի շարունակ այդ արգելքը սահմանվել է մի քանի անգամ, տնից դուրս գալու թույլտվության համար պետք էր sms-հաղորդագրություն ստանալ օրական 2-3 ժամվա համար։

Ապրիլի 1-ից փակվեց Բաքվի մետրոպոլիտենը COVID-19 համավարակի պատճառով։ Ամռան ավարտին ամենապոպուլյար հանրային տրանսպորտը բացվեց կարճ ժամանակով, բայց կրկին փակվեց։ Բաքվում մետրոն չի աշխատում մինչև հիմա։

Հունիսի սկզբին Բաքվում ոստիկանությունը շենքերից մեկի բնակիչների դեմ կոշտ գործողություն իրականացրեց, որոնք դիմադրություն էին ցուցաբերել իրավապահներին։ Մարդիկ ձերբակալվել էին իրենց իսկ բնակարաններում, նրանց փողոց էին դուրս բերել ներքնազգեստով։

Հուլիսի 12-16-ն Ադրբեջանի և Հայաստանի պետական սահմանին խախտվեց հրադադարի ռեժիմը։ Մարտական գործողությունները շարունակվեցին չորս օր։ Ադրբեջանական կողմը «քառօրյա պատերազմի» հետևանքով կորցրեց 12 զինծառայող, զոհվեց մեկ խաղաղ բնակիչ։

Հուլիսի լույս 15-ի գիշերը Բաքվում չարտոնված ակցիա անցկացվեց՝ Ղարաբաղում պատերազմ սկսելու և օկուպացված տարածքները վերադարձնելու պահանջով։ Ցուցարարները մտան երկրի խորհրդարանի շենք։ Հետագայում չարտոնված ակցիայի կազմակերպման և դրան մասնակցելու համար կալանավորվեց ընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցության 45 անդամ։ Նոյեմբերին ընդդիմադիրների խափանման միջոցը փոխարինվեց պայմանականով, և նրանք ազատ արձակվեցին։

Հուլիսի 16-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ախատանքից ազատեց արտգործնախարար Էլմար Մամեդյարովին։ Նա աշխատավայրում չէր եղել Հայաստանի հետ ռազմական գործողությունների օրերին։ Նոր արտգործնախարար նշանակվեց կրթության նախկին նախարար Ջեյհուն Բայրամովը։

Օգոստոսի վերջին Ադրբեջանում հարսանեկան սկանդալ տեղի ունեցավ։ Նախագահի վարչակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիևի փեսան դստեր համար հարսանիք արեց, թեև զանգվածային միջոցառումները երկրով մեկ արգելված էին։ Մի քանի օր անց Մեհթիևն ազատվեց պաշտոնից և դարձավ Ադրբեջանի Գիտությունների ակադեմիայի նախագահը։

Սեպտեմբերի 9-ին Բաքվի կենտրոնում բողոքի ակցիա տեղի ունեցավ ընդդիմադիր գործիչ Թոֆիկ Յագուբլուի կալանավորման դեմ, որը քննչական մեկուսարանում հացադուլ հայտարարեց։ Ձերբակալվեց, այնուհետև ազատ արձակվեց ակցիայի շուրջ 40 մասնակից։ Մի քանի օր անց իշխանությունները փոխեցին Յագուբլուի խափանման միջոցը, նրա համար տնային կալանք սահմանվեց։ Դա տեղի ունեցավ ընդդիմադիր գործչի հացադուլի 18-րդ օրը։

Սեպտեմբերի կեսերին Ադրբեջանում պահեստազորայինների զորահավաք հայտարարվեց։ Միաժամանակ փողոցներում սկսեցին առգրավել «փիքափները», որոնք հետագայում, այնուամենայնիվ, վերադարձվեցին տերերին։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց ղարաբաղյան երկրորդ պատերազմը։ Ադրբեջանում ռազմական դրություն հայտարարվեց և պարետային ժամ սահմանվեց։

Ղարաբաղյան երկրորդ պատերազմն ավարտվեց նոյեմբերի 10-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների ստորագրած եռակողմ հայտարարությամբ։ Պատերազմի արդյունքում Ադրբեջանը վերադարձրեց տարածքների մեծ մասը, որոնք հայկական կողմի վերահսկողության տակ էին անցել 1990-ականների սկզբին։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Ադրբեջանը կորցրեց ավելի քան 2800 զինծառայող, զոհվեց 100 խաղաղ բնակիչ։

Դեկտեմբերի 10-ին Բաքվում կայացավ հաղթանակի շքերթ, որին մասնակցեցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Created By
JAMnews Baku
Appreciate