Loading

Թեղուտ չտնկված անտառ, չհատուցված կորուստներ

Երբեմնի այգեգործական Շնող համայնքում «Թեղուտ» ՓԲԸ աջակցությամբ այսօր, որպես հանքարդյունաբերության բացասական ազդեցությունը մեղմացնող գործողություն, տնկվել ու տնկվում են այգիներ, սակայն դրանք համեմատելի չեն այն վնասի հետ, որը հասցվել է տարածքի բնությանն ու բնակչությանը:

Նորատունկ անտառը, որը պետք է մեղմեր շրջակա միջավայրին հասցվող վնասը, ուղղակի չկա: Հիմնական եկամտի աղբյուրից զրկված մարդկանց գործերն էլ դատարանները, Եվրադատարանի որոշումներից հետո, դեռ պետք է վերաքննեն ու հստակեցնեն, թե ինչ ասել է «հանրային շահ», որքան է կազմում և ով պետք է հատուցի քաղաքացիների կրած նյութական վնասը:

Շնողի բնակիչ Արամ Ռամազյանի հետ ուղևորվում ենք դեպի նորատունկ այգիներ: Արամ Ռամազյանը հստակ հիշում է, թե որտեղ, ում համար, ինչ այգի են տնկել: Ինչպես ինքն է նշում, հետևողական են, որ ամեն մի այգետեր խնամի իր այգին:

Անցած տարի նրան պատկանող ընկերությունը մասնակցել է բնակիչների համար այգեհիմնման` համայնքապետարանի հայտարարած մրցույթին, շահել մրցույթում և 31 հա հողատարծքում ծառատունկ իրականացրել:

2015թ.-ի օգոստոսի 4-ին բնապահպանության և գուղատնտեսության նախարարները համատեղ հրաման ստորագրեցին, որով թույլատրվեց «Թեղուտ» ՓԲԸ-ին 714 հեկտար ընդհանուր մակերեսով անտառապատման համար նախատեսված տարածքից 180 հա տարածքում՝ Շնող և Թեղուտ համայնքներում, պտղատու այգիներ հիմնել: Այգի հիմնելու հիմնական պատճառը հանքարդյունաբերույան ազդակիր համայքներում անտառապատման համար ազատ հողատարածքների բացակայությունն էր։

Շնողի համայնքապետ Դավիթ Ղումաշյանը կարևորում է այգետունկի ծրագիրը։ Ծրագրից և կատարված աշխատանքից գոհ են նաև համայնքի բնակիչները:

«Հետաքրքիր ծրագիր է, քանի որ մարդ ինքն է ընտրում ծառատեսակները, այգու չափը, պայմանագրային հիմունքներով հաղթող կազմակերպությունը կատարում է աշխատանքները, և հանձնում ենք սեփականատիրոջը։ Հիմնականում աշխատում ենք նրանց տալ, ովքեր իրականում կմշակեն ու օգուտ կքաղեն»,- ասում է նա։

Բացի ոռոգման ջրի առկայությունից, այգու տեր դառնալու համար այլ պայման չկա, նախապատվության խնդիր էլ չկա, հավաստացնում է համայնքապետը, աշխատանքներն իրականացնում են ըստ դիմումների հերթականության։

2021թ.-ին պտղատու տնկիների գնման ու տնկման աշխատանքների համար իրականացվել է 20մլն դրամի կանխավճար: Տարվա ընթացքում ընդհանուր նախատեսվում է 280հա պտղատու այգիների հիմնում:

Անտառի փոխարեն անտառ չեն ստացել

Թեղուտի հանքի շահագործման նպատակով հատվել է ավելի քան 357 հա անտառ, փոխարենը ընկերությունը, որպես անտառային տնտեսության հասցվող վնասի հատուցում, պետք է 714 հա անտառ տնկեր, որից 318 հա-ը՝ մինչև 2020թ․-ը:

«Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ի հարցմաննն ի պատասխան, ՇՄ նախարարությունը տեղեկացրել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերի կողմից իրականացվել է 315 հա անտառային մշակույթների հիմնում։ Բայց թե դրանցից որքանն է անտառ դարձել՝ ստորև, հերթով-կարգով:

ՇՄ նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները 2013 և 2018թթ.-ին իրականացրել են Թեղուտի հանքի շահագործման ծրագրի շրջանակում անտառապատված տարածքների վիճակի դիտարկումներ։ 2018-ին ուսումնասիրվել են 2008-2018թթ․ ժամանակահատվածում իրականացված անտառապատման աշխատանքները, ինչպես անտառտնտեսության մասնաճյուղերում, այնպես էլ՝ համայնքային տարածքներում։ Ըստ պաշտոնական տեղեկատվության, ուսումնասիրվել է 601,1 հա տարածք։

Մոնիթորինգի արդյունքների համաձայն` Վանաձորի անտառպետության 41․2 հա ընդհանուր մակերեսով 2 հարևան ծառապատված տարածքում թե՛ գլխավոր, թե՛ ուղեկցող ծառատեսակների զգալի մասը չի պահպանվել, 2017-ին իրականացվել են լրացումներ այլ տեսակներով, ինչի շնորհիվ մի տարածքում կպչողականությունը հասցվել է 25%-ի, մյուսում՝ 30, ինչը, բնականաբար, բավարար արդյունք չէ։ Ընդ որում, «ծառատնկված» տարածքի վերին հատվածում լանջի թեքությունը 35օ է, ժայռեր են, որտեղ, բնականաբար, մոնիթորինգի խումբը տնկիներ չի հայտնաբերել։

Ուսումնասիրված մեկ այլ՝ Սպիտակի անտառպետության 6-րդ քառակուսու 2 տարբեր հատվածներում, ընդհանուր 61․8 հա, գլխավոր ծառատեսակի՝ կաղնու ցանքս է արվել, որպես ուղեկցող տեսակներ տնկվել են նաև հացենի և թխկի։ Այստեղ ուսումնասիրության պահին փշալարարն ու հենասյուներն ամբողջական են եղել, կպչողականությունը՝ 60-65%: Սակայն նույն անտառպետության 36-րդ քառակուսու մի քանի այլ ծառապատված տարածքներում, 2012թ․-ի կատարված ծառատունկի հետքն անգամ չի եղել, իսկ 2017թ․ տնկված ծառերի միայն 25%-ն է պահպանված եղել։

Ինչ վերաբերում է «Լալվարի» անտառտնտեսության տարածքին, ապա այստեղ ուսումնասիրվել են 2013թ․-ին իրականացված անտառապատման աշխատանքները։ Պարզվել է, որ Շնողի անտառպետության նախատեսված հյուսիսահայաց լանջադիրքի փոխարեն, ծառատնկում է կատարվել արևելյան լանջին, սակայն տնկած հաճարենիները (գլխավոր տեսակ) չորացած են եղել։ Լրացումներ են կատարվել հացենի տեսակով, որպես ուղեկցող տեսակ, հետևաբար ուսումնասիրության ժամանակ հացենին գերակշռել է: Այսուհանդերձ, կպչողականությունը 9,5 հա տարածքում ընդամենը 40% է եղել։ Շնողի անտառպետության մեկ այլ՝ 27,5 հա տարածքում (20-րդ և 21-րդ քառակուսիներում), կրկին գլխավոր տեսակի՝ հաճարենու տնկիները չորացած են եղել։ Փշալարերն ու հենասյուներն, ըստ արձանագրության, անվնաս են եղել, կպչողականությունը կրկին ապահովվել է հացենիով, որոնց միայն 60%-ն է առկա եղել։

Մյուս անտառպետությունների տարածքներում առկա են եղել տնկիների 20%-ը միայն, լավագույն դեպքում՝ 40։ Նկատենք մի կարևոր հանգամանք, ներկայացված ծառատնկման ենթակա կամ ծառատնկված տարածքներում իրականում միջինը՝ 40-60 տարեկան երիտասարդ անտառ է, և, ըստ անտառագետների, այստեղ ծառատունկ իրականացնելն ուղղակի անիմաստ էր, քանի որ նման անտառում, որպես կանոն անտառն ինքնուրույն վերականգնվում է: Ինչ վերաբերում է հասուն անտառներին, սերմերով ցանքս կատարվում է՝ լոկ գլխավոր տեսակի բնական վերաճին օժանդակելու և երիտասարդացնելու նպատակով, ինչը, փաստորեն, մոնիթորինգի արդյունքներում չկար: Հետևաբար, բնապահպանների որակմամբ, սա խորամանկ քայլ է, քանի որ դժվար է պարզել, թե որն է տնկված, որը՝ բնական վերաճ (տե՛ս Google earth -ից ներբեռնված ֆոտոները՝ ծառատնկված տարածքների նշումով)։

Ինչ վերաբերում է համայնքների վարչական սահմաններում նախատեսված անտառապատմանը, որը Թեղուտի հանքի շահագործման պայման էր ու պետք է մեղմացներ հատված անտառի բացասական ազդեցությունը միջավայրի ու դրանից օգտվող մարդկանց վրա, ապա․

Լեռնահովիտ համայնքում 73 հա տարածքում միջին կպչողականությունը կազմել է 25 %։

Օձուն համայնքում, չնայած անտառատնկումը 30 հա տարածքում կատարվել է 2011թ․-ին, բայց տնկիների բարձրությունը չի գերազանցել 50սմ-ը, կպչողականությունը կազմել է առավելագույնը 45%։

Շնող համայնքում անտառտնկումը 17 հա-ի փոխարեն կատարվել է 13 հա տարածքում, պահպանվել են տնկիների 30 %-ը։ Փշալարերը և հենասյուները վնասված են եղել, տարածքում ինտենսիվորեն արածեցում է կատարվում, հետևաբար, մոնիթորինգի խմբի արձանագրմամբ, միջոցառումներ չձեռնարկելու դեպքում 1-2 տարուց տարածքն ամբողջովին կամայանա։

Թեղուտ համայնքի վարչական սահմանում նախատեսված 50հա անտառապատված տարածքից 8-9 հա-ում ոչինչ պահպանված չէ, իսկ մյուս 41 հա տարածքում նկատվել են միայն մի քանի սոճենիներ, ինչը ծառատունկի ծրագրով նախատեսված չի եղել, այսինքն թղթերով տնկված խոշորառէջ կաղնու, բարձրլեռնային թխկու, սովորական հացենու, մանրատերև լորենու և սովորական արոսենու հետքն անգամ չկա։

Արջուտ համայնքում իրականացված 50 հա անտառապատման տարածքում ևս ոչինչ չի հայտնաբերվել։

Մղարթում և Արևածագում, համապատասխանաբար 52․3 և 15․7 հա տարածքներում անտառապատման աշխատանքներ ընդանրապես չեն կատարվել, իսկ համայնքապետարանն անտեղյակ է եղել նման աշխատանքների մասին։

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Թեղուտի հանքավայրի շահագործման նպատակով անտառային տնտեսությանը հասցվող վնասի հատուցման ծրագրով նախատեսված աշխատանքները հիմնականում չեն կատարվել, որոշ տարածքներում էլ կատարվել են անբարեխղճորեն՝ ապահովելով կպչողականության ցածր մակարդակ, այսինքն՝ անտառի փոխարեն անտառ չենք ստացել։

Նախկին անտառապետ Արամ Ռամազյանն, անտառվերականգնման իր փորձից ելնելով, ասաց, որ տնկում անելուց հետո 3-4 տարի խնամք է պետք տանել, հետո էլ 10 տարի հսկողություն սահմանել, որ անտառ դառնա։ Մյուս կողմից պնդեց, որ անգամ համատարած հատումների ենթարկված տարածքներում, որտեղ անասուն չի մտել, այնպիսի անտառ է բուսնել, որ նապաստակն անգամ միջով չի կարող անցնել։

Ինչպես տեղեկացանք ընկերության ղեկավարությունից, անտառները պետական սեփականություն են և կառավարվում են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից, որն էլ մինչև 2019թ.-ը հանդիսացել է անտառատնկման պատվիրատու: Անտառատնկման կապալառուների կողմից ընտրվել է 5 ընկերություն՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը, «Աղավնատուր», «Ամատիտ», «Ռամիկ և «Տրիգրեն սթոքս» ՍՊԸ-ները, որոնք գումարային 548հա անտառ են տնկել:

««Թեղուտ» ՓԲԸ-ն, հանդիսանալով վճարող, բարեխղճորեն կատարել է իր պարտավորությունները և վճարել է տնկիների գնման, անտառատնկման և խնամքի աշխատանքների համար»,- հայտնել է ընկերությունը:

«Թեղուտ» ՓԲԸ-ի ղեկավարությունը տեղյակ չէ, թե կպչողականությունը որքանով է ապահովվել, ըստ իրենց, քանի որ անտառի ապագա սեփականատերը «Հայանտառ» ՊՈԱԿ-ն է, այն էլ պետք է հոգ տաներ իր ունեցվածքի մասին և պատշաճ վերահսկողություն իրականացներ կապալառուների կողմից կատարվող աշխատանքների նկատմամբ:

Ընդհանուր առմամբ ընկերությունը ֆինանսավորել է 624 հա անտառի և պտղատու այգիների հիմնման ծրագրեր:

Հանքարդյունահանող ընկերության դերը համայնքի կյանքում

Շնող համայնքն այժմ ներառում է նաև Թեղուտ և Քարկոփ բնակավայրերը։ Շնողը միշտ էլ հայտնի է եղել զարգացման բարձր մակարդակով։ Անունն անգամ հուշում է․ «շեն հող»: Գյուղում գործում է 3 հանրակրթական դպրոց, արվեստի դպրոց, որտեղ ուսանում է 110 աշակերտ, որոնք գալիս են նաև հարևան գյուղերից, անգամ Տավուշի մարզի Արճիս գյուղից: Շնողում գործում է 3 գրադարան, 2 մանկապարտեզ, հայրենագիտական թանգարան։

Մինչ հանքարդյունաբերությամբ զբաղվելը, Շնողը ավանդական գյուղ է եղել, աչքի ընկել այգեգործությամբ, դեղձի, խնձորի, տանձի այգիները հարյուրավոր հա տարածք են զբաղեցրել, զարգացած է եղել անասնապահությունը, աչքի է ընկել կաթնամթերքի արտադրությամբ։ Գյուղում այսօր էլ գործում է 3 խոշոր սառնարանային տնտեսություն։ 2020թ․, անգամ կորոնավիրուսի համավարակի պայմաններում, տնտեսություններից մեկը միայն 60տ դեղձ, թուզ ու արքայանարինջ է արտահանել։

Այսօր համայնքում զբաղվում են և՛ գյուղատնտեսությամբ, և՛ հանքարդյունաբերությամբ։ (Չնայած Շնողի մեջ ներառված Քարկոփ ավանը արդյունաբերական է եղել. խորհրդային տարիներին ձևավորվել է բազալտի ու գրանիտի վերամշակմամբ զբաղվող գործարանի շուրջ)։

Համայնքն ունի 11670․3 հա հողատարածք, որից գյուղատնտեսական են 2466․3 հա-ն։

Շնողի նկարագրական տեղեկություններում միշտ շեշտադրվում է, որ այն գնտվում է լեռնային անտառոտ վայրում, որ գյուղը շրջապատող անտառները հարուստ են արժեքավոր ծառատեսակներով, վայրի պտուղներով, անասնակերով, լեռնալանջերն ու նախալեռնային տարածքներն, գետահովիտներն աչքի են ընկնում արգավանդ, բարեբեր հողերով։

Գյուղի առջև ծառացած առաջնահերթ խնդիրներից է ջրամատակարարումը։ Խնդիր էր նաև Թեղուտ և Քարկոփ բնակավայրերի ու Շնողի 2 թաղամասի գազաֆիկացումը, որը 2020թ․ լուծում է ստացել․ անցկացվել է շուրջ 23 կմ գազատար՝ գազաֆիկացնելով 332 տնտեսություն։ Ծրագրի բյուջեն կազմել է շուրջ 300մլն դրամ, որի գրեթե կեսը համայնքն է ներդրել՝ «Թեղուտ» ՓԲԸ հետ ունեցած համաձայնագրի շրջանակում տրամադրված գումարի հաշվին։ Ըստ այդ փաստաթղթի, որը կողմերը ստորագրել են 2018թ․-ին, ընկերությունն ամեն տարի համայնքին հատկացնում է 140մլն դրամ։

Մինչ 2018թ., համայնքապետի պնդմամբ, համայքին հատկացումները կամայական են եղել, ըստ հնարավորության կամ ցանկության: Համաձայն Ընդերքի մասին օրենսգրքի, որն ուժի մեջ է մտել 2012թ. հունվարի 1-ին, ընկերությունը, մինչ հանքի փակումը, համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանը մասնակցության պայմանագրային պարտավորություններ չունի:

Հասանելի տվյալների ուսումնասիրությամբ տեղեկանում ենք, որ 2016-2018թթ.-ին «Թեղուտ» ՓԲԸ-ն համայնքին ամեն տարի 3մլն դրամ օգնություն է տվել գույքահարկի գծով, 2018թ.-ին՝ նաև 51 մլն դրամային փոխհատուցում հողի վարձավճարի փոխարեն՝ որպես հատուցում դեռևս կադաստրային գրանցում չունեցող համայնքային հողերի օգտագործման համար, որոնք, համայնքապետ Դավիթ Ղումաշյանի պնդմամբ, հանքարդյունահանման ընդհանուր տարածքի մոտ 10%-ն են կազմել։ Այժմ նույն այս տարածքները փաստաթղթավորված են և ընկերությունը համայնքային բյուջե պարտադիր վճարումներ է անում դրանց համար։ 2018թ․-ին հանքարդյունահանող ընկերությունը օգնություն է տրամադրել Թեղուտի դպրոցի ցանկապատի նորոգման (2 մլն դրամ) և գյուղի ճանապարհի նորոգման համար (41,7 մլն դրամ):

Համաձայն ԱՃԹՆ ներկայացված հաշվետվության` «Թեղուտ» ՓԲԸ-ն նաև նվիրատվություններ է արել. մասնավորապես 2016թ.-ին 30հազ դրամ հատկացրել է Մանես բարեգործական հիմնադրամին, սակայն միայն 2015թ. նույն հիմնադրամի բյուջեն կազմել է 651,3 մլն, 2014թ.-ն ՝ 428,5 մլն դրամ: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը Վալերի Մեջլումյանն է՝ «Արմենիան Քափըր Փրոգրամ» (անվանափոխված «Մանես և Վալլեքս») ՓԲԸ՝ Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցման և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի իրականացնող ընկերության և «Թեղուտ» ՓԲԸ-ն հիմնադիրը:

2017թ.-ին «Թեղուտ» ընկերությունը 17,5 մլն դրամ է նվիրաբերել Ալավերդու մշակույթի տանը, Ռոլան Բիկովի ֆոնդին, Նվիրիր կյանք և Աջակցություն Շնողին բարեգործական հիմնադրամներին:

Այսպիսով, չնայած «Թեղուտ» ՓԲԸ-ն Շնող համայնքին գումար տրամադրելով, կամ Մանես բարեգործական հիմնադրամի միջոցով, մի շարք նախագծեր է իրականացրել ազդակիր համայնքում՝ նորոգելով ջրագծեր, տեղադրելով աղբամաններ, մրգի պահպանման սառնարան կառուցել, ամանորյա միջոցառումներ կազմակերպել, օգնություններ տրամադրել տարբեր քաղաքացիների, և այլն, այնուհանդերձ շատ ավելի մեծ վնաս է հասցրել համայնքին՝ ունեզրկելով կամ եկամտի հիմնական աղբյուրից զրկելով Շնող և Թեղուտ բնակավայրերի բնակիչների մի ստվար հատվածի։

Լևոն Ալիխանյանին գյուղի տարածքում դեռ 2000-ականների սկզբին ընդերքի հետազոտական աշխատանքները չեն զարմացրել․ «Հանքարդյունաբերողներ այստեղ միշտ են եղել, դեռ ցարի ժամանակներից, բայց, որ Հայաստանում, անտառի տարածքում հանք կբացվի ու համայնքի գյուղնշանակության հարյուրավոր հա-ներով հող կոչնչացվի առանց ափսոսալու, մտքովս չէր անցնի»,- ասում է նա՝ հավելելով, որ փչացրել են ինչքան կարողացել են, ոչ թե՝ ինչքան պետք էր։ 427 ընտանիքից հարկադրաբար վերցել են ավելի քան 350 հա հողատարածք ու այգիներ՝ փոխարենը վճարելով չնչին գումար, 1 քմ դիմաց առավելագույնը՝ 72 դրամ՝ դիմադրության հանդիպելու դեպքում, մյուսները բավարարվել են քմ դիմաց 36 դրամ փոխհատուցումով։ Մեր զրուցակիցն ամենամեծ վնասն է կրել, նրա սեփականությունը հանդիսացող 10 հա տարածքից 7,5-ը որպես «գերակա հանրային շահ» տրվել է հանքարդյունաբերողին (Կառավարության N1279-Ն որոշմամբ, Թեղուտի հանքավայրի շահագործման համար հատկացված տարածքում ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող գյուղատնտեսական նշանակության 81,483 հա հողերի նկատմամբ ճանաչվել է բացառիկ՝ գերակա հանրային շահ)։

Լևոն Ալիխանյանն ու մյուս հողատերերը արդարության հասնելու և գոնե համարժեք փոխհատուցում ստանալու հույսով դիմեցին դատարան։ Երկարատեւ քաշքշուկներից հետո, Հայաստանում սպառելով դատական բոլոր աստիճանները, 8 գործ հասավ Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ 2018թ․ հոկտեմբերի 11-ին ՄԻԵԴ-ը, «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 34-րդ հոդվածի համաձայն կայացրեց նախադեպային որոշում Օսմայնանը և Ամիրաղյանն ընդդեմ Հայաստանի գործով, որը վճռորոշ էր նաև մյուս դիմումատուների համար։ Արձանագրվեց, որ մարդիկ զրկվել են սեփականությունից ու համարժեք փոխհատուցում չեն ստացել, ինչը կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում է։ Ըստ այդմ ՀՀ կառավարությունը պարտավորվեց բարոյական վնասի փոխհատուցում վճարել այս ու եւս 7 ընտանիքի։

Հայաստանում դատական պրոցեսի ընթացքում հիմնական դժվարությունն, ըստ Ալիխանյանի, գնահատող անկախ կազմակերպություն գտնելն էր, որն իրենց ունեցվածքին համարժեք գնահատական կտար։ «Ոչ մեկ չեկավ իրական գնահատում անելու, որովհետև, եթե 3 կազմակերպություն նույն տարածքը գնահատում են ու 20%-ից ավել տարբերություն է լինում, 2-ից մեկը ֆինանսական մեծ տույժեր է կրում, դա վախեցնում էր բոլորին։ Ով էլ գալիս, իմանում էր ում հետ գործ ունի, հրաժարվում էր»,- հիշում է Ալիխանյանը։

Այսօր ՄԻԵԴ-ի որոշումը դատական գործերը վերաբացելու հնարավորություն է ընձեռել։ Շնողի ու Թեղուտի նախկին հողատերերն այսօր էլ, բարոյական վնասից զատ, պահանջում են կորցրած գույքի ու այս տարիների ընթացքում չստացած եկամտի ողջամիտ փոխհատուցում, այսինքն այնքան գումար, որքանով հնարավոր կլինի նույն համայնքում կամ նույնանման համայնքում ձեռքբերել նմանատիպ հող։

Ընկերության նախկին տերերը հավաստիացնում էին, թե իրենք ժամանակին առաջարկել են համարժեք հողատարածք, բայց հողատերերը հրաժարվել են։ Տուժողների փաստաբան Կարեն Թումանյանի խոսքով, ինքը նման տեղեկատվություն չունի, նման առաջարկ չի արվել նաև դատարաններում՝ գործերի քննության ժամանակ։ Այսօր էլ պատասխանող կողմը մնում է «Թեղուտ» ՓԲԸ-ն՝ ի դեմս նոր տերերի։

Այսօր Թեղուտի հանքարդյունեբերության պատճառով տուժած գործերից մեկն էլ Սահմանադրական դատարանում է: Ինչպես տեղեկացանք փաստաբանից, վիճարկում են նոր երևան եկած հանգամանքի իրավական որոշակիությունը, որ իրենց գործերը բացելու հնարավորություն ունենան բոլոր նրանք, ում իրավունքները խախտվել են եւ գործը հնարավոր է նույնականացնել Թեղուտի գործով ՄԻԵԴ-ում կայացրած դատական ակտի հետ։

«Թեղուտ» ընկերության գլխավոր տնօրենի կարծիքով, Սահմանադրական դատարանում գտնվող բողոքի դատավոր է նշանակվել Վահե Գրիգորյանը, ով բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումը, նաև 2019թ. փետրվարի 14-ին նյութ է հրապարակել՝ նշելով. «… ՀՀ ամբողջ դատական իշխանությունը՝ իր եռաստիճան համակարգով և հարյուրավոր դատավորներով ի վիճակի չի եղել երաշխավորել այս գյուղացիների տարրական իրավունքների պաշտպանությունը: Վերջիններիս իրենց կամքին հակառակ սեփականազրկելու պարագայում նույնիսկ, այս համակարգն այն աստիճան անողնաշար է եղել և անսկզբունք է գտնվել, որ այս մարդկանց համար չի ապահովել իրենց չնչին ապրուստի միջոցի աղբյուր հանդիսացող հողատարածքների արժեքի բավարարումը ահռելի ֆինանսական կարողությունների տիրապետող հանքարդյունաբերողի հետ վեճերում... Այս ամենաթողությունը պետք է լուծում ստանա»: Մեկ տարի անց Վահե Գրիգորյանը նշանակվել է սույն գործով զեկուցող դատավոր: Հետևաբար, ըստ ընկերության ղեկավարության, նա ունի կանխակալ վերաբերմունք, ինչը գործի քննության մասնակցության անհնարինությունը հիմնավորող հանգամանք է:

Փաստաբան Կարեն Թումանյանի խոսքով, միշտ էլ իշխանությունները, անկախ, թե ով է իշխանության ղեկին, հակված են իրավունքի խախտման, ոչ միայն Հայաստանում, հետևաբար իրենց խնդիրն է հասնել նրան, որ մեր երկրում սեփականության իրավունքի նման խախտումներ, առնվազն այլեւս տեղի չունենան։ Լուծումը պահանջատեր քաղաքացիներ ունենալն է, այլապես մեր կամ, մեր հարեւանի խախտված իրավունքի համար, պետությունը վճարելու է մեր իսկ գրպանից։ Սա քաղաքացուն հասցրած բարոյական վնասի մասով, իսկ թե ինչքան կվճարի «Թեղուտ» ՓԲԸ-ն իր իրավանախորդների թույլ տված սխալների համար, դժվար է ասել, քանի որ դատավարություններն ընթացքի մեջ են, պետք է տեղի ունենա կորուստների գնահատում: Լևոն Ալիխանյանը, մոտավոր հաշվարկով իր կորուստը գնահատում է մոտ 1 մլն ԱՄՆ դոլարին համարժեք:

«Թեղուտ» ՓԲԸ-ի ղեկավարության հավաստմամբ, ընկերությունն ամբողջությամբ վճարել է օրինական ուժի մեջ մտած և բոլոր դատական որոշումներով սահմանված փոխհատուցումները: Ընկերությունը նշում է, որ հողամասերի սեփականատերերիի մեծ մասը նույնիսկ չի բողոքարկել դատարանների վճիռները վերաքննիչ ատյաններում, քանի որ ոչ ոք զրկված չի եղել գնահատման չափի հետ անհամաձայնության դեպքում այլ գնահատական տալու հնարավորությունից: Ըստ «Թեղուտ»-ի ղեկավարության, Եվրոպական դատարանի նախադեպային որոշումը ենթադրում է գնահատման այլ մեթոդ, որը ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված չէ: Ըստ այդմ, ընկերության նկատմամբ մեղադրանքները համարում են անհիմն: Ինչ վերաբերում է այս տարիների ընթացքում կորցրած եկամտին, ապա, իրենց կարծիքով, հողատերերը կարող էին ստացած դրամական միջոցներով մեկ այլ հողամաս ձեռք բերել և եկամուտ ստանալ (ընկերության պատասխանն ամբողջությամբ):

Հանքարդյունաբերության ազդեցությունը ջրային համակարգի վրա

Շնողի համայնքապետի ու «Թեղուտ» հանքարդյունահանող ընկերության ղեկավարության հավաստմամբ, 2019-20թթ․-ին մեծ աշխատանք է տարվել պոչամբարի հետազոտման ուղղությամբ, իրականացվել են փորձաքննություններ: Մասնավորապես, մեր հարցմանն ի պատասխան, «Թեղուտ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոն տեղեկացրել է, որ 2020թ.-ին բուլղարական «Գեոտեխմին» ընկերությունն իրականացրել է պոչամբարի կայունության գնահատում և եզրահանգել, որ այն ստատիկ կայուն վիճակում է: Բացի այդ պետական վերահսկողական մարմինները պարբերաբար վերահսկողություն են իրականացնում պոչամբարի շահագործման ռեժիմների նկատմամբ, այդ թվում՝ գործիքային չափումների միջոցով: Ընկերության բաժնետերերի հանձնարարականով նաև պոչամբարի մակերեսի սեյսմիկայնության ճշտման և պոչամբարի պատվարի սեյսմակայունության բարձրացման ուղղությամբ նախագծային և ֆիզիկական աշխատանքների իրականացման համար 2021թ.-ի բյուջեում 20մլն դոլարի չափով միջոցներ են նախատեսվել:

Համայնքապետի հավաստմամբ, կառուցվել է պարզեցված ջրերի կոլեկտոր՝ ջրընդունիչ հորերով, պարզեցված ջրի լճակը մաքրվել է, և բացառվում է Շնող գետ որևէ արտահոսք։ Ընկերության պնդմամբ, բոլոր տեխնոլոգիական գործողությունները վերահսկվում են, ուշադրություն է դարձվում մասնագիտական որակներին՝ պարբերաբար կազմակերպելով վերապատրաստման դասընթացներ: Այսուհանդերձ, Շնող գետի ջրի որակն, ըստ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերեվութաբանության եվ մոնիթորինգի կենտրոն›› ՊՈԱԿ-ի հրապարակած տվյալների թե՛ 2019, թե՛ 2020թթ․-ին, շարունակել է մնալ գերաղտոտված, ջրի որակը գնահատվել է «վատ» (5-րդ դաս): 2021թ․-ի առաջին երկու ամիսներին ևս արձանագրվել են հատկապես մոլիբդենի և պղնձի սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի (ՍԹԿ) գերազանցումներ։

Հունվար ամսին, մեր այցելության ժամանակ, մենք ևս փորձեցինք դաշտային պայմաններում ջրի որակի արագ թեսթի միջոցով պարզել ջրի որակը։ Այս մեթոդը հնարավորություն է տալիս որոշել միայն ջրի հիմնայնությունը, կոշտությունը, նիտրատների ու նիտրիտների պարունակությունը։ Ջնող գետի գետաբերանից մոտ 500 մ բարձրության վրա ջրի կոշտությունը չափազանց բարձր էր, ջրում լուծված թթվածնի քանակը, ինչպես նաև նիտրատ ու նիտրիտ իոնները նորմայի սահմաններում էին։

Հեղինակ՝ Մարի Չաքրյան,

Օպերատոր և մոնտաժող՝ Աղաբեկ Սիմոնյան,

Ձևավորումը՝ Ալիք Մեդիա Հայաստան

Created By
Aliq Media Armenia
Appreciate