Loading

Դարբնիկ. հայ փախստականների նոր հայրենիքը Գայանե Միրզոյան

Երեւանից 10 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Դարբնիկ գյուղը վերջին 28 տարիների ընթացքում պատսպարել է երեք հակամարտությունների արդյունքում Հայաստան ներգաղթած փախստականներին:

Անցյալ դարի 90-ականների սկզբին Դարբնիկում հայտնվեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ Ադրբեջանից փախած հայերը: Նրանց մի մասին բնակեցրին ուսումնարանի հին շենքում: Այնուհետեւ՝ 2009-ին, այստեղ սոցիալական տուն բացվեց Իրաքից ժամանած 46 փախստական հայ ընտանիքների համար, որոնց մի քանի տարի հետո միացան սիրիահայերը:

Նախքան ղարաբաղյան հակամարտությունը, այն ժամանակ «Շորլու» անունը կրող գյուղը հիմնականում բնակեցված էր ադրբեջանցիներով, որոնք հետագայում նույնպես փախստական դարձան: Այսօր Դարբնիկում 2342 մարդ է ապրում: Այստեղ բնակվող գրեթե յուրաքանչյուր ընտանիք ստիպված է եղել Հայաստանում կյանքը զրոյից սկսել:

Երկատված կյանք

Ռադա Հարությունյանը երազում է Դարբնիկում ձեռքի գնդակի (հանդբոլ) թիմ ստեղծելու մասին:

Ջուլիետա Հարությունյանը ստիպված է եղել լքել Բաքուն երկու դստրերի եւ թոռների հետ 1989 թվականին: Չնայած Ջուլիետայի բաքվեցի հարեւանների եւ ընկերների աջակցությանը, հայրենի քաղաքում ապրելն այլեւս անվտանգ չէր նրա ընտանիքի համար:

«Մեր շենքում 60 բնակարան կար, եւ բոլորս էլ համերաշխ ապրում էինք: Հարեւաններից ոմանց հետ մինչեւ հիմա էլ շփվում ենք համացանցով: Բայց այն ժամանակ՝ 1989-ին, սկսվեցին հայերի վրա հարձակումները: Մի անգամ կացիններով զինված ամբոխը սկսեց ջարդել մեր բնակարանի դռները: Հեռախոսով կապվեցինք մեր թաղայինի՝ ադրբեջանցի Բախմանի հետ, ով օգնեց մեզ հեռանալ», - հիշում է Ջուլիետան:
Ջուլիետա Հարությունյանը ծնվել եւ մեծացել է Բաքվում, սակայն այսօր Դարբնիկն է համարում իր միակ հայրենիքըД

Նրա դստերը՝ Ռադա Հարությունյանին, հաջողվեց փրկվել հնարամտության եւ ինքնատիրապետման շնորհիվ: Ադրբեջաներենին վարժ տիրապետող Ռադան կարողացել էր իրենց տուն ներխուժած, իսկ այնուհետեւ Բաքվի օդանավակայանի ճանապարհին հերթապահող խառնամբոխին համոզել, որ ինքը հայ չէ:

Ռադա Հարությունյանը Ադրբեջանական ՍՍՀ ձեռքի գնդակի երիտասարդական հավաքականի կազմում խաղի ժամանակ:

Նրանց ընտանիքը նախ մեկնեց Ուզբեկստան՝ Կոկանդում բնակվող բարեկամների մոտ, որտեղ այն ժամանակ ճակատագրի հեգնանքով սկսվեց Ֆերգանայի հակամարտությունը:

«Սեղանի տակ թաքնվելով՝ պաշտպանվում էինք կրակոցներից: Մի վտանգից փախչելով՝ անսպասելիորեն մյուսի մեջ էինք ընկել», - պատմում է Ռադան: 1990 թվականի հունվարի 1-ին ծնվում է նրա դուստրը՝ Էլլադան, իսկ մարտին ընտանիքը տեղափոխվում է Երեւան:

Էլլադա Հարությունյանը ռուսերեն եւ ֆրանսերեն լեզվի մասնավոր պարապմունքներ է անցկացնում Դարբնիկ գյուղի դպրոցականների համար:

Առաջին փախստականներին հատկացվեց ուսումնարանի նախկին շենքը: Յոթ հոգուց բաղկացած ընտանիքն ապրում էր հանրակացարանի մեկ սենյակում՝ ընդհանուր բաղնիքով: Այստեղ ամենասովորական կենցաղային պայմանները նրանց համար դարձան անիրականալի երազանք:

«Ես ու եղբայրս արկղի մեջ էին քնում: Մի օր սենյակում հրդեհ բռնկվեց, եւ «օրորոցը» վայրկենապես սկսեց այրվել: Ինձ հաջողվեց փրկել վիրահատարանում », - հիշում է Էլլադան
Փոքրիկ Էլլադան եղբոր հետ՝ ընտանիքի յոթ անդամներին հատկացված մեկ սենյակում (1990-ականների սկզբին):

Գյուղի գրեթե բոլոր նոր բնակիչները ժամանակին քաղաքներում էին ապրել, եւ գոյատեւելու համար նրանք պետք է սովորեին դաշտում աշխատել: Այդ ամենի հետ մեկտեղ, Ռադան նաեւ սկսեց աշխատել միջազգային կազմակերպություններում որպես կամավոր: Այսօր Էլլադան նույնպես կամավոր է, ով օգնում է հումանիտար կազմակերպություններին:

Էլլադայի՝ դպրոցում ստացած ողնաշարի վնասվածքից հետո, ընտանիքի մի մասը տեղափոխվեց հանրակացարանի նոր մասնաշենք, որպեսզի կարողանան նրան անհրաժեշտ խնամք ապահովել: Սա թույլ է տալիս նրանց օգտվել տարրական կենցաղային պայմաններից, սակայն զրկում է բնակարանը սեփականաշնորհելու իրավունքից:

Նոր հանրակացարանում հատկացված փոքր բնակարանը կարողացան քիչ թե շատ կահավորել. հանրակացարանից հեռացող հարեւաններից մատչելի գներով կահույք եւ այլ իրեր գնեցին:

Ռադայի ավագ դուստրը՝ Ռեգինա Հարությունյանը, դեռեւս ապրում է չորս երեխաների հետ մի բնակարանում, որտեղ բացակայում են տարրական կենցաղային պայմանները: Նրանք գոյատեւում են միայն երեխաներին հասնող սոցիալական նպաստի հաշվին եւ շարունակում ապրել վթարային շենքում, որտեղ մնալը պարզապես վտանգավոր է:

Գայանե Հարությունյանը եւ նրա զարմուհին՝ Ռեգինան, ապրում են գյուղի նախկին ուսումնարանի շենքում:
Ռեգինայի դուստրը

«Վախենում եմ թողնել երեխաներին պատշգամբ դուրս գալ: Այն կարող է ամեն րոպե փուլ գալ: Նույնիսկ բակում մնալն է վտանգավոր: Պարզապես գնալու տեղ չունեմ, այդ պատճառով էլ այստեղ եմ ապրում», - ասում է նա:

Պետությունը, փախստականների բազմաթիվ դիմումներից հետո միայն, սկսեց շենքում բնակարանների սեփականաշնորհման գործընթացը: Չնայած այն հանգամանքին, որ այս կացարանները հազիվ կարելի է բնակության համար պիտանի համարել, սեփական բնակարաններից զուրկ փախստականներն անգամ այս պայմաններին են համաձայն:

«Նրանք իրավունք չունեն տնից դուրս գալու, ինչ-որ տեղ մեկնելու կամ բարեկամներին այցելության գնալու: Չէ՞ որ այդ դեպքում նրանց բնակարանը կարող են ուրիշներին հատկացնել», - պարզաբանում է Ռադան:

Փախստականների նոր ալիքը

Կարինե Բաղդոյանը ծնունդով սիրիական Ռաքա քաղաքից է

Հարությունյանների հարեւանուհին՝ Կարինե Բաղդոյանը, Սիրիայի Ռաքքա քաղաքից է: Կարինեի խոսքով՝ նախքան քաղաքացիական պատերազմը, Սիրիայի այս քաղաքում շուրջ 80 000 հայկական ընտանիքներ են բնակվել: Այս հակամարտությունում, որը սկսվել էր 2011 թվականին որպես Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգի դեմ քաղաքացիական ապստամբություն, աստիճանաբար ներքաշվեցին նաեւ հարեւան պետությունները, ահաբեկչական խմբերը եւ գերտերությունները: 2013 թվականին «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը գրավեց Ռաքքան՝այն իր մայրաքաղաքը հռչակելով:

Դրանից անմիջապես հետո Կարինե Բաղդոյանի ընտանիքը ստիպված եղավ լքել հայրենի քաղաքը, որը ռազմական գործողությունների հետեւանքով հողին էր հավասարեցվել: Կարինեն ջերմ հիշողություններ ունի Ռաքքայի մասին եւ ասում է, որ կարոտում է իրենց հարեւաններին:

«Մեզ օգնում են ՄԱԿ-ը, «Առաքելությունը Հայաստան» կազմակերպությունը, վատն այն է միայն, որ աշխատանք չկա», - ասում է Կարինեն: Նա ապրում է սկեսրոջ, երկու երեխաների եւ ամուսնու հետ, ով մեքենաներ է վերանորոգում:

Չնայած 2017 թվականի հոկտեմբերին Ռաքքան ազատագրվեց, Կարինեի ընտանիքը դժվար թե այնտեղ վերադառնա. երբեմնի ծաղկուն քաղաքից այսօր ավերակներ են մնացել:

Շենքում ապրում են Իրաքից, Սիրիայից եւ Ադրբեջանից եկած փախստականները:

2004 թվականին Բաղդադից հեռացած Անի Մարգարյանը պատմում է, որ Իրաքում ընտանիքը սովորաբար տղամարդիկ են պահում, բայց այսօր ընտանիքի միակ կերակրողը նա է, ինչը հնարավոր է դարձել Հայաստանում ՄԱԿ-ի առաքելության նվիրած կարի մեքենայի շնորհիվ:

Անի Մարգարյանը ծնվել եւ մեծացել է Բաղդադում:
«Հայրս սովորեցրել է, որ առանց աշխատանքի ոչինչ չի ստացվի: Նա միշտ էլ ուզում էր, որ իմանանք փողի արժեքը եւ կարողանանք սեփական գումարը վաստակել: Նա հենց այնպես մեզ դրամ չէր տալիս: Ամենքիս էլ փոքր բիզնես էր տվել՝ գեղեցկության սրահ կամ փոքրիկ խանութ: Մենք այդ ամենը կորցրինք Բաղդադում, բայց այսօր յուրաքանչյուրս էլ կարող է սեփական ուժերով ոտքի կանգնել», - ասում է Անին:

Նրա ամուսնու առաջին կինը զոհվել էր Իրաքում, իսկ հանդիպել էին նրանք արդեն Հայաստանում: Նախկին ամուսնությունից մնացած երկու երեխաները սկսեցին ապրել նրանց հետ: Այնուհետեւ ծնվեցին նրանց համատեղ երկու զավակները:

«Ես լավ հիշողություններ ունեմ Իրաքի մասին: Մենք չենք զգացել ազգությունների միջեւ տարբերությունը: Բայց իշխանության տապալումից հետո սկսվեց քաոսը, եւ այնտեղ մնալն այլեւս վտանգավոր դարձավ: Երբ սկսեցին առեւանգել երեխաներին, վախեցանք եւ հեռացանք այնտեղից», - հիշում է Անին:

Մի քանի տարի շարունակ Երեւանում վարձով բնակարաններում ապրելուց հետո, ընտանիքը հաստատվեց Դարբնիկի նորակառույց հանրակացարանում: Անին ակտիվորեն սկսեց զբաղվել գյուղի կենցաղը բարելավելու գործով:

«Երբ այստեղ եկանք, շատ բաներ դեռ չկային: Չկար ֆուտբոլի մարզադաշտը, մանկապարտեզը եւ հարմար հանրային տրանսպորտը: Պետությունից պահանջեցինք լուծել խնդիրը, եւ փոշոտ ավտոբուսները փոխարինվեցին կես ժամը մեկ մեկնող երթուղայիններով», - պատմում է Անին:
Փախստականի օր՝ Դարբնիկ գյուղի դպրոցում
Created By
JAMnews Caucasus
Appreciate

Report Abuse

If you feel that this video content violates the Adobe Terms of Use, you may report this content by filling out this quick form.

To report a Copyright Violation, please follow Section 17 in the Terms of Use.