Loading

Դավադրության տեսություններն ու միֆերը՝ հայ և վրաց հասարակություններում

Թվում է, թե քաղաքային լեգենդներն ու դավադրության տեսությունները ժողովրդական արվեստի՝ ֆոլկլորի մի մասն են և չեն կարող ժամանակակից հասարակության գիտակցության վրա կարևոր ազդեցություն ունենալ, բայց դրանց հասցրած վնասը երբեմն մեծ է։ Դրանք հաճախ վերարտադրում և ամրապնդում են ռասիստական, հակասեմական, հակագիտական մոտեցումներ։ Այդ պատմությունների առավել տոքսիկ ձևերը հանգեցնում են բռնությունների:

2003-ին Գերմանիայում կատարված հարցումներով՝ մասնակիցների 20%-ը կարծում էր, որ 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը կազմակերպված էր ԱՄՆ կառավարության կողմից։ ԱՄՆ բնակչության 5-6%-ը հավատացել և հավատում է, որ 1969-ի թռիչքը լուսնի վրա խաբեություն է։ 2017 թվականին Ֆրանսիայում անցկացված հարցումները ցույց տվեցին, որ 10 ֆրանսիացիներից 8-ը հավատում է առնվազն մեկ կոնսպիրոլոգիական տեսության։

Այս ուսումնասիրությամբ ձեզ ենք ներկայացնում հայկական և վրացական հասարակությունների առավել հայտնի միֆերն ու դավադրապաշտական տեսությունները։

Վարակված ասեղներն ու «ՁԻԱՀ ահաբեկչությունը»

«Բանկոմատներում սկսել են ասեղներ հայտնվել: Խնդրում ենք՝ եղեք չափազանց ուշադիր: Հասարակական տրանսպորտի բոլոր նստարաններն ուշադիր զննեք՝ նոր նստեք։ Ահաբեկչության նոր տեսակ է հայտնվել. վարակված ասեղի միջոցով փորձում են ՄԻԱՎ-ՁԻԱՀ տարածել: Մահացու այս հիվանդությամբ վարակվածները կորցնելու բան չունեն, դրա համար էլ ուզում են վրեժ լուծել մարդկությունից»։

Սահմռկեցուցիչ այս կոչը՝ տարբեր ձևակերպումներով, շուրջ երկու տասնամյակ է՝ հայտնվում է հայկական մեդիատիրույթում։ Խոսքն առավել արժանահավատ դարձնելու համար՝ լուրը տարածողները հղում են անում Առողջապահության նախարարությանը, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին, ավելի համարձակները՝ ոստիկանությանն ու ռուս գործընկերներին։ Խուճապային այս կոչերին հետևում են գերատեսչությունների և ոլորտի մասնագետների հերքումները: Տարբեր առիթներով և բազմիցս նշվել է՝ ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ով վարակված ասեղների պատմությունը հնարված է։ Հայաստանում նման դեպք չի արձանագրվել, սակայն դա չի խանգարում, որ լուրն ամեն տարի նորից շրջանառվի։

Հայաստանյան մեդիայում լուրը վերջին անգամ շրջանառվեց 2019-ի հոկտեմբերին, որին հետևեց Առողջապահության նախարարության մամուլի խոսնակի հերքումը։

Առաջին անգամ ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ով վարակված ասեղների մասին ես լսել եմ 2005 թվականին, երբ դպրոցական երեխա էի։ Բայց միֆական այս պատմությունը, իհարկե, շատ ավելի հին կյանք ունի։ Հայկական իրականություն այն մուտք է գործել միջազգային՝ ամերիկյան մամուլից։ ԱՄՆ-ում լուրը սկսել է լայն թափով տարածվել 1998-ից։ Տեղական ոստիկանությունը ևս բազմից հայտնել է, որ ստացված ահազանգերը կեղծ են եղել։

Պատմությանը չհավատալու գլխավոր պատճառն այն է, որ հանրային վայրերում տեղադրված ասեղների միջոցով վիրուսը գործնականում հնարավոր չէ փոխանցել, քանի որ դրա գոյատևման համար անհրաժեշտ է կենդանի օրգանիզմ։ Օրգանիզմից դուրս վիրուսը տարբեր արտաքին գործոնների ազդեցությամբ շատ արագ ոչնչանում է։

