Loading

ՄՈՌԱՑՎԱԾ ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐ Կոնդ. լեգենդներն ու ղուշբասները

Քնար Բաբայան, Մարկ Գրիգորյան, Անի Մինասյան

Կոնդը, թերևս, Կրիվոյից ու Սարի թաղից ավելի հայտնի ու բարեկեցիկ թաղամասերից է: Բայց Կոնդի բնակիչները երազում են, որ իրենց թաղամասը եւս հիմնահատակ քանդվի ու նորակառույց շենքերում բնակարաններ ստանան:

Դա ճիշտ չէր լինի: Իհարկե, նրանց պետք է բնակարաններով ապահովել, բայց Կոնդը քանդելն աններելի սխալ կլիներ, քանի որ հենց այս թաղամասն է այն «հին Երևանը», որի հետքերն այլ տեղ չեն պահպանվել։ XVI դարից Կոնդը Երևանի թաղամասերից մեկն է, իսկ Սուրբ Հովհաննես եկեղեցու տարածքն ավելի վաղ շրջանում է բնակեցված եղել։

Հենց դրա համար է, որ մենք` երևանցիներս, իդեալականացնում ենք այսօրվա Կոնդը: Բայց դա չի բարելավում այս թաղամասի բնակիչների մեծ մասի կենցաղային պայմանները:

Կոնդում կա XVII դարի մզկիթ։ Այն կառուցվել է 1679 թվականի երկրաշարժից անմիջապես հետո: Մզկիթն այսօր կիսաքանդ է, բայց այնտեղ չորս ընտանիք է ապրում ու հույս էլ չունի, որ մի օր արժանապատիվ կացարան կունենա:

Մզկիթի շենքը փլուզվել է 1988 թվականին։ Ու չնայած դրան, այս կիսաքանդ կառույցը տանիք է չորս ընտանիքի համար։

Այնտեղ կան նաև տներ, որոնք տիպիկ են XVIII դարին: Հենց Կոնդում են ապրել Մելիք-Աղամալյանները: Նրանց մի քանի սերունդներ ղեկավարել են քաղաքը:

Այս ընտանիքն այնքան հայտնի ու ազդեցիկ էր, որ երբ 1834 թվականին ռուսական ցար Նիկոլայ Առաջինը գալիս է Երևան, հյուրընկալվում է հենց նրանց տանը: Հեռանալուց միապետը հյուրասեր տանտերերին ոսկե ժամացույց է նվիրում, որն այսօր Երեւանի պատմության թանգարանում է:

Գրող Էդուարդ Ավագյանի վկայությամբ, XIX դարում Կոնդն անվանել են «Երևանի մայրաքաղաք»:

Կոնդի այս տանը պահպանվել են նախորդ դարի երևանյան կենցաղի դիմագծեր: Սառնարանին, իհարկե, դա չի վերաբերում:

Հրաչիկի մեկհարկանի տանն ապրելը շատ ավելի դժվար է: Պատի ծեփը թափվում է, առաստաղի սյուները փտել են, բաղնիք ու զուգարան էլ չկա:

Ամռանը կյանքը բակերում եռում է: Գորգերն ամբողջ ընտանիքով են լվանում, երբեմն՝ հարևանների հետ:

Կոնդի բնակիչները փորձում են իրենց տները հնարավորինս հարմարավետ դարձնել:

Իհարկե, ճիշտ չէր լինի Կոնդը հետնախորշ անվանել, բայց և ոչ բոլորն են այնտեղ բարեկեցիկ պայմաններում ապրում: Այս թաղամասը դարերով ու տասնամյակներով է ձևավորվել։ Եվ այստեղ ստեղծվել են Կոնդին հատուկ ավանդույթներն ու փոխհարաբերությունները:

Երեկոները տեղի «հավաքակայանում» տղամարդիկ նարդի են խաղում (նարդին հենց այնտեղ է դրված՝ ոչ մեծ սեղանի վրա), զրուցում ու ծխում։ Տղաներն էլ հեծանիվով մեծերի կողքերն են պտտվում կամ մոտակայքում ֆուտբոլ խաղում:

Երբ «հավաքակայանում» նստած սրճում ու զրուցում ես Կոնդի բնակիչների հետ, շատ լեգենդներ ես լսում:

Նման պատմություններ կարող են գոյություն ունենալ միայն ավանդույթներ ունեցող բնակավայրերում: Կոնդում դրանք կան:

60-ականներին այլ թաղամասի բնակիչները խուսափում էին Կոնդ գնալ: Այն հայտնի էր իր կռվարարներով, որոնցից բոլորն անթաքույց վախենում էին:

Այսօր իհարկե այդպես չէ: Կոնդի բնակիչները ինտեգրվել են քաղաքային կյանքին, թաղամասն էլ մեկուսացված չէ, ինչպես տասնամյակներ առաջ էր: Անցյալում են մնացել նաև տեղացի տղաների և «եկվորների» միջև կռիվները:

«Կոնդի հին բնակիչներից երևի մնացել է ընդամենը 10 ընտանիք: Իմ պապն ու պապիս պապն այստեղ են ծնվել: Եթե հայրս կենդանի լիներ, այսօր 120 տարեկան կլիներ: Բայց ամեն ինչ փոխվել է… Նոր բնակիչներ շատ կան արդեն»,- ասում է Ռաֆիկը` մեր զրուցակիցներիս ամենատարեցը:

Իհարկե, ժամանակի ընթացքում փոխվում է Կոնդի բնակիչների սոցիալական բաղադրիչը: Իսկ «հին ու բարի» ժամանակների մասին պատմությունները մնում են անցյալում, կամ էլ վերածվում են լեգենդների:

«Այստեղ միշտ հարևանությամբ համերաշխ ապրել են համալսարանի դասախոսներ, ակադեմիկոսներ և հասարակ մարդիկ: Ապրել են հավասարը հավասարի հետ: Հորս եղբայրը, որ օրենքով գող էր, ասում էր՝ ինքն ամենատարբեր մարդկանց հետ է ընկերություն արել. վարսավիրների, հարուստների ու պաշտոնյաների»:

Ղուշբասները

Կոնդը միշտ հայտնի է եղել իր ղուշբասներով: Այստեղից էլ՝ «Բարի գիշեր, Կոնդի ղշեր» հայտնի արտահայտությունը:

«Ժամանակին այստեղ այնքան ղուշբասներ են եղել, որ մի փողոցից մյուսը տանիքներով էինք անցնում, առանց ներքև իջնելու: Ամեն մեկը ամենաքիչը 200 աղավնի էր պահում»,- պատմում են հին աղավնապահները:

Սամվելի աղավնիների մոտ բարձրանալու համար պետք է մի կերպ ամրացված ու ճոճվող սանդուղքներով չորս հարկ հաղթահարել: Իհարկե, բազրիքի մասին անգամ խոսք լինել չի կարող:

Նա օգնում է բարձրանալ, հուշելով, թե որտեղ դնել ոտքը և որտեղից արժե բռնվել, իսկ որտեղից չարժե:

«Աղունիկները Հայաստանի հարստությունն են,- պատմում է Սամվելը, -արդեն 40 տարի է այս նույն տանիքում ես աղավնի եմ պահում»:

«Ժամանակին մրցումներ էինք կազմակերպում: Սովորական աղունիկներին օդ էինք բաց թողնում ու ժամանակ պահում: Հաղթում էր նա, ում աղավնին ավելի երկար էր օդում մնում»:

Փոստատար աղունիկներին հեռու էին բաց թողնում: Օրինակ, տանում էին Ղարաբաղ ու այնտեղ բաց էին թողնում, իսկ դիմավորում էին արդեն Երևանում։ Առաջինը հասնողը հաղթում էր։

Մենք աղունիկների մասին ենք խոսում: Սամվելը քչախոս է, երբ պատմում է տարիների իր հետաքրքրության և ղուշբասների փոքրիկ գաղտնիքների մասին:

«Երբ ինչ-որ մեկն անփորձ աղունիկ է ունենում, ապա հարևան ղուշբասն իր աղունիկներին օդ է բարձրացնում ու դրանք ուրիշի աղունիկին «բերում են» են իրենց հետևից»:

Նման արարքը չի ողջունվում: Լինում է նաև կռվով է ավարտվում ամեն ինչ: Իհարկե կռվում են մարդիկ, ոչ թե աղունիկները:

Աղունիկների խուցը տանիքի ամենավերևում է: Կարծես, մեզանից բարձր էլ ոչ մեկը չկա Կոնդում:

Սամվելը բացում է խուցի դուռն, ու այնտեղից տասնյակ աղունիկներ են դուրս թռչում: Նա նստում է «կաղ» աթռի վրա ու կերը շաղ տալիս:

Աղավնիները մեզ շատ դուր եկան։

«Աղունիկները Հայաստանի հարստությունն են,- ասում է Սամվելը, -արդեն 40 տարի է այս նույն տանիքում ես աղավնի եմ պահում»:

Ուժեղ քամի սկսվեց: Աղունիկները կուչ եկան տանիքի տակ, բայց նրանցից մեկին քամին բաձրացրեց օդ ու քշեց: Աղունիկը փորձեց պայքարել քամու դեմ, բայց ապարդյուն, չդիմացավ ու ընկավ կողքի տանիքներից մեկի վրա:

-Բան չկա, հետ կբերենք,-ասում է Սամվելը,- ես այդ աղունիկին լավ գիտեմ:

-Прямо в лицо ճանաչո՞ւմ եք,-հարցնում ենք:

-А почему в лицо? В небесах, в полете,- պատասխանում է Սամվելը։

Եվ վերջապես...

Երևանի Կրիվոյը, Սարի թաղն ու Կոնդը շատ տարբեր են:

Կրիվոյը- Երևանի ամոթն է: Հետնախորշ, որտեղ անտանելի պայմաններում ապրում են տասնյակ ընտանիքներ: Այնտեղ երեխաներ են մեծանում ու տարեցներ մահանում։

Սարի թաղը իսկական երևանյան ֆավելա է, որտեղ օտարներն այնքան էլ հեշտ չեն կարող մուտք գործել եւ իրենց հետ ինչ ասես կարող է պատահել:

Կոնդը ամենահին թաղամասերից է, որտեղ պատմություններ ու լեգենդներ են պատմում անցյալի մասին ու ապրում ներկայով:

Երևանի քաղաքապետարանի պատասխանը

«Մոռացված երևանցիրներ» հոդվածաշարը գրելու ընթացքում մենք հարցում էինք ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ իմանալու այս երեք թաղամասերի հետ կապված քաղաքապետարանի ծրագրերի մասին։

«Այդ թաղամասերի սոցիալ-կենցաղային վիճակը չի համապատասխանում քաղաքային միջավայրին հարիր կենսագործունեության պայմաններին: Հնարավոր չէ տարածքներում ապահովել բնականոն երթևեկություն, ջրամատակարարում, ջրահեռացում և քաղաքի համար կենսական նշանակություն ունեցող այլ պայմաններ»,- ասվում է քաղաքապետարանի նամակում:

Այդ նույն նամակում նշված է, որ Երևանի՝ 2005-2020 թվականների զարգացման գլխավոր պլանի համաձայն այդ երեք թաղամասերն էլ ենթակա են կապիտալ և մեծածավալ վերակառուցման:

Քաղաքապետարանը խոստանում է մոտ ժամանակներս իրենց կայքում տեղադրել Կրիվոյի վերակառուցման նախագծային առաջարկների փաթեթը: Ենթադրվում է, որ թաղամասի տեղում կառուցվելու են բազմահարկ բնակելի շենքեր, գրասենյակային ու հյուրանոցային կառույցներ և մանկապարտեզ:

Կրիվոյն ապագայում այսպիսին են տեսնում քաղաքային իշխանությունները։

Սարի թաղի մի հատվածում նախատեսվում է կառուցել բարձրահարկ բնակելի շենքեր, մի հատվածում՝ ցածրահարկ։

Ահա այսպիսին պետք է, որ լինի Սարի թաղը

Իսկ Կոնդի ճակատագիրը մի անգամ չէ, որ քննարկումների առարկա է դարձել: 2019 թվականի հունիսին քաղաքապետարանին կից ստեղծվել է հանձնաժողով, որը պետք է քննարկեր Կոնդի վերակառուցման վերաբերյալ առաջարկությունները:

Բայց այստեղ առանձնահատկություններ կան, կապված «պատմական շերտի գնահատման (գոյություն ունեցող հուշարձաններ), թաղամասի որոշ հատվածների պահպանման, վերականգնման և բարեկարգման հետ»:

Իսկ սա Կոնդի հավանական ապագան է

Իշխանությունների պլանները, ծրագրերն ու նպատակները գեղեցիկ տեսք ունեն, բայց արդյո՞ք լավն են։ Եվ ե՞րբ դրանք կյանքի կկոչվեն...