Loading

Դպրոցի գրադարանից՝ ավագանի. Հասմիկ Մազմանյանի ուղին Հասմիկ Մազմանյանը 2016 թ.-ից Լոռու մարզի Շիրակամուտ համայնքի ավագանու անդամ է:

Երկու դպրոցահասակ երեխաների մայր, մասնագիտությամբ պատմաաշխարհագրագետ Հասմիկ Մազմանյանն աշխատում է Շիրակամուտի դպրոցում՝ որպես գրադարանավար: 2016 թ.-ից Լոռու մարզի Շիրակամուտ համայնքի ավագանու անդամ է:

Ավագանու անդամ դառնալու առիթը Հասմիկի քրոջ վարած «Հասարակագիտություն» առարկայի դասն էր, որի շրջանակներում աշակերտներն այցելել էին համայնքապետարան, փորձել տեղեկություն ստանալ համայնքի բյուջեի մասին ու դեմ առել «պատի»: Սա էլ պատճառ դարձավ, որ Հասմիկը սկսեր մտածել ավագանու կազմում ներգրավվելու մասին: Ամուսինը ոգևորեց, աջակցեց կնոջ որոշմանը, այժմ էլ հպարտ է նրա խելացի և սկզբունքային գործունեության համար:
«Բուն պատճառը, թե ինչո՞ւ կանայք ակտիվ չեն որոշումների կայացման գործընթացներում, ավելի խորքային է, քան այդքան տարածված «կարծրատիպեր» ասվածը: Կրթությունը, հատկապես՝ բարձրագույն, եթե նպատակային չէ, ոչինչ չի տալիս մարդուն: Այս դեպքում, իրավունքների ու դրանք գրագետ պաշտպանելու մասին խոսք լինել չի կարող: Մեր երկրում օրենքով ամեն ինչ տրված է կանանց, բայց օրենքը հաճախ չի գործում: Գործնականում «սև ու ծանր» աշխատանքը միշտ կնոջ ուսերին է մնում, որովհետև նրանք ներգրավված են հատկապես ցածր օղակներում, որտեղ ամենադժվար և ամենապատասխանատու աշխատանքն է միշտ: Կնոջը շատ հեշտ է ոգևորել և բերել քաղաքական դաշտ, բայց խելացի կինը երբեք չի մոռանում, որ այն, ինչ անում է, անում է նաև իր ընտանիքի համար: Այստեղ է նաև կնոջ հաջողության գաղտնիքը»,-ասում է Հասմիկ Մազմանյանը:

Հասմիկը ցավով է նշում, որ այսօր ավագանու ինստիտուտը դեռ կայացած չէ, մարդիկ, սովորաբար, չեն ուզում դեմ գնալ համայնքապետին: Ավագանու կազմում իր ամենահաջողված առաջարկներից համարում է աղբարկղերի տեղադրումը.

«Այս տարի էլ ուսումնասիրեցի ծախսերն ու հավաքագրումները և առաջարկեցի աղբի վարձավճարները 50 տոկոսով նվազեցնել: Ավագանին հավանություն տվեց իմ առաջարկին: Առաջիկայում էլ ուզում եմ գյուղում լուսավորության հարցը լուծել»,- ասում է նա:

Հասմիկը կարևորում է կանանց հասարակական ակտիվությունը: Հաճախ է տարբեր կոնֆերանսների մասնակցում՝ մեկին որպես աշակերտ, մյուսին՝ ուսուցիչ: Նա համոզված է, որ համայնքներում նման հանդիպումներ պետք է հաճախ կազմակերպել:

«Իմ աղջիկը դեռևս դպրոցական է, բայց արդեն հասարակական ակտիվություն ունի, և ես ուրախ եմ դրա համար: Մեր համայնքի օրինակով կարող եմ ասել, որ բնակիչների շրջանում գիտակցություն է փոխվում, մարդիկ սկսել են ամեն ինչին ավելի առաջադիմական հայացքներով նայել»,- ասում է նա:

Քաղաքականության մեջ կանանց ներգրավվածության վերաբերյալ Հասմիկը հստակ դիրքորոշում ունի. Շեշտը պետք է դնել ոչ թե թվի, այլ կարողությունների վրա:

«Առանց այդ էլ, կանանց ներգրավվածությունը քիչ է, իսկ համայնքների խոշորացման գործընթացն առաջին հերթին խանգարում է կանանց: Եթե, օրինակ, քո համայնքում քեզ գիտեն, ճանաչում ու վստահում են, մյուս համայնքներում, լավագույն դեպքում գիտեն քո ամուսնուն, բայց դա շատ քիչ է, ի վերջո քո անձն ու գաղափարախոսությունը չի ներկայացված: Կանանց ակտիվացնելու և ներգրավելու գործընթացում մի փոքր սխալ շեշտադրում կա: Կարևոր չէ, որ կին լինի, կարևոր է, որ խելացի´, բանիմա´ց կին լինի: Եթե, ասենք, ավագանու կազմում լինի 7 չաշխատող կին ու մեկ, ուժեղ մտավոր կարողություններով գործունյա տղամարդ, առավելությունը նրանն է լինելու և հակառակը: Ուրեմն, պետք է կրթել հասարակությունը»:

Նարինե Մաթևոսյան

Created By
WomenNet am
Appreciate

Report Abuse

If you feel that this video content violates the Adobe Terms of Use, you may report this content by filling out this quick form.

To report a copyright violation, please follow the DMCA section in the Terms of Use.