Թեմայի շուրջ զրուցել ենք վարակաբան Հովհաննես Հովհաննիսյանի հետ։

«Լուգարի լաբորատորիան»՝ վիրուսների տարածման աղբյո՞ւր

2002 թվականին ԱՄՆ-ի պաշտպանության դեպարտամենտի և Վրաստանի պաշտպանության նախարարության միջև կնքվեց համաձայնագիր՝ կենսաբանական զենքի զարգացմանը վերաբերող տեխոլոգիաների, պաթոգենների և փորձի տարածմանը խոչընդոտելու նպատակով։ Համաձայնագրի շրջանակում 2011 թվականին Թբիլիսիում ստեղծվեց սենատոր Ռիչարդ Լուգարի անվան Հասարակական առողջապահության կենտրոն լաբորատորիան։ Բացումից ի վեր՝ լաբորատորիայի գործունեության շուրջ պտտվում են բազմաթիվ միֆեր։ Միֆերը տարածման տարբեր աղբյուրներ են ունեցել՝ լրագրողներ, ակադեմիկոսներ, առողջապահության նախկին աշխատակիցներ և այլն։

Ըստ տարածված միֆերի՝ լաբորատորիայում ստեղծվում և տարածվում են տարբեր վիրուսներ, պատրաստվում է կենսաբանական զենք, ինչպես նաև փորձարկումներ են կատարվում մարդկանց վրա։ Ի սկզբանե նշվում էր, թե H1N1 վիրուսը սկսել է տարածվել հենց այս լաբորատորիայից: Լուրն ակտիվորեն շրջանառում էին վրացական տարբեր լրատվամիջոցներ։

Տեղեկատվությունը չէր կարող ճիշտ լինել, քանի որ H1N1-ը՝ հայտնի որպես «խոզի գրիպ», տարածվել է դեռևս 2009 թվականին, մինչդեռ «Լուգարի լաբորատորիան» սկսել է գործել միայն 2011-ից։

2018 թվականի սեպտեմբերի 11-ին Վրաստանի անվտանգության նախկին նախարար Իգոր Գիորգաձեն Մոսկվայում ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Թբիլիսիում գտնվող «Լուգարի լաբորատորիայում» փորձաքննություններ են անցկացնում կենդանի մարդկանց վրա: Նշված հայտարարությունը լայնորեն լուսաբանվեց 1tv.ru, Ռոսիա-24, РЕН ТВ, «Զվեզդա», НТВ, Սպուտնիկ-Վրաստան լրատվականներով։ Ըստ նախկին նախարարի՝ լաբորատորիայում ստեղծվել և մարդկանց վրա է փորձարկվել հեպատիտ C-ի բուժման՝ «Սովալդի» դեղամիջոցը, որը, սակայն, այդ մարդկանց հակացուցված է եղել, ինչի հետևանքով էլ նրանք բոլորը մահացել են նույն օրը։

Իրականում «Լուգարի լաբորատորիան» զբաղվում է հեպատիտ C-ի միայն ախտորոշմամբ, և ոչ բուժմամբ։ Պնդումը, թե մարդկանց վրա կիրառում են «Սովալդին»՝ ստուգելու համար դրա արդյունավետությունը, չի համապատասխանում իրականությանը, քանի որ դեղամիջոցը եվրոպական և ամերիկյան որակի հավաստման փաստաթղթեր ունի և լայնորեն կիրառվում է ոչ միայն Վրաստանում, այլև աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։ Հատկանշական է, որ 2015-2017 թվականներին հեպատիտ C-ից բուժման այս ծրագրում ընդգրկված 36 012 հիվանդներից 24 481-ը բուժվել է: Ընդգծենք, որ մարդիկ, որոնց մասին խոսում է Գիորգաձեն, մահացել են ոչ թե մեկ օրում, այլ մեկ ամսվա ընթացում՝ հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 30-ն ընկած ժամանակամիջոցում։

ԱՀԿ-ի (WHO) 2015 թվականի տվյալներով՝ աշխարհում հեպատիտ C-ից մահանում է 1,34 մլն մարդ, ինչը հաճախ կապված է բուժումը ուշ սկսելու հետ։ Լաբորատորիայի շուրջ տարածված կեղծիքների մասին խոսել ենք Վրաստանում գործող Media development foundation-ի հետազոտող Սոպո Գալավայի հետ։

Զորաց քարե՞ր, թե՞ Քարահունջ։ Աստղադիտարա՞ն, թե՞ դամբարանադաշտ

Զորաց քարեր պատմամշակութային արգելոցը Հայաստանի ամենահետաքրքիր և էկզոտիկ վայրերից է։ Գտնվում է Սիսան քաղաքի մոտակայքում, Երևանից 200 մետր հեռավորության վրա։ Այն հայտնի է նաև Քարահունջ անունով, որը շատերի կարծիքով արհեստածին անվանում է։ Այս անվանումը 1990-ականներին առաջարկել է համալիրը հետազոտած հայտնի գիտնական, ակադեմիկոս Պարիս Հերունին։

Ընդունված տեսակետ կա, թե Զորաց քարերն իրականում հնագույն աստղադիտարան է։ Այս պնդումները արվել են մի քանի հետազոտողների կողմից, բայց որպես ամենածանրակշիռ ապացույց ներկայացվում է Պարիս Հերունու «Հայերն ու հնագույն Հայաստանը» աշխատությունը։

Հնավայրը հաճախ նմանեցնում են բրիտանական Սթոունհենջին։

Հերունին ուսումնասիրել էր Զորաց քարերը 1990-2000-ականներին և հայտարարել, որ հնավայրը 7500 տարեկան աստղադիտարան է։ Աստղադիտարան լինելու գլխավոր փաստարկը հատուկ դասավորությամբ քարերն էին ու դրանց վրա առկա անցքերը, որոնցից հնարավոր է նայել երկնակամարին։

2004թ.-ին ՀՀ կառավարության որոշմամաբ կառույցը ճանաչվեց աստղադիտարան: Որոշումը վավերացվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից։

Սակայն 2017 թվականին այս որոշումը չեղարկվեց։

Հայաստանում հնագետների վերջին տարիներին կատարած ուսումնասիրությունները, սակայն, ցույց են տվել այլ պատկեր։ Նրանցից շատերը հակված են այն մտքին, որ հուշարձանը հնագույն դամբարանային համալիր է։ Ի տարբերություն նախկինում կատարված ուսումնասիրությունների, որոնց ժամանակ դիտարկվել են քարերը, դրանց անցքերի դիրքերը, հնագետները 5-6 տարվա պեղումներ են իրականացրել, ձեռք բերված նյութերի լաբորատոր ուսումնասիրություններ կատարել, որոնք էլ թույլ են տվել եզրակացնելու՝ հնավայրի ներկայիս տարիքը 4000-ից ավելին չէ։ Չկա որևէ ապացույց, որ այն ունի 7500 տարվա պատմություն։

Մասնագետների խոսքերով՝ հուշարձանը տեկտոնիկ ակտիվ խզման գոտում է, ինչը նշանակում է, որ հազարավոր տարիների ընթացքում քարերը, բնահողն ու մակերեսը տարբեր տեղաշարժերի են ենթարկվել և այժմ իրենց նախնական դիրքում չեն։ Հայաստանի տարածքում գրանցված տեկտոնիկ շարժերը, ցնցումները ազդեցություն են ունեցել և ունենում այդ տարածքի վրա: Սա նշանակում է, որ աստղերին նայող քարերի անցքերը տասնյակ անգամներ շեղվել են։

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը նշել է՝ հուշարձանը միայն դամբարանադաշտ չէ, այն զբաղեցնում է մոտ 10 հեկտար հողատարածք։ Քարերը, որոնք շատերը համարում են համաստեղություններին հետևելու հնագույն գործիքներ, տապանաքարեր են, ծածկասալեր կամ հատվածներ պատից։ Պրոֆեսորի խոսքերով՝ նման քարեր կան նաև մոտակա համայնքների գերեզմանատներում։
Պեղումների արդյուքնում գտնվել են 4 արկղից ավել խեցու բեկորներ, մոտ 5 արկղ կենդանիների ոսկորներ՝ խոշոր և մանր եղջերավորների, թռչունների, 4 տարբեր մարդկանց մասունքներ, որոնք վկայում են թաղման ծեսերի մասին։ Մասնագետը նշել է, որ հայտնաբերված նյութերը թույլ են տալիս ասել՝ 4 տարբեր շրջափուլերում այստեղ թաղման արարողություններ են իրականացվել, իսկ հայտնի քարերի անցքերը ամենայն հավանականությամբ նախատեսված են եղել դրանք տեղափոխելու համար։ Աշոտ Փիլիպոսյանի խոսքերով՝ Ելփին և Որոտնավանք համայնքների գերեզմաններում տեղադրված են միջնադարյան խաչքարեր ու տապանաքարեր, որոնք բոլորն էլ ստորին մասում ունեն նմանատիպ անցքեր։

«Զորաց քարերում» կատարված պեղումների ու հնավայրի պատմամշակութային արժեքի մասին խոսել ենք պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի հետ։

Անտենաների ու 5G համակարգերի ներդրումը՝ զանգվածային ցույցերի պատճառ Վրաստանում

Ռադիոալիքների ճառագայթման և ընդունման սարքերը՝ ալեհավաքները (անտենաները), վրացական իրականությունում առասպելների ձևավավորման անբաժան մասն են։ Տարբեր ժամանակներում դրանք թիրախային թեմաներ են դարձել դավադրության տեսության սիրահարների համար, որոնք դեմ էին բջջային և ռադիոընկերություններին։

«Անտենոֆոբները» կարծում են, որ ալեհավաքները տարբեր վիրուսներ են տարածում, վտանգում են մարդկանց առողջությունը և վատ են անդրադառնում շրջակա աշխարհի, մասնավորապես՝ ջրի որակի վրա։ 2012 թվականին Դիգոմի գյուղի բնակիչները բողոքի ակցիա անցկացրին՝ պահանջելով ապամոնտաժել բջջային օպերատորի կողմից՝ դպրոցի շենքին տեղադրված ալեհավաքը։

Նմանատիպ բողոքներ եղան նաև 2017-ին Խուցուբանի և Ծալենջիխայի շրջանի Չալե գյուղերում։ Առաջին դեպքում բողոքը «Geocell» կապի տեղադրման դեմ էր, իսկ երկրորդ բողոքն ուղղված էր բարձրավոլտային ալեհավաքի տեղադրմանը։ Նմանատիպ զանգվածային բողոքներ այս առիթով Վրաստանում շատ են եղել։

2020 թվականին «անտենոֆոբների» թիրախը 5G համակարգերն են։ 5G-ն հինգերորդ սերնդի անլար ցանց է, որը կարող է ապահովել զգալիորեն ավելի արագ ինտերնետ կապ։ Այն նոր է ներդրվում աշխարհի տարբեր երկրներում։ Տեխնոլոգիական ոլորտի փորձագետները փաստում են, որ այն վերջին տարիների տեխնոլոգիական մեծագույն ձեռքբերումներից է։

Տեխնոլոգիական առաջընթացին զուգահեռ՝ մեծանում է նոր համակարգերից վախեցող և դրանք վտանգ համարող մարդկանց քանակը։ Այս համակարգերից վախը հատուկ է ոչ միայն վրաց հասարակությանը: 5G-ի ներդրման դեմ ակտիվորեն բողոքում էին Շվեյցարիայում, Նիդեռլանդներում, Հունաստանում...

Շվեյցարիա
Նիդեռլանդներ

Կային նաև պնդումներ, որ նոր տիպի կորոնավիրուսի տարածման մեղավորը ևս 5G համակարգերն են։ Կեղծ այս լուրին արձագանքեց նաև Աողջապահության համաշխարհային կազմակերպությունը (WHO)՝ նշելով, որ 5G տեխնոլոգիան չի պարունակում մարդու առողջության համար վնասակար ճառագայթում, իսկ ռադիոալիքները չեն կարող վիրուս տարածել։ Իսկ կորոնավիրուսով վարակված են նաև այն երկրներում, որտեղ չկա 5G, օրինակ՝ Հայաստանում, Իրանում և այլն։ Ի վերջո, ապացուցված է, որ այս վիրուսը փոխանցվում է մարդուց մարդուն։

Հարկ է նշել նաև, որ 5G-ում և բջջային հեռախոսի այլ տեխնոլոգիաներում օգտագործված ռադիոալիքները տեսանելի լույսից ավելի հզոր չեն, բջիջները վնասելու համար դրանք շատ թույլ են։ Համեմատության համար նշենք, որ արևի լույսից մենք ստանում ենք անհամեմատ ավելի մեծ քանակությամբ էլեկտրամագնիսական ճառագայթում։

5G համակարգերի ներդրման և դրա շուրջ տարածված միֆերի մասին խոսում է ֆիզիկոս Իրակլի Մաչիտաձեն։

«Արմենիկում». ՁԻԱՀ-ի բուժման առասպելի ծնունդն ու մահը

1988-ին Հայաստանում արձանագրվեց ՍՊԻԴ-ով վարակման առաջին դեպքը։ Տասը տարի անց՝ 1998-ի աշնանը, երբ երկրում տեղի էին ունենում ներքաղաքական բուռն զարգացումներ և ակտիվորեն քննարկվում էր Ներքին գործերի նախարար Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը, վերջինիս կողմից պետական հեռուստատեսության եթերից հայտարարվեց «Արմենիկում» դեղամիջոցի ստեղծման մասին, որը լիովին բուժում էր դարի ժանտախտից` ՁԻԱՀ-ից:

Հայտարարությունը սենսացիոն էր, այն քննարկման թոփ թեման էր թե՛ Հայատանում, թե՛ երկրից դուրս։ Ռուսաստանյան հեռուստալրագրողներից մեկն անգամ շնորհակալություն հայտնեց ՀՀ՝ այդ օրերի նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՆԳ նախարար Սերժ Սարգսյանին՝ աշխարհին փրկություն բերած բացառիկ դեղամիջոցի համար։

Մասնագետները հավաստիացնում էին՝ դեղորայքը ստանալուց հետո վիրուսի քանակը հիվանդների մոտ 10-15 անգամ իջնում է, իսկ իմունային համակարգի բջիջների քանակը՝ բարձրանում։ Կար ակնկալիք, որ գյուտի շնորհիվ Հայաստանը միլիարդավոր դոլարների եկամուտներ է ունենալու։

Ովքե՞ր էին գյուտի հեղինակները, ինչպե՞ս և որտե՞ղ էր ստեղծվել դեղամիջոցը՝ չէր հաղորդվում. պետական գաղտնիք էր։ «Արմենիկում» ծրագրի ղեկավար Լևոն Գևորգյանի խոսքերով՝ փորձարկումների համար միլիոնավոր դոլարներ են ծախսվել, որոնք ինքն անձամբ է տրամադրել։

Դեղամիջոցն առաջինը փորձարկողներից էր սպիդ վարակակիր, 22-ամյա Նիկոլայ Կոլեսնիկովը, որը Ռուսաստանից էր եկել Հայաստան՝ հատուկ բուժման կուրսերն անցնելու նպատակով։

Արխիվային տեսանյութերից մեկում նա անգամ պատմում է, թե ինչպես է վերականգնվել բուժումից հետո։

2005-ի դեկտեմբերին, սակայն, Նիկոլայը մահացավ։ Մասնագետները նշում էին, որ նրա արյան մեջ վարակված բջիջների քանակն ավելին էր, քան սովորաբար լինում է ՁԻԱՀ վարակակիրների դեպքում։

«Արմենիկումի» ստեղծումից մեկ տարի անց Ռուսաստանում «ՁԻԱՀ-ի կանխարգելման և վերահսկման դաշնային գիտամեթոդական կենտրոնի» տնօրենը (որտեղ կիրառվում էր «Արմենիկումը») հայտնել էր, որ դեղամիջոցի արդյունքում դրական տեղաշարժեր չեն գրանցվել։

2018 թվականից սկսած՝ դադարեցվել է «Արմենիկում» բժշկական կենտրոնի պետական ֆինանսավորումը։

Վրաց հասարակությունը՝ ապրիլյան ապոկալիպսիսի սպասումով

Մարդկության պատմության անբաժան մասն են կազմում միֆերը աշխարհի կործանման մասին։ Սպասվելիք ապոկալիպսիսները մե՛կ բնական աղետների, մե՛կ պատերազմների ու հիվանդության, մե՛կ էլ տիեզերական մարմինների տեսքով են լինում։ Ոչ վաղ անցյալում տարածված էր աշխարհի կործանման Վանգայի տեսությունը, ըստ որի՝ 2012-ի դեկտեմբերի 21-ին աշխարհը ոչնչանալու է։ Բանն այն էր, որ մայաների կողմից կազմված օրացույցը ավարտվում էր հենց այդ օրը, ինչը նշանակում էր ոչ այլ ինչ, քան աշխարհի կործանման մեկնարկային ամսաթիվ։

Ինչպես հայտնի է՝ աշխարհն այդպես էլ չկործանվեց, սակայն պարզվեց, որ մայաների հետևորդների քանակն աշխարհում փոքր չէ։ Համակիրները քիչ չէին նաև Վրաստանում։ Վրացիները աշխարհի մոտալուտ կործանմանը սպասում էին 2000 թվականին՝ հավատալով Նոստարադամուսի կանխատեսումներին։

Աշխարհը պետք է կործանվեր նաև հեռավոր 1986 թվականին, երբ երկնքում հայտնվեց Գիսաստղ Հալլեյը։ Այն պարբերական գիսաստղ է, որը երևում է ամեն 74-79 տարին մեկ։ Ապոկալիպտիկ սցենարների սիրահարները շտապեցին գիսաստղի հայտնությունը ևս կապել մոտալուտ վախճանի հետ։

Մարդիկ այնքան էին վախեցել գիսաստղի և մեր մոլորակի բախումից, որ այդ շրջանում զգալիորեն աճեց սրտանոթային հիվանդությունների ու սրտի կաթվածների թիվը:

Հաջորդ անգամ Հալլեյը կայցելի 2061 թվականին, այնպես որ պետք է պատրաստ լինել նորանոր առասպելների։

2020-ին Վրաստանում և ողջ աշխարհում տարածվող նմանօրինակ միֆերից էր 1998 OR2 կոչվող աստերոիդի բախումը մոլորակին՝ ապրիլի վերջին։ Դրա հետևանքով կանխատեսվում էր հսկայական թվով մարդկանց մահ և կլիմայի փոփոխություն։ Այս մասին եղան բազմաթիվ հրապարակումներ ԶԼՄ-ներում և youtube-ում։

Ի վերջո բախումը տեղի չունեցավ. աստերոիդն անցավ մոլորակի կողքով։

Ռադիոլոկացիոն լուսանկարում այն ասես դիմակ կրեր, ինչը կատակով կապվում էր կորոնավիրուսի հետ։

Աշխարհի վերջը կանխատեսվում էր դեռևս 1000 թվականին, ապա՝ 1492-ին, 1666-ին, 1900-ին, 1967-ին և այլ ժամանակներում, բայց Երկիրը մինչ օրս շարունակում է պտտվել իր առանցքի շուրջ: Աստղագետների խոսքերով՝ Երկրի շուրջ գտնվում են ավելի քա 20 հազար երկնային մարմիններ, որոնցից ոչ մեկը սպառնալիք չէ մեր մոլորակի համար։

Փիլիսոփա Գիա Ցացաշվիլին մեզ հետ զրույցում ներկայացրեց աշխարհի կործանման մասին իրեն հայտնի միֆերն ու դրանց տարածման պատճառները։

Չիպավորման միֆի նախապատմությունը՝ Վրաստանում

Վրաստանում հիշողության սարքերի (չիպերի) մասին միֆերն ու կոնսպիրոլոգիական տեսությունները սկսեցին տարածվել թվային նորագույն տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ։ Դրանք հատկապես վախեցնող էին հավատացյալների համար, որոնք այդ տեխնոլոգիաները կապում էին «Աստվածաշնչում» հիշատակված «սատանայի թվի»՝ 666-ի հետ։ Վերջիններս խուսափում էին հիշողության սարքերի կիրառումից։

Վրաստանում չիպերի մասին դավադրության տեսությունը ասոցացվում է նույնականացման քարտերի (ID) սկանդալի հետ, որը մեկնարկեց 2011-ին, երբ երկրում սկսեց քարտերի թողարկումը։

Ուղղափառ եկեղեցու բազմաթիվ հետևորդների շրջանում սա անընդունելի էր։ Նրանք 2013 թվականին Արդարադատության նախարարության առաջ ցույցեր իրականացրին՝ նույնականացման քարտերին այլընտրանք գտնելու պահանջով։

Վրաց կառավարությունը ստիպված էր բազմիցս հերքելու նույնականացման քարտերի և «չար ուժերի» միջև կապը՝ հայտնելով, որ այն չի պարունակում սատանայական կոդ։ Դրա կիրառումը բնակչության շրջանում լիովին անվտանգ է։ Արդարադատության նախարարությունն յութուբյան իր պաշտոնական ալիքում հրապարակեց 6 րոպե տևողությամբ տեսանյութ, որտեղ ներկայացվում էր, թե ինչի համար է նախատեսված ID քարտը։

2012-ի հուլիսի 5-ին եղավ նաև վրացական Ուղղափառ եկեղեցու Սուրբ սինոդի հայտարարությունը։ Նշվում էր, որ եկեղեցին ID քարտերը չի համարում «նեռի կնիք»՝ նույն ինքը սատանայի նշան։ Միևնույն ժամանակ եկեղեցին կոչ արեց կառավարությանը՝ գտնել մարդկանց համար այլընտրանքային լուծում, եթե դա հնարավոր է։

Այս կոչից հետո որոշ մարդիկ դատական հայցով հանդես եկան՝ ընդդեմ նույնականացման քարտերի։ Սահմանադրական դատարանը մասնակի բավարարեց հավատացյալների հայցը՝ թույլատրելով Արդարադատության պալատից ստանալ նույնանացման քարտերը՝ առանց թվային կրիչի՝ այսինքն չիպերի։

Այսօր չիպերի մասին դավադրապաշտական տեսությունը թևակոխել է նոր փուլ. սոցիալական ցանցերում տարբեր օգտատերեր կոչ են անում չտեստավորվել կորոնավիրուսային հիվանդության հայտնաբերման համար և չպատվաստվել։ Հակառակ դեպքում նրանց սպառնում է չիպավորումը, որն էլ մասսոնական դավադրություն է` մարդկության թվաքանակը 1 միլիարդի հասցնելու նպատակով։

Աստվածաբան Կախա Կուրատանիձեն Վրաստանում տարածվող «չիպաֆոբիան» կապում է աստվածաշնչյան «Հայտնություն» գրքի սխալ մեկնաբանության հետ։

Աստվածաբանի խոսքերով՝ այնտեղ նշվում է, որ բոլոր մարդիկ կունենան սատանայի կնիքներ (չիպեր), իսկ ովքեր չեն ունենա, չեն կարողանա որևէ գործունեությամբ զբաղվել։

Չիպավորման վերաբերյալ զրուցել ենք ֆիզիկոս Իրակլի Մաչիտաձեի հետ։

Դավադրության տեսություններն ու միֆերը իսկապես աղերսներ ունեն իրականության հետ և նույնիսկ կարող են հենվել ճշմարիտ դատողությունների վրա, սակայն մեկնաբանման ինչ-որ փուլում դրանք սկսում են ակնհայտորեն աղճատվել և գերընդհանրացվել։

Վերջին տասնամյակում մի շարք հետազոտական խմբերի կատարած ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կոնսպիրոլոգիական բնույթի հավատքը խիստ զուգորդվում է պարանոիդալ մտածողության և շիզոտիպության հետ: Եվրոպայում, մասնավորապես՝ Լեհաստանում կատարված հետազոտությունների տվյալները ևս հստակ ընդգծում են կոնսպիրոլոգիական մտածողության և պարանոյայի միջև կապը։

Պատրաստեցին

Օֆելյա Սիմոնյանը և էկա Կուկհալիշվիլին