Loading

2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ ՊԱՏԵՐԱԶՄ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ՇՈՒՐՋ: ԻՆՉՊԵՍ Է ԱՄԵՆ ԻՆՉ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ

ԹՎԵՐ

2008թ-ի օգոստոսյան պատերազմում վրացական կոմից զոհվեց 412 զինվորական և քաղաքացիական անձ, օսական կողմից՝ 365 զինվորական և քաղաքացիական անձ

Ըստ ռուսական պաշտոնական տվյալների՝ զոհվել է նաև 67 ռուս զինվորական:

Հարավային Օսիայի տարածքում գտնվող վրացական գյուղերի 20 հազար բնակիչ փախստական է դարձել:

Վրաստանը կորցրել է վերահսկողությունն այն տարածքի հանդեպ, որտեղ 125 գյուղ է գտնվում:

Հարավային Օսիան և Աբխազիան Ռուսաստանի կողմից ճանաչվել են որպես անկախ պետություններ:

Լուսանկարում՝ վրացի պահեստազորայինները Գորիում: 2008թ-ի օգոստոսի 9: REUTERS / Գլեբ Գարանիչ

Նախապատմություն

Խորհրդային Միությունում Հարավային Օսիան ինքնավար շրջան էր Վրաստանի Խորհրդային Հանրապետության կազմում: ԽՍՀՄ փլուզումից հետո Վրաստանն ակտիվորեն ձգտում էր անկախ պետություն կառուցել, իսկ Հարավային Օսիան նախընտրում էր Ռուսաստանի հետ դաշինքի մեջ լինել: Շուտով Վրաստանում իշխանության եկավ ազգայնական առաջնորդ Զվիադ Գամսախուրդիան, իսկ Հարավային Օսիայում անջատողական շարժում առաջացավ. և Թբիլիսիի ու շրջանի հարաբերություններն կտրուկ սրվեցին:

Ցույց Լենինգորիում: 1989թ.: Լուսանկարը՝ Ջեմալ Կասրաձեի: Վրաստանի ազգային գրադարան

Փաստացի 1980-ականների վերջից սկսվեց էթնոտարածքային վրաց-օսական հակամարտությունը, որը վերաճեց զինված հակամարտության 1990-1992թթ-ին: Ռուսաստանն այդ հակամարտությունում ֆորմալ կերպով աջակցում էր Վրաստանին, ոչ ֆորմալ կերպով՝ Հարավային Օսիային:

1991թ-ին Հարավային Օսիան միակողմանի հրաժարվեց Վրաստանի կազմում ինքնավար շրջանի իր կարգավիճակից և իրեն հռչակեց հանրապետություն՝ Վրաստանի կազմում: Վրաստանի խորհրդարանը ոչ միայն չճանաչեց այդ հանրապետությունն, այլ նաև լուծարեց ինքնավար շրջանի կարգավիճակը: Արդյունքում՝ Վրաստանի օրենսդրության համաձայն՝ Հարավային Օսիան երկրի կազմում ընդհանրապես մնաց առանց որևէ վարչական կարգավիճակի:

1992թ-ին Հարավային Օսիան հայտարարեց Վրաստանից իր անկախության մասին, որը չճանաչեց Վրաստանը և այդ պահին աշխարհում ոչ ոք, այդ թվում՝ Ռուսաստանը:

Պատերազմի հետևանքով Վրաստանը կորցրեց վերահսկողությունը Հարավային Օսիայի հանդեպ: Պատերազմի ակտիվ փուլի ավարտից հետո շրջանում խաղաղության պահպանման համար վրացի, ռուս և օս խաղաղապահներ տեղակայվեցին:

Գրեթե 10 տարով փխրուն խաղաղություն հաստատվեց, որի ընթացքում մի քանի անգամ կարճատև սրացումներ տեղի ունեցան: Թբիլիսիի վերահսկողությունն այդ փուլում տարածվում էր Հարավային Օսիայի զգալի հատվածի վրա, հակամարտության երկու կողմերից մարդիկ ազատ տեղաշարժվում էին երկու կողմերում էլ, ակտիվորեն առևտուր էին անում, այցելում գերեզմաններ և տեսակցում հարազատներին:

2004թ-ին Վրաստանի նորընտիր նախագահ Միխայիլ Սաակաշվիլին իր երդմնակալության օրը հայտարարեց, որ իր նախագահության գլխավոր նպատակը Վրաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելն է լինելու: Հետագայում նա ու նրա կառավարության անդամները բազմիցս հայտարարում էին, որ մտադիր են Վրաստանի վերահսկողության տակ վերադարձնել Հարավային Օսիան և Աբխազիան:

Միջազգային հանրությունը շարունակում էր անվերապահորեն աջակցել Վրաստանի տարածքային ամբողջականությանը: Այդ նույն դիրքորոշումն ուներ այդ պահին նաև Ռուսաստանը, որը, սակայն, ֆինանսապես և քաղաքականապես ակտիվորեն աջակցում էր Հարավային Օսիային: Բացի դրանից Հարավային Օսիայի բնակիչներից շատերը ռուսական անձնագրեր ստացան:

Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին բազմիցս հանդես է եկել խաղաղ նախաձեռնություններով, որոնք Աբխազիային և Հարավային Օսիային լայն ինքնավարություն էին առաջարկում դաշնային պետության կազմում, ինչպես նաև փոխվարչապետի պաշտոն՝ Աբխազիայի ներկայացուցչի համար:

2006թ-ին Թբիլիսին վերականգնեց Հարավօսական ինքնավար շրջանի կարգավիճակն ու ստեղծեց Հարավային Օսիայի նախագահի այլընտրանքային պաշտոնը: Միաժամանակ նախագահական ընտրությունների երկու գործընթաց անցկացվեց. մեկը վարում էր Ցխինվալի վարչակազմը, մյուսը ոչ պաշտոնապես՝ Թբիլիսին:

Ցխինվալի անցկացրած նախագահական ընտրություններում հաղթանակ տարավ Էդուարդ Կոկոյտին: Նախագահական ընտրություններում, որոնց աջակցում էր Թբիլիսին, հաղթեց Դմիտրի Սանակոևը:

Այդ պահից Հարավայի Օսիայում երկու վարչակազմ հայտնվեց, որոնցից ոչ մեկը մյուսին չէր ճանաչում:

Կոսովոյի ճանաչումը

2007թ-ի փետրվարի 17-ին պատմական իրադարձություն տեղի ունեցավ. երկարամյա հակամարտությունից հետո միջազգային հանրության մեծ մասը ճանաչեց Կոսովո շրջանի անկախությունը, որը մինչ այդ գտնվում էր Սերբիայի կազմում:

Ռուսաստանը կտրականապես դեմ էր այդ որոշմանն ու խոստցել էր, որ «կպատասխանի Կոսովոյին»: Այդ ժամանակ Մոսկվան սկսեց քայլեր ձեռնարկել Աբխազիայի և Հարավային Օսիայի հանդեպ: Մասնավորապես.

  • 2008թ-ի մարտի 6-ին Ռուսաստանը դուրս եկավ 1996թ-ի ԱՊՀ համաձայնագրից, որն արգելում էր ԱՊՀ երկրներին քաղաքական, ռազմական և տնտեսական հարաբերություններ հաստատել Աբխազիայի հետ:
  • Մարտի 21-ին Պետդուման բանաձև ընդունեց, որը կոչ էր անում ՌԴ կառավարությանը դիտարկել Վրաստանի երկու շրջանների անկախությունը ճանաչելու հնարավորությունը:
  • Ապրիլի 16-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման ստորագրեց Սուխումի և Ցխինվալի հետ Ռուսաստանի պաշտոնական մարմինների կողմից ուղիղ, անմիջական հարաբերություններ հաստատելու մասին:

Լուսանկարում՝ կանայք Հարավային Օսիայում կանգնած են մայրաքաղաք Ցխինվալում իրենց ավերված տան մոտ: 2008թ-ի օգոստոսի 11: REUTERS / Դենիս Սինյակով

2008թ-ի ամառը. ինչպես էր սկսվում պատերազմը

2008թ-ի ամռանից շրջանում կանոնավոր փոխհրաձգություն սկսվեց: Եվ օսական, և վրացական գյուղերի բնակիչները հաղորդում էին, որ գյուղերը գնդակոծվում են գիշերը: Կողմերը միմյանց մեղադրում էին կրաց բացելու համար և հաղորդում վիրավորների և զոհերի մասին:

2008թ-ի հուլիսի 3

Մահափորձ Դմիտրի Սանակոևի նկատմամբ. նրա մեքենան պայթեցվել էր Հարավային Օսիայի վրացական գյուղերի տարածքում: Այդ պահին նա արդեն Հարավային Օսիայի ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարի կարգավիճակ ուներ, որը մտնում էր Վրաստանի պետական կառույցների կազմի մեջ: Հարավային Օսիայի դե ֆակտո ղեկավարությունն ու Մոսկվան հայտարարեցին, որ պայթյունը բեմադրել էր Վրաստանը: Թբիլիսին դա հերքում էր:

Փորձագետներից շատերը կարծում են, որ դա «անշրջելի կետ» դարձավ պատերազմի ճանապարհին:

Լուսանկարում՝ վրացի զինվորականը զբաղեցնում է դիրքը Էրգնեթի գյուղում՝ Հարավային Օսիայի անջատված շրջանում, մայրաքաղաք Թբիլիսիից մոտ 100 կմ հեռավորության վրա: 2008թ-ի օգոստոսի 5, REUTERS / Իրակլի Գեդենիձե

2008թ-ի հուլիսի 10

Այցով Վրաստան ժամանեց ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը: Նա հայտարարեց այն մասին, որ վրաց-օսական հակամարտության ռազմական լուծում չի կարելի թույլ տալ:

«Հակամարտության կարգավորման ուղիները պետք է խաղաղ լինեն, իսկ Ռուսաստանի հետ Վրաստանի շփումները ոչ միայն պետք է կարգավորվեն, այլ նաև բարելավվեն և ուղղվեն դեպի ավելի լավ ապագա և հեռանկար»:

Ռուսաստանն այդ այցին ծայրահեղ բացասական արձագանքեց: Այն ժամանակ և մինչև այսօր ռուս քաղաքագետներն ու փորձագետներն ասում են, որ ԱՄՆ պետքարտուղարի այցը Վրաստան նշանակում էր, որ Թբիլիսին “կանաչ լույս” ստացավ Հարավային Օսիայում ռազմական գործողություններ սկսելու համար:

Լուսանկարում՝ ռուս խաղաղապահները Էրգնեթի գյուղի անցակետի մոտ՝ մայրաքաղաք Թբիլիսիից մոտ 100 կմ հեռավորության վրա: 2008թ-ի օգոստոսի 5, REUTERS / Իրակլի Գեդենիձե

2008 հուլիսի 15

Ռուսաստանը սկսեց մեծածավալ «Կովկաս-2008» զորավարժությունները: Դրանք անցնում էին ողջ Հյուսիսային Կովկասով՝ Վրաստանի սահմանի անմիջական հարևանությամբ: Զորավարժությանը մասնակցում էին 8000 զինվորական:

Հյուսիսային Օսիայի տարածքում ստեղծվել էր հոսպիտալ, որտեղ օգոստոսյան պատերազմի ժամանակ բուժում էին վիրավորներին:

Նույն օրը Վրաստանում սկսվեցին «Immediate response-2008» զորավարժություններն՝ ԱՄՆ, Ուկրաինայի, Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ:

2008թ-ի օգոստոսի 1

Վրացական Շիդա Քարթլի շրջանում՝ վրաց-օսական հակամարտության գոտում, հեռահար կառավարվող ականների վրա պայթեցվեց վրացի ոստիակններին տեղափոխող մեքենան: Նրանցից 5-ը վիրավորվել էր:

Այդ միջադեպը կտրուկ սրացում առաջացրեց. ողջ օրը շարունակվում էր Շիդա Քարթլիի ինչպես նաև Հարավային Օսիայի վրացական և օսական գյուղերի, ուղղությամբ հրաձգությունը: Ցխինվալ/ի/ն հայտարարեց, որ այդ օրը զոհվել է 6 մարդ, 15-ը վիրավորվել է:

Ընդհուպ մինչև պատերազմի մեկնարկը չի դադարում օսական և վրացական գյուղերի գնդակոծումը, կողմերը մեղադրում են միմյանց:

Լուսանկարում՝ տարեց վրացիները սպասում են, որ Ցխինվալից ոչ հեռու գտնվող Խեյթի գյուղից իրենց Գորի տարհանեն, 2008թ-ի օգոստոսի 21: Խեյթին ոչնչացվել էր հարավօսական ուժերի կողմից: REUTERS / Դենիս Սինյակով

2008թ-ի օգոստոսի 3

Վրացական լրատվամիջոցներում հաղորդագրություններ հայտնվեցին, որ Հյուսիսային Օսիայի (ՌԴ) տարածքից Հարավային Օսիայի Ջավայի շրջան են մտնում ռուսական բանակի ստորաբաժանումները:

Միաժամանակ վրաց-օսական հակամարտության գոտում գտնվող Շիդա Քարթլիի բնակիչները հաղորդում էին, որ շրջանում աճում է վրացի զինվորականների թիվը:

Լուսանկարում՝ վրացի զինվորները հատում են Ցխինվալի շրջանում ռուս խաղաղապահների հսկիչ անցակետը: 2008թ-ի օգոստոսի 8: REUTERS / Իրակլի Գեդենիձե

2008թ-ի օգոստոսի 4

Մի քանի կարևոր իրադարձություն.

  1. Ռուսական «Կավկազսկի ուզել» տեղեկատվական գործակալությունը հաղորդում էր, որ Ռուսաստան են ժամանել Հարավային Օսիայից տարհանվող երեխաներ և կանայք:
  2. Չճանաչված Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտին հայտարարեց, որ վրացական հատուկ ծառայություններն ահաբեկչություններ են նախապատրաստում Հարավային Օսիայի տարածքում: Նա հաղորդեց, որ Հյուսիսային Օսիայից հանրապետություն է ժամանել արդեն մոտ 300 կամավոր, և մինչև երկու հազար մարդու ժամանում է սպասվում: Նա նշեց նաև, որ մոտ ապագայում Ռուսաստանից Հարավային Օսիա կժամանեն աֆղանական պատերազմի վետերանների ֆեդերացիայի անդամները: Թբիլիսին հայտարարեց, որ Հարավային Օսիան և Աբխազիան միտումնավոր լարումեն իրավիճակը:
  3. Վրաստանը հայտարարեց, որ հրաժարվում է շարունակել աշխատանքը Վերահսկիչ համատեղ հանձնաժողովում, որն այն ժամանակ Թբիլիսիի, Ցխինվալի, Վլադիկավկազի և Մոսկվայի մասնացությամբ միակ պաշտոնական բանակցային հարթակն էր: Թբիլիսին հայտարարեց, որ Մոսկվան պետք է դուրս գա բանակցային գործընթացից և խաղաղապահ գործընթացի համար նոր վրաց-օսական երկկողմանի ձևաչափ պետք է ստեղծվի:
Լուսանկարում՝ Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին զրուցում է հակամարտության գոտում վիրավորված վրացի զինվորականի հետ: Գորիի ռազմական հոսպիտալ, 2008թ-ի օգոստոսի 7:REUTERS/Իրակլի Գեդենիձե

2008 օգոստոսի 7

Իրադարձություններով հագեցած օր

1. Շարունակվում է օսական և վրացական գյուղերի գնդակոծումը, կան զոհեր և վիրավորներ:

2. Շարունակվում է վերահսկիչ համատեղ հանձնաժողովի շուրջ քննարկումը: Վրաստանի վերաինտեգրացիայի պետնախարար Թեմուրի Յակոբաշվիլին և համատեղ հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Յուրի Պոպովը միասին աշխատում են Հարավային Օսիայի տարածքում:

3. Վրաստանի ԱԳՆ-ն պաշտոնապես Ռուսաստանին է դիմում՝ պահանջելով ազդել «Հարավային Օսիայի քրեական ռեժիմի վրա», որպեսզի դադարի վրացական գյուղերի գնդակոծումն ու օսական կողմը ներգրավվի կարգավորման վրաց-օսական երկկողմանի գործընթացում:

4. Յակոբաշվիլին և Պոպովը որոշում են օգոստոսի 8-ին 13:00-ին հանձնաժողովի նիստ անցկացնել Ռուսաստանի միջնորդությամբ:

5. 19:10 վրացական բոլոր հեռուստաալիքներով հեռարձակվում է Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի ելույթը: Նա հայտարարում է, որ հրաման է ստորագրել այն մասին, որ

«ոչ մի վրացական միավորում, ոչ մի ոստիկան և այլ միավորում, որը մեր վերահսկողության տակ է, պատասխան կրակ չբացի շատ ինտենսիվ ռմբակոծումը կասեցնելու համար»:

Սաակաշվիլին հայտարարում է, որ Թբիլիսին Հարավային Օսիային «անսահմանափակ ինքնավարություն» է առաջարկում:

«Ես Ռուսաստանին առաջարկել և առաջարկում եմ լինել Վրաստանի տարածքում հարավօսական ինքնավարության երաշխավորը», - հայտարարում է Սաակաշվիլին:

Սաակաշվիլին դիմում է նաև Հարավային Օսիայի բնակիչներին՝ հետևյալ խոսքերով.

«Աղաչում եմ ձեզ: Մենք չենք ցանկանում պատերազմել ձեզ հետ: Մի փորձեք մեր պետության համբերությունը: Եկեք դադարեցնենք այս սրացումն ու բանակցություններ սկսենք՝ ուղիղ, բազմակողմանի, ինչպես կուզեք»:

6. 20:30 Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարությանբ հանդես եկավ, որ Ցխինվալի շուրջ «բոլոր վրացական դիրքերը ներկա պահին կրակահերթի տակ են»:

7. 23:35 վրացական կողմից սկսվեց Ցխինվալի կենտրոնացված գնդակոծումը, և Հարավային Օսիայի տարածք մտավ վրացական բանակը:

8. Կեսգիշերին մոտ Վրաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Մամուկա Կուրաշվիլին լրագրողներին հայտարարեց, որ հարավօսական կողմը չի ընդունել Թբիլիսիի՝ միակողմանի կերպով կրակը դադարեցնելու մասին որոշումը և վերսկսել է հակամարտության գոտում վրացական գյուղերի ռմբակոծումը:

«Մենք որոշել ենք վերականգնել սահմանադրական կարգը տարածաշրջանում»,- ասաց Կուրաշվիլին:

Ավելի ուշ Վրաստանի նախագահը և մյուս պաշտոնատար անձինք հերքեցին, որ սահմանադրական կարգը վերականգնելու որևէ ծրագիր է եղել, իսկ ինքը՝ Կուրաշվիլին ասաց, որ դա պահի տակ արված ինքնաբուխ հայտարարություն էր:

Վրացական զորքերը Էրգնեթի բնակավայրից ոչ հեռու, վրացական Շիդա Քարթլի շրջանում, մարտ է ընթանում, 2008թ-ի օգոստոսի 8: REUTERS /Իրակլի Գեդենձե

2008թ. օգոստոսի 8

Մարտեր են ընթանում Հարավային Օսիայի տարածքում, որոնց մասնակցում է վրացական բանակը և Հարավային Օսիայի ռազմական ստորաբաժանումները:

Օրվա առաջին կեսին Թբիլիսին հայտարարեց, որ վրացական ուժերը վերահսկում են Ցխինվալի շուրջ բոլորը գյուղերը և քաղաքի 70 տոկոսը:

2008թ-ի օգոստոսի 9: Ավերված վրացական տանկ՝ Հարավային Օսիայի մայրաքաղաք Ցխինվալի փողոցում: REUTERS / Սաիդ Ցարնաև

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ

«Հարավային Օսիայի դեմ Վրաստանի գործողությունները կհանգեցնեն պատասխան քայլերի»:
Վիրավոր օսերը՝ մայրաքաղաք Ցխինվալի հոսպիտալի նկուղում, 2008թ-ի օգոստոսի 10: REUTERS / Դենիս Սինյակով
Հարավային օսերը պատսպարվում են Ցխինվալի հոսպիտալի նկուղում: 2018թ-ի օգոստոսի 10: REUTERS / Դենիս Սինյակով
Վիրավոր օսերը՝ Հարավային Օսիայի մայրաքաղաք Ցխինվալի հոսպիտալի նկուղում, 2008թ-ի օգոստոսի 10: REUTERS / Դենիս Սինյակով
Կինը լալիս է Ցխինվալիում սպանված օսի մարմնի մոտ: 2008թ-ի օգոստոսի 11: REUTERS / Վասիլի Ֆեդոսենկո
Հարավային Օսիայի և Ռուսաստանի լրագրողները՝ ռմբապաստարանում Հարավային Օսիայի մայրաքաղաք Ցխինվալի ուղղությամբ ավիահարվածների ժամանակ

Ռուսական ինքնաթիռները ռմբակոծում էին Վրաստանի քաղաքներն ու օբյեկտները.

  • Վրաստանի Գորի քաղաքը (Շիդա Քարթլիի շրջանի կենտրոնը, մոտ է գտնվում հակամարտության գոտուն).
  • Վազիանիի ռազմաբազան (Թբիլիսիի մոտակայքում),
  • Մարնեուլիի ռազմական օդանավակայանը (Կվեմո Քարթլիի շրջան, Թբիլիսիից գտնվում է 40 կմ հեռավորության վրա՝ հակամարտության գոտու մյուս կողմում),
  • Սենակի քաղաքի ռազմական օդանավակայանը, ռազմաբազան և երկաթուղային կայարանը (Սամեգրելոյի շրջան),
  • Վրաստանի սևծովյան Փոթի քաղաքի նավահանգիստը, նավաշինական գործարանը և երկաթուղային հանգույցը (Սամեգրելոյի շրջան, գտնվում է հակամարտության գոտուց ոչ հեռու):
Վրացի զինվորները փախչում են այրվող շենքից ռուսական զորքերի կողմից Թբիլիսիից 80 կմ հեռավորության վրա գտնվող Գորիի բնակելի թաղամասի ռմբակոծումից հետո: REUTERS/ Գլեբ Գարանիչ
Բժիշկները Գորի քաղաքում օգնում են տուժած կնոջը: 2008թ-ի օգոստոսի 9: REUTERS/ Դևիդ Մձինարիշվիլի
Վրացի փախստական Գորիում: 2008թ-ի օգոստոսի 11: REUTERS / Գլեբ Գարանիչ
Վրացի տղամարդն արտասվում է Գորի քաղաքում իր եղբոր մարմնի մոտ: 2008թ-ի օգոստոսի 9: REUTERS / Դևիդ Մձինարիշվիլի
Վրացի կինը երեխայի հետ Գորիում, իր ռմբակոծված տան մոտ: 2008թ-ի օգոստոսի 10: REUTERS / Դևիդ Մձինարիշվիլի

Մի շարք արևմտյան երկրների առաջնորդներ դատապարտեցին սկսված պատերազմը և կողմերին կոչ արեցին դադարեցնել բախումները և նստել բանակցությունների սեղանի շուրջ:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ռուսաստանի պահանջով հրավիրեց արտահերթ նիստ: Ռուսաստանի առաջարկած բանաձևի տեքստը չընդունվեց: Նիստի արդյունքում ՄԱԿ-ը խիստ մտահոգություն հայտնեց սկսված պատերազմի կապակցությամբ, սակայն հատուկ բանաձև չընդունվեց:

2008թ. օգոստոսի 9

Հրապարակվեց Վրաստանի նախագահի հրամանը, որում նա և՛ Ցխինվալին, և՛ Ռուսաստանին մեղադրում էր Վրաստանի խաղաղ բնակչության նկատմամբ կենտրոնացած հարձակման մեջ: Հրամանում ասվում էր, որ «Վրաստանը համարժեք միջոցներ է ձեռնարկել»:

Փաստաթղթում առաջին անգամ հնչում է պաշտոնական հաղորդագրություն այն մասին, որ ռուսական զորքը մտել է Հարավային Օսիայի տարածք: Հաղորդվում է, սակայն, որ դա տեղի է ունեցել օգոստոսի 8-ին:

Ռուսական ինքնաթիռները շարունակում էին ռմբակոծել Վրաստանի տարածքի քաղաքներն ու օբյեկտները.

  • Քոփինթարիի օդանավակայանը Քութայիսի քաղաքի մոտ (Իմերեթիի շրջան, հակամարտության գոտուց դուրս),
  • Գորիի երկաթուղային կայարանը և բնակելի տները: Զոհվել են տեղի բնակիչներ:

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը ժամանեց Վլադիկավկազ (Հյուսիսային Օսիա), որտեղ հայտարարեց.

«Վրաստանի իշխանությունների գործողությունները Հարավային Օսիայում, դա, իհարկե, հանցագործություն է: Եվ առաջին հերթին դա հանցագործություն է սեփական ժողովրդի նկատմամբ: Քանի որ մահացու հարված է հասցվել հենց Վրաստանի տարածքային ամբողջականությանը, նշանակում է՝ հսկայական վնաս նրա պետականությանը: Դժվար է պատկերացնել՝ ինչպես կարելի է կատարվածից հետո համոզել Հարավային Օսիային մտնել վրացական պետության կազմի մեջ»:

Սկսեց սրվել իրավիճակը Արևմտյան Վրաստանում՝ Կոդորի կիրճում: Կիրճը գտնվում է վրաց-աբխազական հակամարտության գոտում:

Լուսանկարում՝ ռուսական զինվորական մեքենաների շարասյունը Հարավային Օսիայի ճանապարհին, Հյուսիսային Օսիայի և Հարավային Օսիայի սահմանից ոչ հեռու, օգոստոսի 9, 2008թ. REUTERS / Դենիս Սինյակով

2008թ. օգոստոսի 10

Օգոստոսի 10-ի առավոտյան Ցխինվալ մտան ռուսական բանակի ստորաբաժանումները, այդ թվում ծանր տեխնիկա:

Վրաստանը հայտարարեց ուժերի վերախմբավորման մասին և սկսեց զորքերը դուրս բերել Ցխինվալից:

Ռուսական բանակը շարժվեց Գորի քաղաքի ուղղությամբ (Շիդա Քաթլիի շրջանի կենտրոնը, մոտ հակամարտության գոտուն):

Ռուսական ինքնաթիռները դարձյալ ռմբակոծում էին Վրաստանի քաղաքներն ու օբյեկտները.

  • Թբիլիսիի ավիացիոն գործարանը,
  • Զուգդիդիի շրջանի կապի հանգույցը (արևմտյան Վրաստան, վրաց-աբխազական հակամարտության գոտում):

Ռուսական ռազմանավերը ծովային պահակակետ էին սահմանել Սև ծովում և ծովից արգելափակել Վրաստանի ափամերձ շրջանները:

Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին դիմեց Մոսկվային կոչով՝ դադարեցնել ռազմական գործողությունները և նստել բանակցությունների սեղանի շուրջ:.

Ի պատասխան՝ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը Վրաստանին կոչ արեց դադարեցնել ռազմական ներխուժումը Հարավային Օսիա:

Մի շարք արևմտյան երկրներ ակտիվ բանակցություններ էին վարում՝ պատերազմը դադարեցնելու ուղղությամբ:

Լուսանկարում՝ վրացիները հեռանում են իրենց տներից, Ցխինվալ քաղաքից ոչ հեռու, 2008թ. օգոստոսի 8, REUTERS /Դևիդ Մձինարիշվիլի

2008թ-ի օգոստոսի 11

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարում է, որ Ռուսաստանը Վրաստանում իրականացնում է «խաղաղության պարտադրման գործողություն» և այն ավարտին է հասցնելու:

Ռուսական ավիացիան ռմբակոծում է Թբիլիսիի կապի հանգույցը:

Ռուսական բանակի ստորաբաժանումները Աբխազիայից մտնում են Զուգդիդի և Սենակի քաղաքներ և զբաղեցնում վարչական շենքերի մեծ մասը:

Վրացական զորքերն ամբողջությամբ դուրս են բերված հակամարտության գոտուց:

Լուսանկարում՝ փախստականը նստած է հարավօսական Ջավա ավանի ավտոբուսում: 2008թ-ի օգոստոսի 10: REUTERS / Սայիդ Ցարնաև

2008թ-ի օգոստոսի 12

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն զորքերին հրահանգում է ավարտել ռազմական գործողությունը:

Վրացական բանակը լքել էր ոչ միայն Հարավային Օսիան, այլ նաև Կոդորի կիրճն՝ Աբխազիայի միակ հատվածը, որը մինչ այդ Թբիլիսին վերահսկում էր:

Մոսկվան քննադատության է արժանանում ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի կառավարությունների կողմից:

Ռուսական ավիացիան ռմբակոծում է Գորի քաղաքի կենտրոնական հրապարակը, 8 տեղացի զոհվում է, 15-ը՝ վիրավորվում: Այդ ռմբակոծության ժամանակ զոհվում է հոլանդական հեռուստատեսության օպերատոր Ստան Ստորիմանսը:

Ռուսական գրոհային ուղղաթիռը կրակ է բացում քաղաքացիական միկրոավտոբուսի ուղղությամբ Գորի քաղաքի կողքով անցնող ավտոմայրուղում: Զոհվում է 9 ուղևոր:

Թբիլիսիում են գտնվում Էստոնիայի, Լիտվայի, Լեհաստանի և Ուկրաինայի նախագահներն, ինչպես նաև Լատվիայի վարչապետը, որպեսզի իրենց երկրների համերաշխությունը հայտնեն Վրաստանին:

Մոսկվայում ռուսական ղեկավարության հետ բանակցություններից հետո Վրաստան է ժամանում Ֆրանսիայի նախագահ Սարկոզին: Նա բերում է խաղաղության պլանը:

Հրադադարի մասին համաձայնգիր

Խաղաղության պլանը, որը մշակվել էր Սարկոզիի ղեկավարությամբ, կազմված էր 6 կետից և արդեն համաձայնեցված էր Ռուսաստանի ղեկավարության հետ:

Սակայն, ինչպես հայտարարել էր Սարկոզին, Վրաստանի նախագահը հրաժարվել էր ստորագրել փաստաթուղթը և պահանջել դրանից հանել 6-րդ կետը:

Վեցերորդ կետն առաջարկում էր միջազգային քննարկումներ սկսել Աբխազիայի և Հարավային Օսիայի քաղաքական կարգավիճակը որոշելու շուրջ:

Սաակաշվիլին 6-րդ կետի այլ տարբերակ էր առաջարկել: Այն հնչում էր այսպես.

«Հարավային Օսիայի և Աբխազիայի ամուր անվտանգության ապահովման ուղիների միջազգային քննարկման մեկնարկ»:

Հենց այս ձևակերպումն էլ ամրագրվեց փաստաթղթում, որի տակ ստորագրեցին երեք երկրների՝ Վրաստանի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները:

Լուսանկարում՝ Հարավային Օսիայի փախստական 73-ամյա Նադեժդա Պլիևան, որը լքել է իր հարազատ գյուղը ռմբակոծումից հետո, նստած է Ցխինվալի մոտ գտնվող Ջավա ավանում, 2008թ-ի օգոստոսի 11:

2008թ-ի օգոստոսյան պատերազմի արդյունքները

Եվրամիության ստեղծած հատուկ միջազգային հանձնաժողովի հաշվետվության համաձայն՝ 2008թ-ի օգոստոսյան պատերազմում վրացական կողմից զոհվել է 412 զինվորական և քաղաքացիական անձ, օսական կողմից՝ 365 զինվորական և քաղաքացիական անձ:

Վրացի զինվորականները հուղարկավորում են զինված հակամարտության ընթացքում զոհված վրացի զինվորներին: 2008թ-ի օգոստոսի 19, Թբիլիսի: REUTERS / Դևիդ Մձինարիշվիլի

Ըստ ռուսական պաշտոնական տվյալների՝ զոհվել է նաև 67 ռուս զինվորական:

Հարավային Օսիայի տարածքում գտնվող վրացական գյուղերի մոտ 80 հազար բնակիչ ստիպված է եղել լքել իր տունը: Նրանց մեծ մասը հետ է վերադարձել, սակայն դեռ մնում են 20 հազար բռնի տեղահանվածներ:

Օգոստոսի 26-ին Ռուսաստանը հայտարարեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչման մասին:

Լուսանկարը՝ REUTERS / Կազբեկ Բասաև, արված է Ցխինվալում 2015թ-ի օգոստոսի 7-ին

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այդ որոշումը բացատրեց հետևյալ կերպ.

«Անկախ պետություն ճանաչելու նպատակ չկար: Սակայն Թբիլիսիից սկսեցին ռևանշի ազդակներ հնչել: Մ. Սաակաշվիլին հրաժարվեց Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահի՝ հրադադարը պահպանելու և, գլխավորը, Հարավային Օսիայի և Աբխազիայի կարգավիճակը որոշելու շուրջ միջազգային քննարկում սկսելու առաջարկից (մենք պատրաստ էինք քննարկել այդ կարգավիճակը միջազգային համատեքստում): Մ. Սաակաշվիլին ասաց. «Ոչ մի քննարկում»:

Նրա հետագա ռևանշիստական հայտարարությունները մեզ այն եզրակացության հանգեցրին, որ, ըստ մեր գնահատականի, ժողովուրդների անվտանգության ապահովման և կենդանի մնալու համար անկախության ճանաչումից զատ այլ ճանապարհ չկա»:

Մոսկվայի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումից հետո Վրաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ:

2008թ-ի օգոստոսին Հարավային Կովկասում տեղի ունեցած պատերազմի հանգամանքների հետաքննման միջազգային հանձնաժողովի զեկույցը

Այսօրվա դրությամբ գոյություն ունի միայն մեկ անկախ պաշտոնական փաստաթուղթ, որը վերլուծում է 2008թ-ի օգոստոսին տեղի ունեցածը: Դա պատերազմի հանգամանքների հետաքննման միջազգային հանձաժողովի զեկույցն է, որը ստեղծվել է Եվրամիության հովանու ներքո:

Հանձնաժողովը, որը գլխավորում էր դիվանագետ Հայդի Տալիավինին, աշխատեց 10 ամիս և հետաքննության արդյունքները ներկայացրեց 2009թ-ի սեպտեմբերի 30-ին:

Ողջ զեկույցը (անգլերեն լեզվով) կարելի է կարդալ այստեղ.

Հանձնաժողովի հիմնական եզրակացությունների հակիրճ բովանդակությունը, նախապատրաստվել է Բի-Բի-Սիի կողմից: