Loading

Մենք հարթել ենք մի ճանապարհ, որով երիտասարդ աղջիկները կարող են ավելի վստահ անցնել. Կարինե Ղուկասյան

Մասնագիտությամբ բժիշկ-ատամնաբույժ, դասախոս, գործարար, Վանաձորի ավագանու անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Կարինե Ղուկասյանը վստահ է՝ բարդություններն ու դժվարությունները տրվում են դրանք հաղթահարելու համար, այլ ոչ թե դրանցից հուսահատվելու:

«Իմ ակտիվ գործունեությունն սկսվել է դեռևս 1999 թ., երբ «Նարինե» մանկական կերը Երևանից էր բերվում Վանաձոր: Որոշեցի դրա արտադրությունը կազմակերպել տեղում: Ունեի օգնող ընտանիք, բավարար գիտելիքներ, թեև բիզնեսը նորություն էր այդ ժամանակաշրջանում ոչ միայն ինձ, այլև, ընդհանրապես, Հայաստանի համար: Այդ ժամանակ դասավանդում էի Վանաձորի բժշկական քոլեջում: Հենց այստեղ էլ, սենյակներից մեկում տեղադրեցինք սարքավորումները և առաջին արտադրանքն ունեցանք»,- հիշում է Կարինե Ղուկասյանը:
Խոստովանում է ՝ սկզբնական շրջանում դժվար էր. չկային անհրաժեշտ սարքավորումներ, արտադրանքը քիչ քանակով էր ստացվում և վաճառվում քաղաքի միայն մեկ դեղատանը, ուր առաքումն իրականացնում էին ոտքով:
Իրավիճակը փոխվեց, երբ ամերիկյան մի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Հայաստանում կին արտադրողների էին փնտրում.
«Այդ ժամանակ Հայաստանում այդպիսիք գրեթե չկային, և ինձ հրավիրեցին վերապատրաստման: Շատ բան սովորեցի, տեսա այն, ինչ Հայաստանում հասանելի չէր: Վերադարձա բիզնես-գիտելիքների լուրջ պաշարով»,- պատմում է նա:

Հետագայում՝ 2003 թ.-ին, երիտասարդ կինը ֆերմերային տնտեսություն հիմնեց: Արտադրությունն արդեն իրականացվում էր սեփական տարածքում: Սկսեց արտադրել կաթնամթերքի այլ տեսակներ ևս. այն, ինչ պահանջում էր շուկան.

«Արտադրում ենք պանրի, կարագի, յոգուրտի մի քանի տեսակներ, մածուն, թան և այլն: Արտադրանքի ծավալների մեծացմանը զուգընթաց մտածում ենք տարածքը ևս ընդլայնել»,- ասում է նա:
Կարինե Ղուկասյանն իր գործունեության ընթացքում բազմաթիվ մրցանակների է արժանացել՝ «Հաջողակ կին գործարար-2006», «Լավագույն գործատու-2012», «Հերոս կին» և այլն:
«Ժամանակի ընթացքում ձեռք բերեցի ճանաչում՝ անկախ իմ կամքից: Ես էությամբ միշտ ընդդիմադիր եմ եղել: Երևի դա առիթ դարձավ նաև, որ առաջարկ ստացա «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից՝ իրենց թիմի կազմում ավագանու անդամության թեկնածու առաջադրվելու: Առաջադրվեցի, ընտրվեցի, այժմ Վանաձորի համայնքի ավագանու անդամ եմ»,- ասում է Կ. Ղուկասյանը:
«Այսօր, մեր կողմից բարձրաձայնված բազմաթիվ խնդիրներ մեր հանձնաժողովների համատեղ քննարկումների արդյունքում մտնում են ավագանու օրակարգ և ուղղորդվում դեպի արդյունք: Իհարկե, կարող են լինել նաև պատեր, բայց, առողջ և բազմակողմանի ուսումնասիրությունը նպաստում է, որ անլուծելի հարցեր չմնան: Քննարկումների արդյունքում ենք գալիս եզրահանգման: Առանց սուր անկյունների հնարավոր չէ, հաճախ զգում ես, որ նույնիսկ չեն ուզում լսել, բայց մոտեցման տարբեր եղանակներ ու դաշտեր պետք է փնտրել, այդպես ենք աշխատում»,- ասում է ավագանու անդամը:
Կ. Ղուկասյանն ասում է, որ, որպես կին, ավագանու կազմում և ընտրություններում դժվարություններ չի ունեցել, որովհետև բիզնեսում կայանալու տարիներին այդ դժվարություններն արդեն հաղթահարվել էին ընտանիքում, շրջապատում և համայնքում.
«Մենք հարթել ենք ճանապարհ, որով այսօր կարող են ավելի վստահ անցնել և ավելի արագ հաջողության հասնել երիտասարդ աղջիկները»,- ասում է նա:
«Ես սիրում եմ իմ քաղաքը՝ որպես քաղքացի, բայց, երբ քաղաքիս նայում եմ՝ որպես ավագանու անդամ, ամեն ինչ այլ տեսանկյունից է երևում. Ես դադարում եմ լինել քաղաքի գեղեցկությամբ հիացող մեկը, և դառնում դրա խնդիրներով ապրող ու դրանց հետքերով քայլող մեկը»,- ասում է նա:

Բժիշկ Ղուկասյանը խոստովանում ՝ ամենից շատ ատամնաբուժությունն է սիրում, որն իր համար լոկ մասնագիտություն չէ, այլ՝ նպատակ:

Այսօր էլ միտքն աշխատում է հատկապես երեխաների համար անվճար ատամնաբուժական կլինիկան վերականգնելու ուղղությամբ, որն արդեն 7 ամիս է, ինչ դադարեցրել է գործունեությունը:

«Թե՛ իմ անձնական բիզնեսը, թե՛ ատամնաբուժական, դասախոսական, ավագանու հասարակական գործունեությունս մի հստակ նպատակ ունեն՝ բարելավել ոչ միայն իմ կյանքի որակը, այլև մյուսների: Ես միշտ ստացել եմ ընտանիքիս աջակցությունը, հայրս շատ է ուժ տվել ինձ, իսկ կյանքիս ամենամեծ ձեռքբերումս արդեն բժշկուհի աղջիկս է և հրաշք թոռնուհիս»,- ասում է նա:

Կարինե Ղուկասյանը վստահ է՝ որևէ հարցի վերջնական լուծում չկա: Տրվեց մի խնդրի լուծում, անցնում ենք հաջորդին. մեկ քայլ առաջ, մեկ աստիճան բարձր և դա դառնում է անընդհատ գործողություն:

Նարինե Մաթևոսյան

Created By
WomenNet am
Appreciate