Loading

ՄՈՌԱՑՎԱԾ ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐ Կրիվոյի բնակիչները

Քնար Բաբայան, Մարկ Գրիգորյան, Անի Մինասյան

Երևանում քիչ չեն այն մարդիկ, որոնք երազում են, որ իրենց տները քանդեն:

Նրանք սովորական երևանցիներ են, որոնք սերունդներով ապրում ու սիրում են այս քաղաքը: Բայց իրենց սեփական տների հանդեպ յուրահատուկ վերաբերմունք ունեն. վատ, բացասական: Նրանք ուզում են, որ իրենց տներն այլեւս չլինեն:

Ապրում են այն մի քանի թաղամասերում, որտեղ կավե կամ քարե տները հին են ու ոչ այնքան մեծ, փողոցները` քարուքանդ, նեղ ու ծուռումուռ, որտեղ երբեմն անգամ ջրագիծ ու կոյուղի չկա:

Այս տներում ապրողները հաճախ զրկված են ամենատարրական կենցաղային պայմաններից

Այդ փողոցներով չեն կարողանում անցնել անգամ շտապօգնության ու հրշեջ մեքենաները: Այնտեղ ապրելը անհարմար ու անհարմարավետ է: Բայց հազարավոր երևանցիներ այդպես են ապրում, արդեն հույս էլ չունենալով, որ երբևէ կունենան արժանապատիվ տուն ու տեղ:

Նրանց համար միակ իրատեսական շանսը ինչ-որ մեծահարուստի գոյությունն է, որը կգնի իրենց թաղամասը, այն հողին կհավասարեցնի ու դրա տեղում հյուրանոց կամ առևտրի կենտրոն կկառուցի:

Քանդելով նրանց տնակները՝ ենթադրյալ մեծահարուստը նոր բնակարանների բանալիներ կտա նրանց:

Բայց սա ընդամենը երազանք է՝ Կրիվոյի, Սարի թաղի ու Կոնդի բնակիչների երազանքը: Իրականությունն այլ է:

ԿՐԻՎՈՅ. ԵՐԵՎԱՆԻ ԱՄՈԹԸ

Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին Երևանում ամենամեծն է ու գտնվում է մայրաքաղաքի ամենակենտրոնում: Եթե մեջքով կանգնեք եկեղեցուն, ապա դեմ դիմաց կլինի «Ռոսիա» կինոթատրոնը, որի կողքին էլ մեծ առևտրի կենտրոն է: Աջից այգին է ու Անդրանիկ Զորավարի արձանը: Իսկ ձախից կարող եք տեսնել իրար վրա բարձրացող տանիքներ: Դա էլ հենց Կրիվոյի թաղն է:

Թաղամասն այդպես է անվանվել խորհրդային տարիներին համանուն «Կրիվոյ» փողոցից: Այսօր այն կոչվում է Կորի, որ ռուսերենից հայերեն բառացի թարգմանությունն է:

Թաղամասի փողոցները ավելի շատ հիշեցնում են անտառային արահետներ` ծուռ ու նեղ:

Եթե փառահեղ եկեղեցու կողմից նայեք, ապա այնպիսի տպավորություն է, որ տանիքները վեր են բարձրանում գետնից և, իրար վրա հենվելով, հասնում են երրորդ-չորրորդ հարկանի շենքի բարձրության: Թվում է, թե տանիքիներից բացի այնտեղ ոչինչ չկա: Բայց դա խաբուսիկ է: Եթե գնաք այնտեղ և փորձեք կավե տների արանքով գտնել մուտքը, ապա դուք կհայտնվեք մի թաղամասում, որը բոլոր հիմնավորումներով կարելի է անվանել Երևանի ամոթը:

Պատկերացրեք, եթե իհարկե կարող եք, Կրիվոյի բնակիչները լողանալու համար կա՛մ Հարավ արեւմտյան թաղամասի (Բանգլադեշի) հանրային բաղնիքն են գնում, կա՛մ էլ տանն են լողանում` ջուրը տաշտի մեջ տաքացնելով:

Այստեղ կոյուղի էլ չկա: Կրիվոյի որոշ բնակիչներ օգտվում են Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կողքի զուգարանից, որը դրսից փոքրիկ տնակ է հիշեցնում:

Իսկ 80-ամյա Գոհար Օգանեսովայի զուգարանն ու խոհանոցը նույն տեղում են:

«Հա՛մ կուխնի ա, հա՛մ զուգարան։ Էս ծակը փակել եմ, որ հոտ չգա։ Տունս մարդ ա գալիս, ասում ա հոտ ա գալիս, վատ եմ զգում, ամաչում եմ։ Էս թվին գյուղերը զարգացել են, ես մնացել եմ էս ձեւի»։

Թշվառության մեջ ապրելով անգամ՝ Գոհարը վառ շրթներկով է, մեծ օղերով ու ներկած եղունգներով։ Գոհարի տունը կահավորված է էժանագին ու անճաշակ, վառ գույներով ու աչք ծակող իրերով, որոնք ավելի են ընդգծում կենցաղային թշվառությունը։

«Ես էլ եմ ուզում մի քիչ մարդավարի ապրել, հո սենց չի կյանքը, շատ էլ որ մեծ կնիկ եմ։ էս որ դարն ա, էս որ թիվն ա»։

Լսողական սարք

Կրիվոյում թոշակառուները շատ են: Եվ ընդհանրապես, այն զգացողությունը, որ այստեղ միայն միայնակ կանայք են ապրում, մեզ չէր լքում, անգամ եթե տանը տղամարդու էինք հանդիպում:

Շատերն այստեղ միայն թոշակի հույսին են, իսկ այն երբեք չի հերիքում:

Ահա թե ինչու, անգամ ամառային ամենաշոգ օրերին, Գոհարը երեկոներն անջատում է իր փոքրիկ «Սարատով» սառնարանը, որովհետեւ պետք է խնայել: Իրականում, Գոհարը նոր սառնարանի կարիք ունի, որովհետև այս մեկի դուռն անգամ նորմալ չի փակվում: Փակում է՝ դռանը հենելով փայտի կտորը։

Գոհարը նաև ռադիոն բարձր է լսում: Բարձր է լսում, որովհետև լսողության հետ խնդիրներ ունի:

«Փարոս» ծրագրով Գոհարը կարող է լսողական սարք ստանա, բայց նա լավ չի հասկանում, թե «Փարոս»-ի չինովնիկները կոնկրետ ինչ են իրենից ուզում:

«Գնա, ասում ա, «Փարոս», «Փարոսի» աղջիկը թող նամակ գրի մինիստրության վրա, մինիստրությունը մեզ թուղթ տա, որ տանք քեզ»։

Թե այդ փաստաթղթի առկայությունն ինչ անմիջական կապ ունի լսողական սարքի հետ, Գոհարը լավ չի հասկանում:

«Իմ էս աղքատությունը հերիք չի, հը՞ն։ Ականջիս չլսելը, ռադիոն չլինի ես կորած եմ, բարձր միացնում եմ, հարեւաններն ասում են, Գոհար՝ ինչի՞ ես բարձր միացրել։ Չեմ ասում, որ ես չեմ լսում...»։

Գոհարը ո՛չ երեխաներ ունի, ո՛չ էլ խնամող: Բարեկամներն էլ Թբիլիսիում են ապրում:

Հայ-ադրբեջանական հակամարտությունը Կրիվոյում

Գոհարի փողոցի հարևանությամբ ապրող Անուշ Օհանյանը Կրիվոյ է տեղափոխվել 90-ականներին: Միջին տարիքի կին է, ունի քաղցկեղ ու չունի որեւէ հնարավորություն հիվանդությունը հաղթահարելու համար:

Անուշի ու ամուսնու գնած տունը Կրիվոյում ապրող ադրբեջանցու տուն է եղել: Տունը կավաշեն է, հին ու խունացած պատերով, ինչպես այս թաղամասի շատ տներ:

Իսկ առանց սուրճ էլ ի՞նչ զրույց։ Անուշ Օհանյանը հարեւանուհու հետ լրագրողներին սուրճ է հյուրասիրում

Ժամանակին այստեղ ադրբեջանցիներ են ապրել: Հեռանալով` Կրիվոյի ադրբեջանցիները փորձել են իրենց տները վաճառել, վաճառել շատ ցածր գնով՝ փաստորեն տվել են կոպեկներով: Իսկ գնողներն էլ սխալ հաշվարկ են արել: Պարզվել է, որ կավաշեն պատերը շատ արագ խոնավություն են ներծծում, իսկ երբ այն չորանում է, ծեփվածքն է թափվում:

«Պայմաններ չկան, հին տներ են, խոնավ, պատերն իրան-իրան քայքայվում են, հողից սարքած ա, մարդիկ այստեղ մի կերպ են ապրում։ Ամեն օր ջուրը բերում ենք, փողոցի վրեն կռանթ կա։ Ջուրը խմում ենք, լավ էլ համով ջուր ա։ Հալալ լինի հա՛մ խմողին, հա՛մ մեզ բոլորիս»։

Ապահովությունից ելնելով` մենք ամեն դեպքում այդ ջուրը չխմեցինք։

Խորհրդային տարիներին Կրիվոյի հայերն ու ադրբեջանցիները հարևանությամբ էին ապրում: Ադրբեջանցիները ավելի շատ էին: Խաղաղ էին ապրում, կարելի է ասել համերաշխ: Թաղամասի բնակիչներն ասում են, որ երբեմն սկայպով շփվում են ադրբեջանցի նախկին հարևանների հետ:

«Ստեղ հայը թուրքի հետ միասին ապրել են, հարեւանություն են արել, բարեկամություն են արել, ամեն ինչով իրար հասկացել են, ամեն ինչով հարմար ձեւով ապրել են։ Դե որ արդեն երկրի մթնոլորտը խառնվեց, ուրիշ կարգեր եկան, փլուզվեց երկիրը, ադրբեջանցիներն անցան իրանց հողերը, հայերն էլ մնացին իրանց հողում, իրանց տներում»։

Կանայք նստում են իրենց տան դիմաց ու երկար հայացքը հառում նեղ փողոցին, որով քամին բերում է պոլիէթիլենի տոպրակներ, մեզի եւ նեխած աղբի հոտ:

Այնտեղ են նաեւ առնետներ, որոնք հանգիստ ապրում են կատուների և շների հարևանությամբ: Ժամանակը Կրիվոյում կանգ է առել:

Բայց այս թաղամասում դեռ կան մարդիկ, որոնք մի փոքր հույս ունեն, որ կյանքը դեպի լավը կփոխվի և իրենք արժանապատիվ ապրելու հնարավորություն կունենան:

«Լավ կլիներ, որ ինչ-որ մեկը առներ էս տարածքն,-ասում է Անուշը,- կքանդեր ամեն ինչ այստեղ, բոլորն էլ կշահեին։ Էսօրվա դրությամբ թոշակին հլը ինչքան կա, ինձ 900 դրամ ա մնացել...»։

Չնայած բացարձակ անելանելի վիճակին, մարդիկ այստեղ դիմանում են: Կանանց այս պարագայում օգնում են տնային գործերը: Ավլել, խարխուլ հատակը լվալ ու փոշի սրբել, իսկ ամռանը մի քանի պահածո փակել ու թթու դնել:

Հեղինակների խոստովանությունը

Այս նյութը պատրաստելու ընթացքում մենք մի քանի անգամ եղել ենք Կրիվոյում: Ամեն անգամ այնտեղից հեռանալուց մենք շոկ էինք ապրում: Շոկ էր անցումը մի աշխարհից, որտեղ տիրում է անելանելիությունը, հուսահատությունը և մենակությունը, որտեղ մարդիկ կորցրել են արժանապատիվ ապագայի հույսը, դեպի սովորական իրականություն, որտեղ Երևանը ապրում է 21-րդ դարի առաջին քառորդում:

Եվ մենք ստիպված ենք նորից հարմարվել առօրյա կյանքին:

Կրիվոյում մենք եղել ենք տասնյակ տներում և համարյա ամենուր տեսել ենք սարսափելի աղքատություն, բորբոսնած պատեր, խարխուլ հատակ և նորմալ ապրելու հուսահատ ցանկություն:

Այն կյանքը, որով ապրում են կրիվոյցիները, դժվար է նորմալ կյանք անվանել։

Մենք զրուցել ենք այս թաղամասի բազմաթիվ բնակիչների հետ: Նրանց մեջ եղել են միայնակ կանայք, եղել են կանայք, որոնց ամուսիններն արտագնա աշխատանքի են մեկնել Ռուսաստան ու, ինչպես կանանցից մեկն է ասել, «զոհվել են ռուս կանանց ռազմաճակատում»: Տղամարդկանց էլ ենք հանդիպել. աշխատող, գործազուրկ, առողջ ու հաշմանդամ: Մեզ շատ դուր եկավ Սամվել անունով մի տղա, սրտանց նրան պայծառ ապագա ենք ցանկանում:

Բայց որպես հերոս, ավելի ճիշտ հերոսուհի, մենք ընտրել ենք Գոհարին, որն ապրում է փոքրիկ խոհանցով տանը, որի հատակի ծակը որպես զուգարան է ծառայում: Գոհարը, որ այդպես էլ չի կարող հասկանալ, թե ինչպես լսողական սարք ստանա սոցապնախարարությունից:

Եւ Անուշը՝ ոչ երիտասարդ կին, որ հանգիստ դատում է քաղաքականության ու հայ-ադրբեջանական հակամարտության մասին, և որ չգիտի, թե ինչպես կարելի է 900 դրամով տասը օր ապրել՝ մինչև թոշակ ստանալը: