Loading

ՄՈՌԱՑՎԱԾ ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐ Սարի թաղ. երեՎանյան ֆավելա

Քնար Բաբայան, Մարկ Գրիգորյան, Անի Մինասյան

Եթե Կրիվոյը կարելի է համեմատել փոսի հետ, որ սոցիալական անդունդ է հիշեցնում, ապա բլրի վրա գտնվող Սարի թաղը, հակառակը, ամրոցի է նման, որտեղ կարելի է մուտք գործել Խորենացի փողոցի կողմից միայն՝ պատի մեջ փորված աստիճաններով: Կամ էլ այն մի քանի անանուն փողոցներով, որոնք միայն համարակալված են:

Սարի թաղը բլրի վրա է, որ բարձրանում է քաղաքի հարավ արևելյան հատվածում:

Բայց դա ոչ ամրոց է, ոչ էլ` սարդոստայն: Ճիշտ կլինի ասել, որ Սարի թաղը տիպիկ բրազիլական ֆավելա է:

Ֆավելան քաղաքային թաղամաս է, որպես կանոն, անապահով, որ գտնվում է բլրի վրա կամ լեռան ստորոտում: Ֆավելայում հանցագործության մակարդակը բարձր է, քանի որ ոստիկանությունն այնտեղ դժվար է հասնում: Ֆավելայում ապրում են գաղափարներով, այլ ոչ թե օրենքով:

Եւ Սարի թաղի շատ բնակիչներ հպարտանում են, որ այստեղ օրենքները չեն գործում, կամ միշտ չէ, որ գործում են:

ՍՏԻԳՄԱ

Սարի թաղում` բլրի գագաթ չհասած, յուրահատուկ ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ են ապրում: Նրանց բոշա են ասում:

Իհարկե, բոշաներին դուր չի գալիս, երբ իրենց այդպես են անվանում: Այդ բառը նրանք ստիգմայի պես են ընկալում, որպես սոցիալական կնիք, պիտակ, որը ենթադրում է մի շարք ամոթալի որակավորումներ:

Նրանք ամեն կերպ փորձում են թաքցնել իրենց ծագումը: 1989 թվականի մարդահամարի տվյալներով միայն 48 մարդ է իր ազգությունը բոշա նշել։ Թեեւ իրականում նրանք շատ ավելի են: Իմիջիայլոց, իրենք իրենց «լոմ» են անվանում:

Սարի թաղի բնակիչ Մհեր Մկոյանը պատմում է. «Ասեմ ձեզ, բոշա բառը ոնց որ բացասական իմաստ ունի, բայց իրենք լավ մարդիկ են, արհեստավորներ են: 50 տարի առաջ, ասում են` նրանք մաղ էին վաճառում: Սարի թաղն էլ «բոշի մայլա» էին ասում: Ոչ մի բացասական բան ես չեմ տեսնում նրանց մեջ: Կազմակերպված մարդիկ են, խանութի մոտ, որ հանդիպում ենք, բարևում ենք, համբուրվում ենք...»:

Մենք էլ ցանկացանք նրանց հանդիպել: Բայց բավական էր բոշաների մասին բարձրաձայնել, փողոցում իսկույն հայտնվեցին մեքենաներով երիտասարդներ:

Մեքենաները սկսեցին անցնել մեր կողքով՝ աղմուկով արգելակելով, շրջվելով ու նորից հետ դառնալով:

«Դուք եք բոշա,- գանգուր մազերով մի տղա գորգռաց մեր ուղղությամբ,- թրև եք գալիս փողոցներով, չեք թողնում մարդիկ հանգիստ ապրեն: Գնացե՛ք այստեղից»:

Մեկ այլ մեքենայից հետաքրքրվեցին. «Դո՞ւք էիք ուզում բոշաների հետ խոսել: Ես եմ բոշա, եկեք խոսենք»:

Մի քանի տղամարդ կանգնել էին խանութի մոտ ու մռայլ հայացքով հետևում էին իրադարձություններին: Բավականին շուտ պարզ դարձավ, որ որևէ մեկի հետ խոսել մեզ չի հաջողվի:

Իսկ մենք պլանավորել էինք խոսել այն մասին, թե ինչքան վատ է ապրել պիտակով, ինչքան տհաճ ու դժվար է ողջ կյանքդ տեղից վեր ցատկել, երբ ինչ-որ մեկը կողքիդ «բոշա» բառն է արտասանում: Ի՞նչ է դա` ամաչել սեփական ծագումից և միշտ ծաղրի ու խտրականության առարկա լինել:

Բայց, հավանաբար, մեզ վիճակված չէր խոսել նրանց հետ: Երիտասարդները փորձում էին ագրեսիվ երևալ, չնայած պարզ էր, որ դա ընդամենը վախի ու լրագրողների հետ չխոսելու դրսևորում էր։

Ովքե՞ր են բոշաները

«Նրանք Հնդկաստանի գնչուներ են, ովքեր արևմուտք են գաղթել և հայտնվել Հայաստանում հազարամյակներ առաջ` V–VIII դարերում»,- ասում է ազգագրագետ և պատմաբան Արմենակ Խաչատրյանը:

Պատմաբան Աբրահամ Երևանցին հիշատակում է, որ բոշաները քաջ և լավ մարտիկներ են. «Մենք այդ էթնոսին վիրավորական անվանում ենք տվել: Նրանց համար դա բացասական նշանակություն ունի և նրանք խուսափում են դրանից»:

Աբրահամ Երևանցին ապրել է XVIII դարում և գրել է թուրք-պարսկական պատերազմների մասին: Նկարագրելով 1724 թվականի Երևանի համար ընթացող մարտը՝ նա մի դրվագի վրա է ուշադրություն հրավիրում. երբ օսմանական զորքը մոտեցավ քաղաքին, պարսկական ղեկավարությունը պատսպարվել էր ամրոցում, իսկ հայերը՝ հասարակ քաղաքացիները, ոտքի են կանգնել իրենց տները պաշտպանելու:

Բայց հայերը շատ քիչ էին: Այդ ժամանակ նրանք օգնություն են խնդրել Կոնդում ապրող բոշաներից: Նրանք ուղարկել են 234 «քաջ տղամարդկանց», որոնց միացել են մոտակա գյուղերի բնակիչները ու 9000 -անոց զորք են կազմել:

Քաղաքի պաշտպաններին դա չօգնեց: Մարտերը երկար էին ու արյունալի: Բոշաները 40 մարտիկ են կորցնում: Այսօր Կոնդում միայն 2-3 տուն է մնացել, որտեղ բոշաներ են ապրում: Բայց նրանք արդեն ձուլվել են և ոչնչով չեն տարբերվում հայերից:

Այդ օրերից շատ ժամանակ է անցել: Այս ընթացքում Աբրահամ Երևանցու պատմությունը Երևանի հերոսական պաշտպանության մասին շատ անգամ է պատմվել: Բայց միշտ չէ, որ այդ պատմության մեջ հիշատակում են բոշաների մասին:

Հետաքրքիրն այն է, որ բոշաները խոսում են հայերեն, քրիստոնյա են և Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ:

Սարի թաղի հայերը

Նրանց մասին կարելի էր եւ չգրել, որովհետև նրանք ոչ մի հատուկ բանով չեն առանձնանում: Նրանք սովորական երևանցիներ են, որոնք ապրում են իրենց առօրյա կյանքով, որը չի տարբերվում մնացած թաղամասերի բնակիչների կյանքից:

Խնդիրներն էլ միանման են. տրանսպորտը վատ է աշխատում, աղբամանների մոտ բուրգերի պես կուտակված աղբն էլ հազվադեպ են հավաքում:

Սարի թաղի տները տարբեր են: Ներքևի հատվածում համեմատաբար հին տներ են. տուֆից սիրուն շարվածքով, որոնք բնորոշ են 40-ական թվականներին, երբ տարբեր երկրներից հազարավոր հայրենադարձներ են տեղափոխվել Հայաստան:

Իսկ վերևի հատվածում, ավելի հաճախ սվաղված տներ են հանդիպում՝ յուրօրինակ տեսարաններով, որոնք բարձրանում են բլուրն ի վեր: Հաճախ ներքևի հարկի տանիքը վերևի հարկի բնակիչների համար որպես պատշգամբ է ծառայում, որի տանիքին էլ իր հերթին նույնպես պատշգամբ է...

Ռիման, ինչպես Սարի թաղի շատ բնակիչներ, լուսանկարվել չի սիրում:

Ահա այդպիսի պատշգամբներից մեկում մենք մոտ մի ժամ անցկացրինք՝ զրուցելով տանտիրուհու` Ռիմայի ու նրա հարսի հետ: Խոսեցինք Սարի թաղի կյանքի մասին, թե ինչպես են այստեղ ապրում կանայք, երբ իրենց ամուսինները Ռուսաստան արտագնա աշխատանքի են մեկնում:

Մենք նաև հիացանք Երևանի սքանչելի տեսարանով, մեր առջեւ էր Էրեբունիի բլուրը, որտեղից սկիզբ է առնում քաղաքի երեքհազարամյա պատմությունը: Մոտակայքում երևում է Վարդավառի արհեստական լիճը, որ փորել են դեռ ուրարտացիները:

Եվ զարմանում էինք, թե ինչպես Սարի թաղում կողք կողքի ապրում են քաղաքի և գյուղի ավանդույթները, օրինապահությունը և անօրինությունը, առօրյա կյանքն ու Երևանի գեղեցկությունը, որ սփռված է բլրի ստորոտին. արտաքին աշխարհը, հանգստությունն ու ներքին լարվածությունը, որ դուք չեք զգա, եթե «հենց այնպես» գաք Սարի թաղ` այդ երևանյան ֆավելան:

Հեղինակների խոստովանությունը

Իհարկե, բոշաներին հանդիպելու մեր փորձը ձախողվեց: Մենք երկար ենք մտածել, թե ինչու այդպես ստացվեց: Միգուցե, պետք էր հանդիպմանը «հայավարի» պատրաստվել: Այսինքն՝ մենք պետք է ծանոթներ գտնեինք, որոնք կկարողանային մեզ այդ «արգելված» շրջանակից ներս տանել, որ չգնայինք նրանց մոտ այդքան բացահայտ, ինչպես մենք արեցինք...

Եւ ունենք այն, ինչ ունենք: Եղածն արդեն եղել է:

Բայց ուզում ենք խոստովանել. մեր մասնագիտական ինքնասիրությունը խոցված էր: Իսկ դա նշանակում է, որ մենք նորից կփորձենք կապվել բոշաների հետ ու գրել նրանց մասին: Այս անգամ մենք արդեն ավելի զգուշավոր կլինենք: Կարևորն այն է, ինչ մենք արդեն գիտենք. բոշաները ծայրաստիճան խոցելի են:

Իսկ նրանց զգացմունքները պետք է հարգել: